«Ծառուկյան» դաշինքը 100 տոկոս համամասնականի կողմնակից է

«Մենք 100% համամասնականի կողմնակից ենք և բացառում ենք վարկանիշային քվեարկությունը»,- այսօր ասուլիսում հայտարարեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ խոսելով Ընտրական օրենսգրքի փոփոխությունների և ընտրողի վրա ապօրինի ազդեցության մեխանիզմների բացառման մասին։

Ըստ նրա՝ իրենք առաջարկում են քվոտավորել ցուցակները, այսինքն՝ առաջին 6-յակում լինի մարզից 1 թեկնածու, և, եթե նա մանդատից հրաժարվում է, ապա այն փոխանցվում է նույն մարզի այլ թեկնածուի։ Նա կարևորեց կրկնաքվեարկությունների բացառումը, որի լավագույն լուծումը մատների անգույն թանաքոտումն է։

Ս.Բագրատյանը նշեց, որ զորամասերում իշխանություններն ունեն բացառիկ հնարավորություններ, որ իրենց ցանկալի ուժի օգտին պարտադրեն քվեարկել զինվորներին. «Երկրորդ կարևոր գործոնը՝ սպաները պետք է բացակայեն տեղամասերից, որպեսզի չկարողանան իրենց ներկայությամբ ճնշել զինվորի կամքը»։

Թիվ 1 խնդիրը, պատգամավորի կարծիքով, լինելու է բանակցային մշակույթի զարգացումը, և բանավեճերից խուսափելը պետք է արժանանա հանրության հստակ դիրքորոշմանը։

Կարդացեք նաև

Ս.Բագրատյանը կարևորեց համատիրությունների տարածքների՝ շտաբների համար տրամադրումը բացառելը, պետք է ծրարի վրա որևէ նշան չլինի, առողջական պատճառաբանությամբ ուղեկցողների պրակտիկան թույլատրել միայն բժշկական թղթի առկայության դեպքում, ընտրական հիմնադրամների ծախսերի ավելացում լինի, դիտորդների սահմանափակումը վերացվի, քր.օրենսդրությամբ խստացնել պատիժները. «Այլևս ոչ ոք չպետք է փորձի նոր Հայաստանում դիմել կեղծիքի»։

Տեսանյութեր

Լրահոս