Աղձքում հնագետները բացառիկ տապանաքար և պալատական կառույց են հայտնաբերել
Աղձքի հայոց արքաների հուշահամալիրում պեղումները վերսկսվել են բացառիկ նորություններով. հայտնաբերվել են վաղ միջնադարի եզակի պատկերազարդ տապանաքար և պալատական կառույց:
Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրեն, հնագետ Հակոբ Սիմոնյանը:
Նրա խոսքով՝ տապանաքարը եզակի է հայ հնագիտական իրողության մեջ, քանի որ մենք նման խաչաքանդակ պատկերով տապանաքար չենք ունեցել: «Պետք է ենթադրել, որ այստեղ ամփոփված է ինչ-որ խիստ նշանավոր անձի աճյուն»,-նշեց հնագետը:
Սիմոնյանը կարևորեց այն հանգամանքը, որ տապանաքարերի վրա կան մեսրոպատառ արձանագրություններ: «Վաղ միջնադարյան եկեղեցիների վրա արձանագրություններ չեն արվել, նման իրողություն չի եղել: Հայատառ արձանագրությունների մենք հանդիպում ենք միայն 7-րդ դարից հետո: Այս տապանաքարերն այդ տեսակետից ուշագրավ են և կարևոր»,-ասաց նա:
Անդրադառնալով պալատական կառույցին, Հակոբ Սիմոնյանն ասաց, որ 2017 թվականի հայտնաբերված կառույցը պալատական ունի 30 մետր երկարություն և 15 մետր լայնություն:
«Պետք է ասել, որ վաղ միջնադարյան հստակ 4-րդ դարով թվագրվող պալատ է: Մենք ունեցել ենք այդ ժամանակաշրջանի պալատ Դվինում, բայց այնտեղ միայն մի քանի որմնաքարեր են մնացել: Աղձքում գտնված պալատի պատի բարձրությունը 2.5-3 մետր է, և ավերված է միայն արևելյան հատվածը»,-հավելեց Հակոբ Սիմոնյանը: