Հայաստանը ներքին աուդիտի անընդհատ կատարելագործման խնդիր ունի. Ատոմ Ջանջուղազյան
Հայաստանը ներքին աուդիտի անընդհատ կատարելագործման խնդիր ունի: Համաշխարհային բանկի աջակցությամբ տեղի ունեցած «Ներքին աուդիտի ոլորտում գործող մասնագետների միության» հերթական 47-րդ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
«Մեր խնդիրն է ունենալ լավագույն ներքին աուդիտ և ներքին հսկողության համակարգ: Դրան հասնելու համար պետք է քայլեր ձեռնարկել: Պետական ֆինանսների կառավարման հայեցակարգն իր մեջ պարունակում է դրույթներ, որոնցով նախատեսվում է գործողություն իրականցնել , որոնք ի վերջո մեզ բերելու են կատարյալին մոտ համակարգի»,- ասաց Ջանջուղազյանը:
Հարցին` թե արդյոք Հայաստանում պետական ծախսերը արդյունավե՞տ են կատարվում, Ֆինանսների նախարարը պատասխանեց, որ չկա որևէ երկիր, որտեղ չի քննարկվում այդ հարցը, և դա օրինաչափ է, որովհետև մշտապես կա այդ պահանջը հասկանալու, թե հարկատուների կողմից վճարված միջոցները ինչ չափով են ծառայում նպատակներին:
«Որպեսզի կարողանանք դատողություններ անել արդյունավետության մասին, պետք է կարողանանք գնահատել, թե ինչ համակարգով ենք ուզում տեսնել արդյունավետության չափման գործիքը: Չափման եղանակը աշխարհը գտել է հետևյալ ճանապարհով` ներդնել ծրագրային բյուջետավորում, որը հնարավորություն կտա բացահայտել չափողականությունը այս կամ այն միջոցառման»,- ասաց Ջանջուղազյանը:
Նրա խոսքով` 2019 թվականի բյուջեն պետք է կազմված լինի այդ ձևաչափով, և ներկայումս այդ աշխատաքները գտնվում են եզրափակիչ փուլում:
Լրագրողների հարցին, թե ինչպես է նա գնահատում նախորդ տարիներին բյուջեի ծախսի արդյունավետությունը, նախարարը նշեց, որ ծախսերի արդյունավետությունը բարելավվելու տեղ ունի, սակայն դա չի նշանակում, որ դրանք եղել են անարդյունավետ:
«Երբ խոսում ենք ծախսերի մասին, դրանք մեկ ցուցանիշով չենք կարող նկարագրել: Դրանց մեջ կան ծախսեր, որոնք արել ենք շատ բարձր արդյունավետությամբ կամ քիչ արդյունավետությամբ, որոնք բարելավվելու տեղ ունեն»,- եզրափակեց նախարարը: