Բաժիններ՝

«Հարութ Բրոնոզյանի փորձագետները դրենաժի կառավարման իրենց տարբերակն են առաջարկում, որը, մեր մասնագետների գնահատմամբ, հնացած է». Արմեն Ստեփանյան

Քիմիական/էկոլոգիական ինժեներ Հարութ Բրոնոզյանի պատվերով ԱՄՆ-ից, Ավստրալիայից և Կանադայից 4 փորձագետներ, որոնք անցած տարվա սկզբից ուսումնասիրում են «Lydian international» ընկերության կայքում առկա մեկ տասնյակից ավելի փաստաթղթեր և ներկայացրել են եզրակացություններ Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի էկոլոգիական ռիսկերի վերաբերյալ, համարում են, որ Ամուլսարում հանքի թթվային դրենաժը լավ չի գնահատվել «Լիդիանի» կողմից, և կառավարման պլանները բավարար չեն։

Հ. Բրոնոզյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ ինքը ծանոթացել է «Լիդիանի» ներկայացրած սխեմատիկ դիագրամային, իր մոտ բազմաթիվ հարցեր են առաջացել. «Մեյլով 50 հարց ուղղեցի նրանց, իսկ իրենք սիրահոժար պատասխանեցին։ Այսինքն՝ մեր հարաբերությունները շատ նորմալ են։ Մի քանի ամիս հետո ես ծանոթացա տեղանքին, տեսա, որ տեղը բավականին վտանգավոր և զգայուն հատված է։ Այնուհետև տեսա, որ թթվային դրենաժի հարց կա, երբ իրենք եկան Լոս Անջելես, թթվային դրենաժի մասին չխոսեցին։ Ես նկատեցի, որ դա շարունակական խնդիր է»։

Հարցին՝ ի՞նչ լուծումներ եք տեսնում, Հ. Բրոնոզյանը պատասխանեց, որ իրենք պարզապես մասնագիտական բացատրություններ են տալիս, քանի որ, ըստ նրանց, ընկերության ներկայացրած գեոքիմիական բացատրությունը թերություններ ունի. «Մենք սխալները ցույց ենք տալիս, որպեսզի այդ սխալները բարեփոխվեն, պետք է հավելյալ ուսումնասիրություններ և փոփոխություններ անել»։

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե՝ չե՞ք կարծում, որ տեղում ուսումնասիրություններ կատարելու անհրաժեշտություն կա՝ փաստաթղթերն ուսումնասիրելու փոխարեն։ Ի պատասխան՝ Հ. Բրոնոզյանն ասաց. «Դա մեր գործը չէ, դա իրենց գործն է, կամ մեկը պետք է մեզ ասի, որ դա անենք։ Դա իրենց գործն է, իրենց ծրագիրն է, ու իրենք պետք է դա արած լինեն։ Մենք իրենց արածն են ուսումնասիրել»։ Հարցին էլ՝ ՀՀ այլ հանքերում թթվային դրենաժ կա՞, Հ. Բրոնոզյանը պատասխանեց, որ ցանկացած հանքում նման բան կլինի։

168.am-ը «Լիդիան Արմենիա» ընկերությունից  մեկնաբանություն խնդրեց կատարած ուսումնասիրության վերաբերյալ: «Լիդիանի» Կայուն զարգացման գծով փոխնախագահ Արմեն Ստեփանյանի պատասխանում ասվում է, որ Հ. Բրոնոզյանի փորձագետներն ուսումնասիրել են 2015-16 թվականի ԲՍԱԳ-ի (բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատական) մի մասը, այն էլ ՝ ոչ ամբողջությամբ, այլապես կտեսնեին իրենց առաջադրած մտահոգություններից մեծ մասի մանրամասն բացատրությունը:

«Բացի այդ, 2016 թվականից հետո  կատարվել են բազմաթիվ այլ հետազոտություններ, որոնք նույնպես հիմնավորապես  պատասխանում են իրենց առաջադրած խնդիրներին: Մեր միջազգային փորձագետները պատասխանել են իրենց այդ մտահոգություններին՝ գրավոր, և այդ պատասխանները դրված են մեր կայքում»,- ասում է Արմեն Ստեփանյանը:

Նա նկատեց, որ հիմնական խնդիրը, որին Հ. Բրոնոզյանի փորձագետներն անդրադառնում են, թթվային դրենաժի կառավարման հարցն է. «Թթվային դրենաժը խնդիր է ցանկացած հանքարդյունաբերական ծրագրում, և դա ունի կառավարման գործող մեխանիզմներ: Հայաստանում «Լիդիանն» է, որ դրան պատշաճ նշանակություն տալով՝ այդ խնդրի քննարկումը բերել է առաջին պլան: Մինչդեռ դա խնդիր է բոլոր հանքերի համար, և Հայաստանում, դժբախտաբար, այս խնդիրը նախկինում անտեսվել է: Ի դեպ, Բրոնոզյանի այդ նույն փորձագետները երբեք չեն ասում, թե դրենաժն անկառավարելի է, և այս հանքավայրի անվտանգ շահագործումն անհնարին է: Նրանք դրենաժի կառավարման իրենց տարբերակն են առաջարկում, որը, մեր մասնագետների գնահատմամբ, հնացած է: Ի դեպ, մեր մասնագետները՝ ի տարբերություն Բրոնոզյանի խմբի, Ամուլսարում տարիներ շարունակ ուսումնասիրություներ են արել և վստահ են, որ իրենց առաջարկած կառավարման մեթոդները լավագույնն են, և Ամուլսարն անվտանգ է շահագործվելու»:

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս