«Ես 10 տարի եղել եմ պատգամավոր, որը զբաղվել է բիզնեսով». Հակոբ Հակոբյան
«Ես լսել եմ պարոն վարչապետի հորդորը: Մեր արտադարնքները «Կիլիկիա» գարեջրի գործարանում դրոշմապիտակավորվում, նոր դուրս են գալիս: Դուք ինքներդ խանութներում տեսեք` եթե կա առանց դրոշմապիտակի, ասեք, եթե չկա, ուրեմն դա հնարավոր չի, որ ստվերային լինի»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ական գործարար պատգամավոր Հակոբ Հակոբյանը («Կիլիկիայի» Հակոբ)` պատասխանելով հարցին, թե մտավախություն չունի՞ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության հետ կապված, որ բոլորը պետք է գան հարկային դաշտ, նախկինում չկատարած պարտավորությունները կատարեն, եթե չեն ուզում գործ ունենալ ԱԱԾ-ի հետ:
Նա նշեց, որ համամիտ չէ կարծիքի հետ, թե գործարարներ չպետք է լինեն ԱԺ-ում, քանի որ կոնկրետ ինքը 10 տարի եղել է պատգամավոր, որը զբաղվել է բիզնեսով և շատ մեծ օգուտ է տվել պետությանը` օրենքների հարցում, և փորձառու մարդիկ, որոնք գալիս են ԱԺ՝ ոչ թե իրենց շահը պահելու, այլ երկրի շահը պահելու համար, նրանք պետք է լինեն թե՛ ԱԺ-ում, թե՛ կառավարությունում.
«Հակառակ դեպքում անփորձ մարդը չի կարող այնպիսի օրենք մշակել, որ տնտեսվարողի համար ընդունելի լինի նորմալ աշխատելու համար»:
Հ.Հակոբյանը հայտարարեց, որ մեծամասնական համակարգ լինելու դեպքում ինքը պարտադիր նորից կառաջադրվի, որովհետև ներկայացնում է Տավուշի մարզը և միշտ եղել է իր ընտրողների կողքին. «Ես կարծում եմ` յուրաքանչյուր տարածք պետք է ունենա իր պատգամավորը»:
Եթե մեծամասնական համակարգը հանվի, ապա Հ.Հակոբյանը վստահեցրեց, որ որևէ ցուցակով չի մասնակցի ընտրություններին: