ԵՄ-ի Բրյուսելում բացվող գագաթնաժողովում կքննարկվեն միգրացիոն ճգնաժամը և ԱՄՆ-ի հետ հարաբերությունները
Միգրացիոն ճգնաժամը, որը երեք տարի առաջ ընդգրկեց Եվրամիությունը եւ դարձավ հանրակցությունը լքելու Մեծ Բրիտանիայի որոշման գլխավոր պատճառներից մեկը, վերստին ԵՄ-ի ղեկավարների ուշադրության կենտրոնում է:
Եվրամիության 28 երկրների պետությունների եւ կառավարությունների ղեկավարները հունիսի 28-ին Բրյուսելում բացվող երկօրյա գագաթնաժողովում հերթական անգամ կփորձեն ելք գտնել ստեղծված իրավիճակից։ Բացի դրանից, հանրակցության մեջ մտնող պետությունների ղեկավարները մտադիր են քննարկել ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի փոխհարաբերությունները, որոնք, Եվրամիության նախագահ Դոնալդ Տուսկի կարծիքով՝ գտնվում են վիթխարի ճնշման ներքո եւ կարող են զարգանալ վատթարագույն սցենարով:
Գագաթնաժողովի երկրորդ օրը պլանավորված է Brexit-ին նվիրված նիստ՝ ԵՄ-ի 27 երկրների ձեւաչավով, այսինքն՝ առանց Մեծ Բրիտանիայի: Եվրամիության պետությունների եւ կառավարությունների ղեկավարների հանդիպման ոչ պաշտոնական օրակարգում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարաձգման հարցը: ԵՄ-ի անդամ երկրների ղեկավարները, ինչպես լրագրողներին հայտնել է ԵՄ-ի խորհրդի ներկայացուցիչը, պլանավորում են քաղաքական որոշում ընդունել կես տարով Մոսկվայի նկատմամբ տնտեսական սահմանափակիչ միջոցների երկարաձգման մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: