
Հունաստան փախած բոլոր ութ թուրք զինվորականները ազատվել են կալանքից

Հունաստան փախած բոլոր ութ թուրք զինվորականները ազատվել են կալանքից՝ կապված առանց դատի անազատության մեջ պահելու առավելագույն ժամկետի լրանալու հետ: Այդ մասին հայտնել է «Նաֆթեմպորիկի» կայքը:
Թուրք ութ զինծառայողներն ուղղաթիռով Հունաստան էին փախել 2016 թվականի հուլիսի 16-ին Թուրքիայում պետական հեղաշրջման անհաջող փորձից հետո: Թեեւ դատարանը հրաժարվեց նրանց Անկարային հանձնել այն բանի պատճառով, որ Թուրքիան չէր կարող ապահովել արդար դատաքննություն, զինծառայողները գտնվում էին կալանքի տակ: Այս ամբողջ ընթացքում թուրքական կողմը ձգտում էր հասնել նրանց արտահանձնման՝ Հունաստանին մեղադրելով խռովարարներին հովանավորելու մեջ:
Հունաստանի օրենսդրությանը համապատասխան, արգելված է ձերբակալվածներին, առանց տվյալ գործով դատարանի որոշման, կալանքի տակ պահել 18 ամսից ավելի: Մի քանի օր առաջ Հունաստանի բարձրագույն վարչական դատարանը՝ Պետխորհուրդը, օրինական է ճանաչել զինվորականներից մեկին ապաստան տրամադրելը, ինչին դեմ էր Հունաստանի կառավարությունը:
Այժմ սպասվում է, որ ապաստան կտրամադրվի նաեւ մնացած զինծառայողներին: Դրանից հետո նրանք կկարողանան մեկնել Հունաստանից եւ տեղափոխվել եվրոպական այլ երկիր, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: