Կարակասը գլխավորել է օտարերկրացիների համար ամենաթանկ քաղաքների ցուցակը
Կարակասը (Վենեսուելայի մայրաքաղաքը) գլխավորել է օտարերկրացիների համար աշխարհի ամենաթանկ քաղաքների ցուցակը: Այդ մասին ասված է ապրուստի արժեքի վերաբերյալ (Cost of Living Index) հունիսի 12-ին տարածված գլոբալ հետազոտության՝ մեջ, որը պատրաստվել է ECA International կոնսալտինգային գործակալության կողմից:
Որպես դրա պատճառ նշվում է հիպերարժեզրկումը՝ լատինամերիկյան այս երկրի տնտեսության չափազանց սուր ճգնաժամի ֆոնին: «Վենեսուելայի տնտեսական դրությունը դարձել է չափազանց անկայուն, ինչը հանգեցրել է երեւակայությունը ցնցող 7000 տոկոս ցուցանիշի, որից 1800 տոկոսը՝ վերջին կես տարվա ընթացքում»,-այդ արդյունքը մեկնաբանել է ECA International-ի արտադրական բաժնի պետ Սթիվեն Քիլֆեդերը:
Այնուհետեւ ցուցակում միանգամից չորս դիրք զբաղեցնում են բացառապես շվեյցարական քաղաքները: Դա պայմանավորված է նրանով, որ շվեյցարական ֆրանկը շարունակում է թանկ մնալ, իսկ պարենամթերքի գները՝ շատ բարձր: Երրորդ հորիզոնականն զբաղեցնում է Ցյուրիխը, նրան հաջորդում են Ժնեւը (3), Բազելը (4), Բեռնը (5): Ընդամենը եվրոպական քաղաքներն զբաղեցնում են օտարերկրացիների ապրելու համար ամենաթանկ վայրերի առաջին հարյուրյակի մեկ երրորդ մասը, իսկ 18 նոր քաղաքներ առաջին անգամ են հայտնվել Թոփ-100-ում: Դրա պատճառն առաջին հերթին համարվում է եվրոպական միասնական արժույթը, որն ուժեղացրել է իր դիրքերը:
Վարկանիշի մնացած առաջին տասնյակը հետեւյալ տեսքն ունի. Լուանդա (Անգոլա, 6), Տոկիո (Ճապոնիա, 7), Սեուլ (Հարավային Կորեա, 8), Օսլո (Նորվեգիա, 9), Շանհայ (ՉԺՀ, 10): Լոնդոնը, որը 2017 թվականին Brexit-ի շուրջ հանրաքվեից եւ դրանով պայմանավորված ֆունտի անկումից հետո տասնամյակի ընթացքում առաջին անգամ լքել է վարկանիշի առաջին հարյուրյակը, հայտնվելով 139-րդ հորիզոնականում, այս անգամ բարձրացել է մինչեւ 109-րդ դիրք: Մեծ Բրիտանիայի ամենաէժան խոշոր քաղաք է նշվել հյուսիսիռլանդական Բելֆասթը՝ 164: Վարկանիշը կազմելիս ECA International-ը գնահատում է ապրանքների սպառողական զամբյուղը եւ այն ծառայությունները, որոնք հասանելի են շարքային օտարերկրացուն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: