Բաժիններ՝

Երախտապարտ եմ Դոնալդ Թրամփին. Քարդաշյանի՝ Սպիտակ տուն այցելությունն օգնել է ազատ արձակել Էլիս Մերի Ջոնսոնին

ԱՄՆ Սպիտակ տանն օրերս նախագահ Դոնալդ Թրամփի և ռեալիթի շոուների աստղ Քիմ Քարդաշյանի հանդիպումից կարճ ժամանակ անց 63-ամյա Էլիս Մերի Ջոնսոնին ներում է շնորհվել: Այս մասին հայտնում է BBC-ն:

Թմրամիջոցների չարաշահման համար ցմահ ազատազրկման դատապարտված Ջոնսոնի գործը բոլորի ուշադրության կենտրոնում հայտնվեց, երբ նրան ազատելու կոչով հանդես եկավ Քարդաշյանը, ով այդ հարցով հանդիպում ունեցավ Թրամփի հետ:

Սպիտակ տան հայտարարության մեջ նշվում է, որ «Ջոնսոնն ընդունել է իր պատասխանատվությունը նախկին պահվածքի համար և օրինակելի բանտարկյալ է եղել նախորդ երկու տասնամյակներում»: «Չնայած ցմահ ազատազրկման դատապարտվելուն՝ Էլիսը մեծ ջանքեր է գործադրել բանտում վերափոխվելու համար»,- ասվում է հայտարարության մեջ՝ նշելով, որ այդպիսով իրենք երկրորդ հնարավորություն են տալիս այն անձին, ով փորձում է լինել ավելի լավը:

Քարդաշյանն առաջիններից էր, որ արշավ էր սկսել Էլիսի ազատ արձակման հարցով՝ սոցցանցերում տեսանյութ տարածելով: Նա իր փաստաբանի հետ այցելել էր Սպիտակ տուն, կապ էր հաստատել նախագահ Թրամփի խորհրդական Ջարեդ Քուշների հետ, ով նաև ԱՄՆ նախագահի փեսան է և ով հանդես է գալիս բանտային բարեփոխումների օգտին: Հանդիպումից հետո ԱՄՆ նախագահը գրառում էր կատարել սոցցացներում՝ նշելով. «Այսօր հիանալի հանդիպում ունեցա Քիմ Քարդաշյանի հետ, խոսեցինք բանտային համակարգի բարեփոխումների եւ դատավճիռների կայացման մասին»:

Էլիսին ազատ արձակելուց անմիջապես հետո Քարդաշյանը թվիթերյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է. «Շատ երախտապարտ եմ Դոնալդ Թրամփին, Ջարեդ Քուշներին ու բոլորին, ովքեր կարեկցանք դրսևորեցին ու չխնայեցին թանկ ժամանակը Էլիս Մարի Ջոնսոնի այս կարևոր պահի համար: Նրան ներում շնորհելը ոգևորիչ է և հուսադրող շատերի համար, ովքեր արժանի են երկրորդ հնարավորության»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս