Բաժիններ՝

Ինչպես հասնել գազի էժանացման. ««Գազպրոմ Արմենիայի» խնդիրը լուծելուց առաջ պետք է լուծվի հանրային ծառայությունների գործառութային խնդիրը»

Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Հայաստանին գազ վաճառել սահմանին 165 դոլարով 1000 խմ-ի դիմաց: Ներկայումս ռուսական գազը ՀՀ սահմանին 150 դոլար է, սակայն բաշխիչ համակարգի մենաշնորհատեր «Գազպրոմ Արմենիան» բնակչությանը գազը վաճառում է 280-290 դոլարով:

«Հասարակական պաշտպանների միություն» ԻԱՄ նախագահ Արամ Գրիգորյանը 168.am-ի հետ զրույցում նշեց,որ ռուսական գազի գինը սահանին 150 դոլար մի քիչ անորոշ է, որովհետև ռուսական ընկերությունը ոչ թե սահմանին է գազ վաճառում, այլ բերում է, սպառողների տուն է հասցնում, վաճառում և գազ փոխադրող, գնող, բաշխողը ռուսական կազմակերպություն է:

Հարցին, թե արդյոք շահավետ կլինի՞ Իրանից գազ գնելը, Ա.Գրիգորյանը պատասխանեց. «Այս պահին ես կդժվարանամ ասել, որովհետև լուրջ հաշվարկների կարիք կա, բայց շատ հնարավոր է, որ Իրանից 165 դոլարով գնելու դեպքում Հայաստանի սպառողն ավելի էժան գազ ստանա: Ի՞նչ ի նկատի ունեմ: Եթե նույն «Գազպրոմ Արմենիան» Իրանից գնելու է 165 դոլարով և բերի բաշխի, դա բնականաբար, թանկ կլինի, որովհետև այս կազմակերպությունն ունի շատ ուղղակի և անուղղակի անիմաստ ծախսեր, որոնք ազդում են գազի սակագնի վրա: Իսկ եթե մենք Իրանից գազ գնենք, բայց բաշխումն իրականացնի մեկ այլ կազմակերպություն, որի մեխանիզմն այսօրվա դրությամբ, կարծես, չկա, ես կարծում եմ, որ Հայաստանի բնակիչներն ավելի էժան գազ կստանան, հատկապես՝ հարավի ժողովուրդը` Մեղրին, Սիսիանը, Կապանը: Այնպես որ, կարծում եմ՝ նախարարին պետք է խորհուրդ տալ չհրաժարվել այդ տարբերակից, գուցե հնարավոր լինի ապագայում Հայաստանի հարավն առանձնացնել համակարգից, և իրանական գազն ավելի էժան հարավի ժողովուրդն օգտագործի»:

Ըստ նրա` «Գազպրոմ Արմենիայի» ծառայություններից հրաժարվելու հնարավորւթյուն այս պահին չկա, դա գուցե կլինի, եթե կարողանանք ապագայում ազգայնացման խնդիր լուծել, որովհետև համակարգը սեփականության իրավունքով է տրված.

«Եթե ազգայնացվի, նորից հանրային ծառայության խնդիր դրվի, այդ ժամանակ հնարավոր կլինի լուծում գտնել: Այսօր, կարծես, չկա»:

Սակայն, Ա.Գրիգորյանի կարծիքով, հնարավոր է մեխանիզմ գտնել, որ «Գազպրոմ Արմենիան» էժանացնի գազը, որովհետև եթե հանրային ծառայության կարգավորման խնդիր նորմալ դրվի, որն այսօր չկա, ապա այնտեղ շատ ծախսեր կան, որ կարելի է նվազեցնել կամ վերացնել, որը կբերի սակագների իջեցման:

««Գազպրոմ Արմենիայի» խնդիրը լուծելուց առաջ պետք է լուծվի հանրային ծառայությունների գործառութային խնդիրը: Հանրային ծառայությունների կարգավորումը գործառույթ է, որը մինչև հիմա չի իրականացվում, իմ պատկերացմամբ: Սպառողների և մատակարարների հավասարակշռման գործառույթը պետք է անմիջապես իրականացվի, և ես համոզված եմ, որ դրա արդյունքում որոշակի ծախսեր կարգելվեն, որը կբերի սպառողական սակագների իջեցման: Բավականին շատ ներկայացուցչական և այլ կարգի ծախսեր կան սակագների մեջ, որոնց կարիքն ուղղակի չկա, հսկայական շահույթներ, աննախադեպ չափերի աշխատավարձեր կան, որոնց կարգավորումը, եթե նորմալ իրականացվի, այլ իրավիճակ կունենան:

Հիմա ունենք այլ տիպի պետություն, և պետությունը պետք է դրան ուշադրություն դարձնի, մինչև այս պետությունն ուշադրություն չէր դարձնում: Եվ գերխնդիրը մենաշնորհի խնդիրն է, որը հիմնական սակագին բարձրացնող գործոնն է: Եթե մենք ունենայինք, օրինակ, 2 հատ «Գազպրոմ Արմենիա», կրկին գազի սակագինը ցածր կլիներ: Դա խնդիր է»,- ասաց Ա.Գրիգորյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս