«Կառավարության այսօրվա որոշումը կայծակ էր պարզ եղանակին». Վահան Քերոբյանը՝ կառավարության որոշման մասին
Հայտնի գործարար, Menu.am-ի հիմնադիր Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ կառավարության այսօրվա որոշման պատճառով Menu.am-ը կդադարեցնի իր գործունեությունը.
«Այսօր կառավարությունն իր 23-րդ որոշմամբ որոշեց անփոփոխ թողնել հունվարի 1-ից ուժի մեջ մտած Հարկային օրենսգրքի այն տխմարագույն դրույթը, որ առաքված ուտելիքը պիտի լրացուցիչ 16,67%-ով հարկվի: Դա նշանակում է, որ ռեստորանների համար Menu.am-ի հետ աշխատանքը դառնալու է վնասաբեր, և ընդհանրապես, թափանցիկ դաշտում առաքումներ անելը մնալու է վնասաբեր: Դուք կհարցնեք, թե ինչո՞ւ են ռեստորաններն այժմ աշխատում մեզ հետ. հուլիսի 1-ից առաքման և տեղում վաճառվող սննդի հարկերի հավասարեցման մասին Հարկային օրենսգրքի փոփոխությունը, որն այսօր չեղարկվեց, թույլ էր տալիս մեզ համոզել ռեստորաններին «դիմանալ, քանի որ օրենքը փոխվում էր դեպի լավը»: Որպեսզի շատ հստակ լինի, որևէ հարկային բեռի փոփոխություն հենց Menu.am-ի մասով չի եղել և չէր էլ լինելու, մենք մեր հարկերը վճարել ենք ու կվճարենք. բոլոր փոփոխությունները վերաբերում են ռեստորանների հարկման ռեժիմին, և մեր պայքարը առաքվող և տեղում սպառվող ուտելիքների անհավասար հարկային ռեժիմները չեղարկելուն է վերաբերվել»:
«Մեր իրավաբանները կուսումնասիրեն հնարավոր բոլոր սցենարները, և եթե պարզվի, որ մենք ունենք միայն ստվեր տեղափոխվելու սցենարը, ապա մենք կդադարեցնենք մեր գործունեությունը Հայաստանում և գրասենյակը կտեղափոխենք մեր գործունեության այլ երկիր: Մենք չենք պատրաստվում ստորանալ (կամ ստվերանալ) այնքան, որ հարկեր թաքցնելով՝ բիզնես անենք մեր երկրում»,- ընդգծել է գործարարը։
168.am-ի հետ զրույցում գործարարն ասաց. «Քանի որ ես գիտեի, որ այդ դրույթի վերաբերյալ ընթանում են քննարկումներ ռեստորանների և կառավարության միջև, մենք ևս դիմեցինք կառավարությանը՝ փորձելով մեր տեսակետը ներկայացնել։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հաստատեց, որ Ֆինանսների նախարարությունը տրամադրված է որևէ բան չփոխել հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող Հարկային օրենսգրքի համապատասխան դրույթում։ Մեզ համար կառավարության այսօրվա որոշումը կայծակ էր պարզ եղանակին»։
Վահան Քերոբյանը նկատեց՝ Menu.am-ը թափանցիկ ընկերություն է, որտեղ աշխատում են մոտ 100 աշխատակից և 250 առաքիչ. «Մեզ հետ աշխատող մոտ 500 ռեստորանները մեզ հետ գործունեության արդյունքում լրացուցիչ 1000 աշխատատեղ են ստեղծել: Մենք ամսական վճարում ենք մոտ 15 մլն հարկ, իսկ մեր հետ աշխատող առաքիչները՝ ևս 5մլն: Մենք ունենք մոտ 200 հազար ակտիվ հաճախորդ Հայաստանում»։
Գործարարը հավելեց, որ առաջիկայում մամուլի ասուլիս են հրավիրելու այս առթիվ, որպեսզի ավելի մանրամասն բացատրեն իրենց տեսակետը: