Բաժիններ՝

Եվրախորհրդարանում քննարկվել է Ադրբեջանում իրավապաշտպան Էմին Ասլանի անօրինական ձերբակալության հարցը

Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

Եվրամիության պատգամավորն իրավապաշտպանի ձերբակալությունն անվանել է դեռևս 2014թ. նոր թափ առած «ադրբեջանական քաղաքացիական հասարակության և իրավապաշտպանների դեմ պայքարի գագաթնակետը»:

Եվրախորհրդարանի ներկայացուցիչները, խոսելով իրավապաշտպանի ձերբակալությունից, Ֆեդերիկա Մոգերինիին հարցրել են, թե արդյո՞ք Ադրբեջանում օրենքի գերակայության, ժողովրդավարության և մարդու իրավունքների դեմ իշխանությունների կողմից իրականացվող քայլերի շարունակվելու պարագայում նա կդիտարկի Ադրբեջանի հետ նոր համաձայնագրի հետ կապված բանակցությունների հարցը, թե՞ ոչ:

Ադրբեջանական ոստիկանությունը հունիսի 4-ին անհայտ պատճառներով ձերբակալել էր դրանից 3 օր առաջ ԱՄՆ-ից վերադարձած ադրբեջանցի իրավապաշտպան Էմին Ասլանին: Էմին Ասլանը 2014-ից բնակվում էր Վրաստանում: ԱՄՆ-ի Սիրակուզի համալսարան ընդունվելուց հետո նա տեղափոխվել էր Ամերիկայի Միացյալ Նահանգներ ուսանելու:

Ադրբեջանում քաղաքացիական հասարակության և նրա կառույցների դեմ ճնշումները հատկապես նոր թափ են ստացել 2014 թ. սկսած: Ադրբեջանում փակվում են բոլոր հասարակական կազմակերպություններն ու կառույցները, որոնք դուր չեն գալիս ալիևյան ավտորիտար ռեժիմին, իսկ դրանց անդամները ենթարկվում են ճնշումների ու հալածանքների: Հասարակական գործիչներից շատերը, որոնք արտահայտում են ալիևյան ռեժիմին հակասող կարծիք, ձերբակալվում և կեղծ մեղադրանքներով դատապարտվում են ազատազրկման:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս