Բաժիններ՝

«Պարտադիր կուտակային համակարգի նկատմամբ մեծագույն վերապահումը եղել է վստահության բացակայությունն այն ներդրող իշխանությունների նկատմամբ. այժմ այդ խնդիրը վերացել է». Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասօր կառավարության ծրագիրը ներկայացնելիս՝ հայտարարարեց, որ կառավարության առաջիկա ամենալուրջ մարտահրավերներից մեկը պետք է լինի կուտակային կենսաթոշակի պարտադիր բաղադրիչի վերաբերյալ դիրքորոշում հայտնելը, որոշում կայացնելը:

Հիշեցնենք, որ հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում պարտադիր կուտակային բաղադրիչը 1974 թվականից հետո ծնված բոլոր քաղաքացիների համար: Ու քանի որ հարցը ունի հասկայական քաղաքական ենթատեքստ, կառավարությունը պետք է լրջագույն որոշումներ կայացնի այս կապակցությամբ:

«Իհարկե, մենք պիտի կայացնենք բացառապես այնպիսի որոշում, որը բխում է Հայաստանի ազգային շահերից և այդ որոշումը պետք է լինի գիատկցված ու պատասխանատու:

Եվ ուզում եմ ընդգծել մի քանի փաստեր, որոնք հնարավոր չէ հաշվի չառնել որոշումներ կայացնելիս.

Փաստ առաջին – Պարտադիր կուտակային համակարգի շահառուների մոտավորապես 80 տոկոսն արդեն իսկ ներառված են համակարգում և շահառուների միայն 20 տոկոսն է, որոնց ներառումը համակարգում նախատեսվում է հուլիսի 1-ից հետո:

Փաստ երկրորդ – Այս պահի դրությամբ կուտակային ֆոնդերում հավաքված է 120 միլիարդ դրամ, որի 70 տոկոսը ներդրված է Հայաստանի տնտեսության մեջ:

Փաստ երրորդ – Կուտակային ֆոնդերի կառավարումն իրականացնում են աշխարհում հսկայական հեղինակություն վայելող և ահռելի, նույնիսկ Հայաստանի տարեկան ՀՆԱ-ն գերազանցող կապիտալների տիրապետող ընկերություններ և Հայաստանում նրանց հետագա ճակատագիրը միջազգայնորեն ճանաչված գնահատական է լինելու Հայաստանում ներդրումներ անելու հուսալիության աստիճանին:

Ոլորտի ամենահեղինակավոր մասնագետները պնդում են, որ այս պրոցեսն անցել է անդառնալիության կետը՝ ռուսերեն точка невазврата: Եվ տվյալ խնդրի շուրջ որոշում կայացնելիս մենք պետք է հաշվի առնենք  ռիսկերը, որոնք ոչ միայն երկարաժամկետ, այլև կարճաժամկետ առումով կարող են աղետալի հետևանքներ ունենալ Հայաստանի տնտեսության համար»,- հայտարարեց Ն. Փաշինյանը:

Նա նաև հիշեցրեց, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի նկատմամբ մեծագույն վերապահումը եղել է վստահության բացակայությունն այն ներդնող կառավարության և իշխանության նկատմամբ:

«Այսօր այս խնդիրը վերացել է, և ես ուզում եմ համոզմունք հայտնել, որ այս հարցի վերաբերյալ մենք կկարողանանք կայացնել որոշումներ, որոնք հաշվի կառնեն ինչպես խնդրի ռազմավարական խորքը, այնպես էլ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների երկարաժամկետ ու կարճաժամկետ շահերը: Ամեն դեպքում, համոզված եղեք, որ կառավարությունն այս թեմայով կաշխատի մաքսիմալ անկեղծ և թափանցիկ ու Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պետք է համոզված լինի, որ այս և մյուս հարցերում մեր կայացնելիք որոշումների միակ, կրկնում եմ միակ շարժառիթը հենց քաղաքացիներին, նրանց այսօրվան և ապագային անմնացորդ և դուխով ծառայելն է»,- ասաց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս