ԵԱԶԲ-ն նոր ռազմավարություն է ընդունել է
Եվրասիական զարգացման բանկի խորհուրդը իր հերթական նիստում հաստատել է բանկի 2018-2022 թթ. միջնաժամկետ ռազմավարությունը:
ԵԱԶԲ մամուլի կենտրոնի տարածած հաղորդագրության համաձայն՝ նիստը կայացել է Ղազախստանի վարչապետ Բակիջան Սագինտաևի ղեկավարությամբ: Բանկի խորհուրդը ԵԱԶԲ-ի կառավարման բարձրագույն մարմինն, որը ձևավորվում է անդամ երկրների ներկայացուցիչներից: Աստանայում խորհրդի աշխատանքներում մասնակցություն է ունեցել նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Հաստատված ռազմավարության համաձայն՝ բանկը կշարունակի իր գործունեությունը կենտրոնացնել ինտեգրացիոն մեծ արդյունքով և ազգային նախագծերի զարգացմանն ուղղված նախագծերի ֆինանսավորման վրա: Ծրագրվում է, որ 2022-ի վերջում կավելանա ընթացիկ ներդրումային պորտֆելի ծավալը՝ 2.3-ից դառնալով 3.6 միլիարդ դոլար։ Իսկ բանկի նոր նախագծերի ընդհանուր ծավալը կկազմի 4.6 միլիարդ դոլար: Նախագծերում բանկի մասնակցության օպտիմալ չափը ծրագրվում է սահմանել 20-200 միլիոն դոլար, ինչը, սակայն, չի բացառում ավելի քիչ արժողության նախագծերի ֆինանսավորումը, առաջին հերթին՝ համեմատաբար փոքր տնտեսություն ունեցող մասնակից պետություններում:
Բանկը կշարունակի վարել ակտիվ ներդրումային քաղաքականություն ենթակառուցվածքների զարգացման, էլեկտրաէներգետիկայի, մեքենաշինության, մետալուրգիայի, քիմիական, նավթաքիմիական, հանքարդյունաբերության և նավթագազային ոլորտներում: Որպես նոր նպատակային ոլորտներ՝ բանկը կաջակցի նաև ագրովերամշակման և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներին, որոնց զարգացումը ռազմավարական նշանակություն ունի անդամ երկրներում։