«Մենք վերջապես շանս ենք ստացել ստեղծելու մեր ինքնիշխան հակահետախուզությունն ու հետախուզությունը»
Հարցազրույց Հայաստանի Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն (UITE) Կարեն Վարդանյանի հետ
– Պարոն Վարդանյան, Ազգային անվտանգության ծառայությունը և իրավապահները վերջին օրերին լայնամասշտաբ գործողություններ են իրականացնում և խոշոր բացահայտումների մասին են խոսում։ Ձեր կարծիքով՝ նման գործողությունները կոռուպցիայի դեմ պայքարի իրական արդյունքներ կապահովե՞ն։
– Ես դրական եմ վերաբերվում այս զարգացումներին։ Կարծում եմ՝ հասկանալի է, որ այսօր կառավարությունն այդքան էլ վստահելի ուժային կառույցներ չունի, և ԱԱԾ-ն այդ բեռը կատարում է իր հատուկ խմբերով, բայց նաև հասկանալի է, որ Հայաստանն այսօր գտնվում է աներևակայելի օտարերկրյա ուժերի ներխուժման պայմաններում, որոնք ազդում են տարբեր պետական կառույցների, ֆինանսական մարմինների, հասարակական կազմակերպությունների վրա, այսինքն՝ արտաքին ազդեցությունը շատ մեծ է, և դա կարող է բացասական հետևանքներ ունենալ։
Ես հորդորել եմ, որ մենք վերջապես շանս ենք ստացել ստեղծելու մեր ինքնիշխան հակահետախուզությունն ու հետախուզությունը։ Այսինքն՝ անկախ նրանից, թե հիմա հրապարակային ինչով է զբաղվում ԱԱԾ-ն, այն պետք է ինտենսիվ ստեղծի հետախուզություն և հակահետախուզություն։
Դա հեշտ չէ, բայց մենք ժամանակին նման փորձ ունեցել ենք, երբ Բասենցի Ազոյանը եկավ և դարձավ ԱԱ հետախուզության պետ (1992-1995 թթ..- Գ.Խ,) և մենք արդեն 1-1.5 տարի հետո կարողանում էինք լուրջ պրոցեսներ անել Ադրբեջանում, ընդհուպ՝ մինչև գլխավոր շտաբի պետին փոխել, կամ Ուկրաինայից Ադրբեջան գնացող զենքը ոչնչացնել, և այլն։ Այսինքն՝ այսօր օրհասական խնդիր է, որ ԱԱԾ-ն իր հիմնական գործառույթով ևս սկսի զբաղվել՝ հասկանալով, որ այսօրվա իշխանություններին պետք է նաև, որ իր ոչ հիմնական գործառույթը նույնպես անի։
Մենք ունենք 6-րդ վարչություն, տարբեր քննչական մարմիններ, հատուկ օպերատիվ խումբ հարկայինում, և այլն, այսինքն՝ այս կառույցները պետք է հետզհետե ներգրավվեն, և կոռուպցիայի դեմ պայքարը հիմնականում նրանց գործառույթը դիտարկվի։
Կոռուպցիան այնքան լայնածավալ է և այնքան տարածված բոլոր տեղերում, որ դժվար է արմատախիլ անելը։ Իհարկե, այս ամենն օգնում է, մթնոլորտը փոխում է, ժողովրդին ոգևորում է, նաև որպեսզի ինֆորմացիա տան կոռուպցիոն դրսևորումների մասին, և սա շատ կարևոր է։
Բայց ինչ վերաբերում է ձևին, ապա տարբեր կարծիքներ կարող են լինել, օրինակ՝ խոշոր ձկներին միանգամից մեկ օրվա մեջ բռնել և ապահովել հանրապետությունից թալանված բոլոր միջոցների վերադարձը, կամ, օրինակ՝ լեռնահանքարդյունաբերության գործարաններ կան, որոնք, ըստ էության, հարկ չեն վճարում, հանրապետությունից դուրս են գալիս հսկայական գումարներ, մոտավոր հաշվարկով՝ օրական 1.5-2 մլն դոլար, իսկ մենք խնդիր ունենք պարտքերը վճարելու։
Այսինքն՝ ուղղություններ կան, որտեղ դեռ շարժ չկա, և կարող էին շատ ավելի լուրջ թվեր ի հայտ բերեին, ու դրանք մուտք լինեին բյուջե։ Հասկանալի է, որ նորօրյա կառավարությունը շատ ծանր աշխատանք է կատարում, նրա վրա են ընկել անցած 30 տարվա չարված գործերը, և լրացուցիչ մարդկային ռեսուրս ներգրավելու հնարավորություն էլ չկա։ Բայց սրանք ուղղություններ են, որոնցով զբաղվելը մեր երկրին օգուտ կբերի։
– Ի՞նչ օտար ուժերի մասին է խոսքը, և ի՞նչ ազդեցություն եք նկատում։
– Մարդը պետք է կույր լինի, որ չնկատի, որ սկսած Ղարաբաղյան շարժումից՝ Հայաստանում ներգրավված են եղել տարբեր երկրների հատուկ ծառայություններ, քաղաքական հոսանքներ, որի արդյունքում մենք ունենք այն, ինչ ունենք։ Ոչնչացվեց Հայաստանը՝ որպես տեխնոլոգիական պետություն։
Դա ի՞նչ է, պատահակա՞ն էր։ Ոչնչացվեցին մեր երկրի ապագա ղեկավարները՝ Մովսես Գորգիսյան, Լեոնիդ Ազգալդյան։ Դա պատահակա՞ն էր։ Ի՞նչ կապ ունեին ՀՀՇ պարագլուխները պատերազմի ժամանակ օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ, ինչո՞ւ էին մեր հարձակումներն ավարտվում միջամտությամբ, և մենք վերջնական հաղթանակ չէինք ամրագրում։ Կամ՝ ինչո՞ւ չի թույլատրվում Հայաստան ներմուծել որոշ բարձր տեխնոլոգիական մասեր, որոնք թույլ կտային սեփական զենք-զինատեսակներ արտադրել, և այլն։
Այս ամենի դեմ պետք է պայքար լինի՝ հակահետախուզություն և հետախուզություն։ Խնդիրն այն է եղել, որ քաղաքական մոտիվներով երկրի ղեկավարությունն արգելել է պայքարել որոշ երկրների հատուկ ծառայությունների դեմ։ Չէիր կարող գնալ իսրայելական, ամերիկյան, ռուսական կամ թուրքական հետախույզ բռնել Հայաստանում։
Մենք նման դեպք չգիտենք։ Որևէ դիվերսիոն աշխատանք չի կատարվել Ադրբեջան զենքի մատակարարման դեմ, մինչդեռ այդ զենքի մի մասը եկել է Բաթումի նավահանգստով, և կարելի էր միջոցներ ձեռնարկել։ Պատերազմի ժամանակ նման փորձ եղել է, որ Ուկրաինայից Ադրբեջան ուղարկվող զենքը և տեխնիկան ականապատվել է և Ադրբեջանում կամուրջների վրա պայթեցվել, որպեսզի չվերականգնվի։
Մեր հետախուզությունը 92-93թթ. ավելի շատ զինտեխնիկա էր պայթեցրել Ուկարինայից եկող, քան մենք՝ ռազմի դաշտում։ Պատկերացրեք, թե ինչքան զոհերից ենք խուսափել ԱԱԾ-ի գործունեության շնորհիվ։ Իսկ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը մեզ դարձրել էր կուռկուռի ձագ, նկատի ունեմ՝ Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Լևոն Տեր-Պետրոսյանին։ Հիմա երկիրը պետք է վերականգնել։
Եթե մենք պատերազմում ենք և չենք պայքարում այն պետությունների դեմ, որոնք զենք են մատակարարում մեր թշնամուն, դա նշանակում է, որ մենք չենք պատերազմում և որոշել ենք մեր երեխաներին զոհելով «յոլա գնալ»։ Ես դա անընդունելի եմ համարում բացարձակապես։
Եվ սա է իրական գնահատականը ԱԱԾ-ին, թե Ռուսաստանից, Իսրայելից, Չինաստանից Ադրբեջան գնացող ինչքան զինտեխնիկա է պայթեցվել ճանապարհին, քանի թուրքական, իսրայելական, ռուսական, ամերիկյան ագենտներ են բռնվել, այդ գործունեությունը ֆինանսավորող քանի կազմակերպություններ են բացահայտվել։ Մենք հուսով ենք, որ ներկայիս գործողությունները կոռուպցիայի դեմ պայքարելու կոչված մարմիններին փոխանցելուց հետո ԱԱԾ-ն սկսելու է հզորանալ ու լուրջ օգնություն ապահովել Ադրբեջանի կամ այլ երկրների հետ պատերազմում։
– Պարոն Վարդանյան, նախկինում ասել էիք, որ Հայաստանը կարող է անհրաժեշտ զենք-զինամթերքի 80%-ն ինքն արտադրել, և հույս էիք հայտնել նոր կառավարության հետ համագործակցության։ Այս հարցով կա՞ որևէ զարգացում։
– Առաջարկություններն արվել են, առաջնային խնդիրն է ռազմաարդյունաբերությունը բանակից անջատելը։ Ռազմաարդյունաբերության դերը պետք է լինի ոչ պակաս, քան բանակի դերը։ Եվ եթե գլխավոր հրամանատարն ասում է, որ բանակը մեր հիմնական ուժն է, նույն կերպ ռազմաարդյունաբերությունը՝ ոչ պակաս, գուցե ավելի, պետք է լինի մեր հիմնական գործիքը։
Ռազմաարդյունաբերությունը, բացի այն, որ պետք է մատակարարի մեր բանակին, նաև պետք է իր արտադրանքը վաճառի և բյուջե մուտքեր ապահովի, և ռազմաարդյունաբերության լուծումները, որ միշտ ավելի առաջանցիկ են, պետք է ապահովեն մեր տնտեսության ավելի առաջանցիկ լուծումներ, որոնք վաճառվում են քաղաքացիական դաշտում։
Այս հարցերը, իհարկե, 1 օրվա լուծելիք խնդիրներ չեն, բայց կարևոր է, որ դրանց շուրջ կառավարության հետ երկխոսություն կա։