«ՀՀԿ-ի գործոնն ընտրություններում կարող է որոշակի օգուտ տալ նույն Նիկոլ Փաշինյանին». Վիգեն Հակոբյան

«Արդեն սկսում են քաղաքական խորհրդակցություններն Ընտրական օրենսգրքի շուրջ և՛ խորհրդարանական, և՛ արտախորհրդարանական ուժերի մասնակցությամբ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

Նրա խոսքով՝ սկսվում է մի գործընթաց, որի տևողությունը պայմանավորված է մասնակից ուժերի ցանկությամբ։ Ըստ նրա՝ շատ բան կախված է նրանից, թե օրվա իշխանություններն ինչ խնդիրներ են հիմա լուծում։

«Շատ բան կախված է նրանից, թե յուրաքանչյուր կուսակցության հետ ինչ ծրագրեր են նախատեսված։ Պարզ է, որ, եթե ընտրությունները հիմա կամ երկու ամիս հետո անցկացվեն, դա միանշանակ ձեռնտու է այսօրվա իշխանություններին, բայց վարչապետն ասում էր՝ ժամանակ է պետք հատկացնել բոլորին պատրաստվելու համար, ինչը շատ կարևոր մեսիջ է։ Ի՞նչ է նախատեսվում, օրինակ, ՀՀԿ-ի համար։ Պարզ է, որ ՀՀԿ-ն ձեռնտու է, որ ինչքան հնարավոր է՝ ուշ տեղի ունենան ընտրությունները, որ այս իրավիճակը կայունանա, այս բացասական ֆոնը նստի, բայց շատ բան կախված է նրանից՝ ՀՀԿ-ի հետ ինչ-որ պլաններ կա՞ն իշխանությունների մոտ։

Նկատի ունեմ այն, որ, եթե համարում ենք՝ ԲՀԿ-ն է համարվելու ամենագլխավոր մրցակիցներից մեկը Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուժի, ապա այս պարագայում, կարծում եմ՝ որոշակի պլաններ ՀՀԿ-ի հետ կարող են կապված լինել, հաշվի առնելով, որ ԲՀԿ-ն բավականին մեծ ամբիցիաներ ունի ու բավականին մրցունակ է։ Այս տեսակետից՝ ՀՀԿ-ի գործոնը կարող է որոշակի օգուտ տալ նույն Նիկոլ Փաշինյանին»,- նշեց քաղտեխնոլոգը։

Կարդացեք նաև

Վ. Հակոբյանի կարծիքով՝ ընտրությունների անցկացման ամենից օպտիմալ ժամկետը հոկտեմբերի վերջ-նոյեմբերի սկիզբ ժամկետն է։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս