ՄԻՊ-ն արձանագրում է՝ դասեր չեն քաղել, որ չի կարելի կրթական հաստատությունները քաղաքականացնել
Մարդու իրավունքների պաշտպանն անընդունելի է համարում կրթական հաստատություններում քաղաքական ազդեցություններն ու շահարկումները: Նրա խոսքով՝ դա կրթության իրավունքի ապահովման, կրթական գործընթացի, մայր բուհի հեղինակության հարցեր է առաջացնում: Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում Արման Թաթոյանը նշեց, որ ներկայում էլ դաս չեն քաղել նախկինում իրենց զեկույցներից և հայտարարություններից, որ չի կարելի քաղաքականացնել կրթական հաստատությունները: «Քաղաքական հետապնդման հարց է բարձրացվում, այսպիսի բան չի կարող գոյություն ունենալ: Ինչ է նշանակում քաղաքական հետապնդում բուհի նկատմամբ: Եթե կան անօրինական գործողությունների վերաբերյալ պնդումներ, ապա պետք է քննություն տարվի կոնկրետ մարմինների կողմից»,- ասաց մարդու իրավունքների պաշտպանը:
Նա ասաց, որ այսօր, հավանաբար, կդիմի իրավասու մարմիներին, որպեսզի հասկանա ստուգման ընթացակարգեր սկսվե՞լ են, թե՞ ոչ: «Ես ոչ թե հետապնդման հարց եմ բարձրացնում, այլ ուզում եմ հասկանալ իրավական պետությունում գործընթաց կա՞, թե՞ ոչ: Ամբողջը պետք է ընթանա իրավունքի գերակայության սկզբունքին համապատասխան, քանի որ հետևանքները կարող են վատ ու խորը լինել երկրի համար: Այս սկզբունքներին, որոնց մասին ես բարձրաձայնում եմ, պետք է հետևել ու վերջ»,- պնդեց Արման Թաթոյանը:
Պաշտոնյայի դիտարկմամբ՝ ուսանողն իրավունք ունի բարձրացնել դժգոհություն, որն ուղղված է կրթության որակին, իսկ խախտումներով պետք է զբաղվեն կոնկրետ մարմինները: «Դրա համար ես նշում եմ, որ եթե ռեկտորը թույլ է տվել խախտումներ, պետք է տարվի քննություն, դրանց ընթացքում, թե հաստատվի, պետք է ենթարկել պատասխանատվության: Սա իրավական պետության կարևոր գաղափարներից է: Պետք է շարժվենք իրավական պետության սկզբունքներին համապատասխան»,-ընդգծեց ՄԻՊ Արման Թաթոյանը: