«Ժամանակն է պետական գործիչներ դառնալ… Կամ հեռանալ, քանզի ազգին ծառայելը ամենօրյա պայքար է նախ և առաջ ինքդ քեզ հետ». Արեգ Գալստյան

The Armenian Interest գիտավերլուծական կենտրոնի հիմնադիր-ղեկավար, ամերիկագետ Արեգ Գալստյանն անդրադառնալով Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառմանը և լուսանկարների հրապարակմանը, որում վերջինս, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանն ու Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը կիրակնօրյա հանգիստն անցկացնում են բլոտ խաղալով, իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ինչ վերաբերում է բլոտ խաղացող նախարարների լուսանկարին…

Ես բացարձակապես դեմ չեմ, որ պաշտոնյաներն ու նախարարները հանգստանան, ճանապարհորդեն ու բավակաչափ գումար վաստակեն։ Պետք չէ ընկնել ծայրահեղությունների մեջ ու քաղաքական գործիչներից պահանջել, որ նրանք միշտ լինեն իրենք աշխատասենյակներում ու բացառապես ժուժկալ կենսակերպ վարեն։ Ընդհակառակը, նրանք պետք է ապահովված լինեն, որպեսզի հետևեն բացառապես մեկ առաքելության կատարմանը՝ ազգին ու պետությանը ծառայելուն, ու չմտածեն այն մասին, թե ինչպես ապրեն ոչ բարձր բյուջետային աշխատավարձով (կողմնակի եկամուտ՝ կաշառք)։

Կարդացեք նաև

Ժողովուրդը սա պետք է ընդունի ու հասկանա՝ հաշվի նստելով այն բանի հետ, որ նրանք նույնպես մարդիկ են՝ իրենց կենցաղային խնդիրներով, ցանկություններով ու ձգտումներով։

Սակայն պետական գործիչը պետք է ծայրահեղ ուշադիր լինի ու հետևի՝ ինչպես իր գործունեության ձևին, այնպես էլ՝ բովանդակությանը։ Ժամանակն է դուրս գալ ընդունված սահմանված ձևից ու հասկանալ, որ առաջնորդը ոչ միայն կառավարիչ է, այլև սերունդների համար կողմնորոշիչ։ Չի կարելի քեզ թույլ տալ այսքան պարզունակ առօրյա վարքագծային մոդել՝ անձնական հանգստի նկարներ ցուցադրելով, քանի որ դու պետության դեմքն ես, որին են հառած միլիոնավոր արտաքին ու ներքին աչքեր։

Ձեզ համար բացեք առանձին ծառայողական էջեր, ուր ներբեռնված լուսանկարներում դուք պետք է լինեք պետական խորհրդանիշների կողքին, իսկ հրապարակումները բացառապես պետք է ձեզ վստահված ոլորտի կամ ուղղության վերաբերյալ մասնագիտական բնույթ ունենան։

Ես այս տղաներից շատերին անձամբ գիտեմ ու կարող եմ հաստատել, որ նրանք տարբեր են՝ իրենց թերություններով ու առավելություններով։ Հասկանալի է, որ նրանցից շատերի համար հիմա մի փոքր դժվար է, և երիտասարդ ըմբոստներից շատերի համար քաղաքական միջավայրը ծայրահեղ ձանձրալի, միօրինակ ու անհետաքրքիր է։ Այո, մինչև իշխանության գալը նրանք կարող էին խոսել ցանկացած թեմայից, հագնվեին այնպես, ինչպես ուզում էին, ունենային ու հրապարակեին ցանկացած լուսանկար, անեկդոտներ պատմեին Ֆեյսբուքում, իրենք իրենց ֆոտոշոփով նացիստական զորքերի համազգեստ հագցրած լուսանկար տեղադրեին և այլն։

Այժմ ձեր կարգավիճակները փոխվել են։ Ժամանակն է պետական գործիչներ դառնալ…Կամ հեռանալ, քանզի ազգին ծառայելը ամենօրյա պայքար է նախ և առաջ ինքդ քեզ հետ»,- գրել է Արեգ Գալստյանը։

Պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս