Բաժիններ՝

Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն անընդունելի է համարում կաթողիկոսի հրաժարականը պահանջող քաղաքացիների պահանջը

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը պահանջող քաղաքացիները հունիսի 7-ին հանդիպել են կաթողիկոսի հետ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: Նրա խոսքով՝բողոքի ակցիայի մասնակիցները եկեղեցու ընթացակարգից դուրս պահանջ են ներկայացնում՝ իրենց սոցիալական- քաղաքացիական տրամաբանությունից ելնելով: «Եթե կլսեն հայրական հորդորները, եկեղեցու հորդորը, եպիսկոպոսաց դասի հորդորը, իրենք ապաշխարության միջոցով անդրադարձ կունենան և դա կլինի հանգուցալուծումը»,-ասաց Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն ՝ անընդունելի համարելով կատարվածը:

Նա նշեց, որ բողոքի ակցիային մասնակցում է մեկ աբեղա և երկու քահանա: «Բողոքի ակցիա կազմակերպելը մեր ժամանակակից սոցիալական-քաղաքացիական տրամաբանության մեջ է: Եկեղեցին ունի բոլոր հնարավոր հարթակները, որտեղ կարելի է խոսել բոլոր խնդիրներից, արծարծել, բարձրաձայնել, քննարկել հարցեր: Մարդիկ ազատ են արտահայտելու, և թող արտահայտեն, բայց մեր ասելիքն այն է, որ սա անընդունելի է: Պարզապես խնդրում և աղոթում եմ, որ Աստված իմաստություն տա իրենց գործելու, մտածելու և անդրադառնալու»,-հավելեց սրբազանը:

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը Սուրբ Կաթողիկե և Սուրբ Աննա եկեղեցու բակում կայացած ցույցի մասնակիցներին հրավիրել է հունիսի 7-ին այցելել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպում ունենալ իր ու եպիսկոպոսների հետ:

Հունիսի 6-ին Սուրբ Կաթողիկե և Սուրբ Աննա եկեղեցու բակում մի խումբ քաղաքացիներ, այդ թվում՝ քահանաներ բողոքի ակցիա են անցկացրել, որի ընթացքում պահանջել են Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս