Օգտակար կլինի Մարտի 1-ի գործով փաստահավաք խմբի գործունեության վերականգնումը
Մեր զրուցակիցն է ԱՄՆ-ում գործող «Մարդու իրավունքների պաշտպանություն» («Human rights defense») իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Կարո Կարապետյանը:
– Պարոն Կարապետյան, «թավշյա հեղափոխությունից» հետո Հայաստանում տեղի ունեցող գործընթացներն ինչպե՞ս եք գնահատում։
– Միանշանակ դրական, որովհետև դրանք հեղափոխության տրամաբանության շարունակությունն են, ինչը որ հաստատում է հեղափոխության անհրաժեշտությունը: Տեղի ունեցող գործընթացների դինամիկան ապշեցնում է: Գործընթացները հիմնականում իրականացվում են առաջնահերթ բարեփոխումների իրականացումն ապահովելու համար:
– ԱԱԾ–ն և իրավապահները լայնամասշտաբ գործողություններ են սկսել, տարբեր բացահայտումների մասին տեսանյութեր են հրապարակվում, որոնցից, թերևս, ամենաշոկայինը Մանվել Գրիգորյանի առանձնատան խուզարկությունն էր։ Ձեր կարծիքով՝ այս ամենի արդյունավետությունն ինչպիսի՞ն է։
– Վերաբերմունքս այս դեպքում էլ միանշանակ դրական է: Կարևոր է, որ բացահայտումները հասցվեն իրենց տրամաբանական ավարտին: Տրամաբանական ասելով՝ նկատի չունեմ միայն, որ դրանց վերաբերյալ կայացվեն արդարադատ վճիռներ, պակաս կարևոր չէ, որ դրան զուգահեռ՝ վերացվեն այն ծնող պատճառները: Մանվել Գրիգորյանը վերից վար կոռումպացված համակարգի օղակներից մեկն էր ընդամենը: Բայց, ինչպես ժամանակն է ցույց տալիս, միակը չէ, բացահայտումներն ու ձերբակալությունները շարունակվում են: Կարծես թե օղակը գնալով սեղմվում է կոռուպցիոն համակարգի վերին էշելոնների շուրջ:
– Նախկին իշխանությունների համակիրներից ոմանք էլ հիշեցնում են օրերս ազատ արձակված Սամվել Բաբայանի տան խուզարկության կադրերը, որ ժամանակին ցուցադրում էին հայտնաբերված «բռերով սև ադամանդներն ու մեքենաները»։ Այս առումով խնդիր տեսնո՞ւմ եք, որ նման բացահայտումները դեռևս երաշխիք չեն իրական պատասխանատվության։
– Որքան հիշում եմ՝ Սամվել Բաբայանը դատապարտվել է և կրել սահմանված պատիժը: Խնդիր չեմ տեսնում, ավելի ճիշտ, դրա համար հիմքեր չունեմ, որովհետև Բաբայանի գործը եղել է ռեժիմի օրոք և գործի հիմքում ավելի շատ պատժելու խնդիր կար, քան արդարադատություն իրականացնելու: Ընդհանուր առմամբ, ցանկացած բացահայտման շարունակությունը դա նախաքննությունն է, որի արդյունքում քրեական գործերը փոխանցվում են դատաքննության: Շատ կարևոր է, որ նախաքննություն իրականացնողները ցանկացած գործով ապահովեն գործերի քննության լրիվությունն ու ամբողջականությունը, ամեն ինչ կատարեն միմիայն օրենքի պահանջներին համապատասխան:
Մտավախություններս հիմնականում կապված են այդ գործառույթներն իրականացնող մարմինների հետ: Բացահայտում արած չեմ լինի, եթե ասեմ, որ վերոնշված մարմիններում աշխատողների մեծ մասն այսպես կամ այնպես մասն են եղել կոռուպցիոն համակարգի: Բարեփոխումների տրամաբանությունը հուշում է, որ Դատախազության աշխատակիցներն ու դատավորները վարից վեր պետք է փոխվեն այնպիսի իրավաբաններով, որոնք չեն եղել կոռուպցիոն համակարգը ստեղծող և ապահովող համակարգի մաս: Կարծում եմ՝ ապագայում այդպես էլ լինելու է: Միանգամից ասեմ, որ կադրային ջարդի կողմնակից չեմ, բայց դա չի նշանակում, որ հանուն այդ գաղափարի՝ բարեփոխումների այդ բաղադրիչը պետք է բացառել:
– Մարտի 1-ի գործը, կարծես, նոր ընթացք է ստացել, օրերս ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հայտարարեց, որ այդ գործով սպասումները շատ են։ Նախքան հեղափոխությունը Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր Ռոբերտ Քոչարյանի հարցաքննության անհրաժեշտության մասին։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ է անհրաժեշտ Մարտի 1-ի բացահայտման և կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելու համար։
– Հանրապետության առաջին դեմքի հայտարարությունը Մարտի 1-ի բացահայտման վերաբերյալ շատ կարևոր է և հուսադրող: Կարծում եմ, որ օգտակար կլինի փաստահավաք խմբի գործունեության վերականգնումը, ինչպես նաև հետագայում նոր խորհրդարանի կողմից համապատասխան հանձնաժողովի կազմավորումը:
Միանշանակ, գործի քննության պատասխանատվությունը կրող Հատուկ քննչական ծառայությունը պետք է հարցաքննի գործի հետ առնչություն ունեցող բոլոր այն պաշտոնյաներին, ովքեր շարունակում են կասկածվել՝ անկախ նրանց դիրքից և զբաղեցրած պաշտոնից: Աներկբա է, որ գործը պետք է ավարտվի նրանով, որ պատասխանատվության ենթարկվեն առաջին հերթին՝ կազմակերպիչները:
– ՀՀ նոր իշխանությունները հայրենադարձության կոչեր են անում։ Ի՞նչ տրամադրություններ են ԱՄՆ հայ համայնքում։
– Սկսեմ նրանից, որ տրամադրություններն ԱՄՆ-ում հրաշալի են, մեծ ոգևորություն կա մեր համայնքում: Թե՛ հեղափոխության օրերին, և թե՛ դրանից հետո բոլորն ապրում են Հայաստանով, ուրախանում հաջողություններով, և հույս ունեն, որ այս անգամ կայացնելու ենք իրական պետականություն: Ամերիկահայերը սովոր են ապրել օրենքով: Դրանով է պայմանավորված, որ այստեղի հայերն ուզում են, որ մեր երկրում հաստատվի Օրենքի գերակայություն, որ անկախ զբաղեցրած դիրքից, պաշտոնից, հարստությունից՝ որևէ մեկը վեր չլինի Օրենքից:
Ամերիկահայերը հազար թելերով կապված են Հայաստանի հետ և բավականին տեղեկացված են մեր երկրում տեղի ունեցող իրադարձություններից: Ամերիկահայերի մեծ մասը մանր և միջին բիզնեսի ներկայացուցիչներ են, նրանք սովոր են ազատության և օրինականության: Շատերը, բնականաբար, միշտ էլ ասում են, որ լավ կլիներ, որ իրենք իրենց ուժն ու եռանդն օգտագործեին իրենց երկրում, որ, եթե օրերից մի օր Հայաստանում լինեն անհրաժեշտ պայմանները, իրենք անպայման ետ կվերադառնան իրենց հայրենիք:
Նոր իշխանությունների կոչը հայրենադարձության վերաբերյալ միանշանակ դրական է, և այն նպաստելու է դրան: Բայց և շատ կարևոր է, որ իշխանությունները շարունակեն իրենց հետևողականությունը մեր երկրում ազատ տնտեսվարման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու գործում: Բնական է, որ ամեն ինչ հեշտ չի լինելու: Ես կարծում եմ, որ այս հարցում Հայաստանից դուրս, բայց Հայաստանում ապրելու և արարելու ցանկություն ունեցողները նույնպես պետք է ունենան իրենց մասնակցությունը։ Թե ինչպե՞ս, այ, դրա մասին պետք է մտածել: