«Menu.am-ը կդադարեցնի իր գործունեությունը կամ Առաքվող քյաբաբի կյանքում ոչինչ չփոխվեց». Վահան Քերոբյան
Menu.am-ի հիմնադիր Վահան Քերոբյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Menu.am-ը կդադարեցնի իր գործունեությունը կամ Առաքվող քյաբաբի կյանքում ոչինչ չփոխվեց
Menu.am-ը թափանցիկ ընկերություն է, որտեղ աշխատում են մոտ 100 աշխատակից և 250 առաքիչ: Մեր հետ աշխատող մոտ 500 ռեստորանները մեր հետ գործունեության արդյունքում լրացուցիչ 1000 աշխատատեղ են ստեղծել: Մենք վճարում ենք մոտ 15մլն հարկ ամսական, իսկ մեր հետ աշխատող առաքիչները՝ ևս 5մլն: Մենք ունենք մոտ 200հզ. ակտիվ հաճախորդ Հայաստանում:
Այսօր Կառավարությունն իր 23-րդ որոշմամբ որոշեց անփոփոխ թողնել հունվարի 1-ից ուժի մեջ մտած Հարկային Օրենսգրքի այն տխմարագույն դրույթը, որ առաքված ուտելիքը պիտի Լրացուցիչ 16,67%-ով հարկվի: Դա նշանակում է, որ ռեստորանների համար menu.am-ի հետ աշխատանքը դառնալու է վնասաբեր և ընդհանրապես, թափանցիկ դաշտում առաքումներ անելը մնալու է վնասաբեր: Դուք կհարցնեք, թե ինչո՞ւ են ռեստորաններն այժմ աշխատում մեր հետ. հուլիսի 1-ից առաքման և տեղում վաճառվող սննդի հարկերի հավասարեցման մասին Հարկային Օրենսգրքի փոփոխությունը, որն այսօր չեղարկվեց, թույլ էր տալիս մեզ համոզել ռեստորաններին «դիմանալ, քանի որ օրենքը փոխվում էր դեպի լավը»: Որպեսզի շատ հստակ լինի, որևէ հարկային բեռի փոփոխություն հենց Menu.am-ի մասով չի եղել և չէր էլ լինելու, մենք մեր հարկերը վճարել ենք ու կվճարենք. բոլոր փոփոխությունները վերաբերում են ռեստորանների հարկման ռեժիմին, և մեր պայքարը առաքվող և տեղում սպառվող ուտելիքների անհավասար հարկային ռեժիմները չեղարկելուն է վերաբերել:
Ես չեմ փորձում շանտաժի ենթարկել Կառավարությանը, բայց այս պահին մենք որևէ այլ ելք չենք տեսնում, քան պատրաստվել «կատաղի» դիմադրության՝ հանրային սննդի առաքման շուկան մահացու հարկային բեռից ազատելու համար: Մեր իրավաբանները կուսումնասիրեն հնարավոր բոլոր սցենարները, և եթե պարզվի, որ մենք ունենք միայն ստվեր տեղափոխվելու սցենարը, ապա մենք կդադարեցնենք մեր գործունեությունը Հայաստանում և գրասենյակը կտեղափոխենք մեր գործունեության այլ երկիր: Մենք չենք պատրաստվում ստորանալ (կամ ստվերանալ) այնքան, որ հարկեր թաքցնելով բիզնես անենք մեր երկրում:
Իմ բոլոր ընկերներին և menu.am-ի բոլոր հաճախորդներին խնդրում եմ այս գրառմամբ կիսվել (share անել), որպեսզի հնարավորինս լսելի դառնա մեր ձայնը:
Շնորհակալություն!
Հ.Գ. Մենք շուտով մամլո ասուլիս ենք հրավիրելու այս առթիվ, որպեսզի ավելի մանրամասն բացատրենք մեր տեսակետը և դեռևս Կարեն Կարապետյանի կառավարությանը նախորդող հակաժողովրդական կառավարության կողմից մտածված թունավոր օրենքների իրական իմաստը»:
Հիշեցնենք, որ «Մենյու Գրուփ» ընկերությունը հանդիսանում է Հայաստանում և Վրաստանում գործող menu.am և menu.ge ռեստորանային սննդի պատվիրման առաջատար համակարգերի սեփականատերը, իր ընդլայնման ռազմավարության շրջանակներում վերջին տարիներին ավարտին էր հասցրել մոտ ԱՄՆ 720,000 դոլարի չափով ներդրումների ներգրավման գործընթացը:
Menu.am-ն իր գործունեությունը սկսել է 2012թ.-ից և այժմ միավորում է ավելի քան 300 ռեստորան Երևանում, իսկ menu.ge-ն՝ ավելի քան 150 ռեստորան Թբիլիսիում՝ հանդիսանալով Հայաստանի և Վրաստանի սննդի պատվիրման ամենամեծ օնլայն հարթակները: