ՀՀԿ և «Ծառուկյան» խմբակցությունների պատգամավորներն ԱԺ-ում վիճեցին

«Հարգելի պարոն Մելքումյան, սիրելի գործընկեր, խնդրում եմ՝ այսուհետ դուք անձամբ նախագահ Սարգսյանի մասին խոսելիս՝ չօգտագործեք «քաղաքական բռնապետ» արտահայտությունը»,- այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ դիմելով «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանին՝ ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը։

Ի պատասխան՝ Մ. Մելքումյանն ասաց. «Հարգելի գործընկեր, պարոն Ֆարմանյան, զսպեք ձեր մոլուցքը հակադարձելու և բոլոր արտահայտություններն ընկալեք քաղաքական հարթության վրա, կարողացեք ընկալել հավուր պատշաճի իրականությունը»։

ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանն էլ, իր հերթին՝ ասաց. «Կարծում եմ՝ մեր լսարանն ամեն ինչ տեսնում է, գիտի։ Մի հորդոր իմ գործընկերներին, երբ ապրում ես ապակե տնակի մեջ, չարժե հարևանների հետ կռիվ անել՝ քար նետելով»։

Ա. Աշոտյանի ելույթի ժամանակ «Ծառուկյան» խմբակցության անդամներից մեկը բղավում էր՝ «էշ-էշ մի խոսա»։ Ի պատասխան՝ Ա. Աշոտյանը հորդորեց նրան ձայնը կտրել, իսկ ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանն էլ խնդրեց բոլորին հանդարտվել։

 

Տեսանյութեր

Լրահոս