«Լուրջ փոփոխություներ կլինեն, և աշխարհում Հայաստանը պետք է գտնի իր տեղը». Ստեփան Գրիգորյան

Հայաստանի եւ Եվրամիության միջեւ կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին դրական լիցք կտան Հայաստանի նոր իշխանությունները:

«Արևելյան գործընկերության ապագան ալեկոծ ժամանակներում» թեմայով միջոցառմանն այս մասին ասաց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը:

«Քաղաքականությունն ընդհանուր առմամբ կտրուկ չի փոխվի, բայց բովանդակությունն այլ կլինի: Մենք պետք է շարունակենք աշխատել և՛ Ռուսաստանի, և՛ Եվրամիության, և՛ Միացյալ Նահանգների, և՛ Չինաստանի, և՛ Վրաստանի, և՛ Իրանի հետ, բայց բովանդակությունը կփոխվի: Փորձագետների, հասարակական գործիչների ֆունկցիան նոր իմպուլսներ տալն է այդ գործընթացին»,-ասաց նա:

Գրիգորյանը վստահեցրեց, որ Հայաստանն այս իշխանափոխությունից հետո կգնա ավելի արագ դեպի ժողովրդավարություն: «Լուրջ փոփոխություներ կլինեն, և աշխարհում Հայաստանը պետք է գտնի իր տեղը»,-նշեց նա:

Ստեփան Գրիգորյանի խոսքով՝Հայաստանում «թավշյա հեղափոխության» ընթացքում շատ կարևոր բան է փոխվել, ինչի հետևանքով սկսել են երկրում ազատ արձակվել քաղբանտարկյալները: «Մեզ մոտ քաղաքական օրենքները սկսեցին աշխատել»,- հավելեց նա։

«Արևելյան գործընկերության ապագան ալեկոծ ժամանակներում» թեմայով միջոցառումը նախաձեռնել է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը՝ Ֆրիդրիխ Նաումանի անվան հիմնադրամի աջակցությամբ:

Տեսանյութեր

Լրահոս