«Կոռուպցիոն սխեմաները բացահայտման փուլում են». Արսեն Թորոսյան
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իրավապահներին դիմելու առիթներ դեռ չի ունեցել։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նա հայտարարեց, որ 2 հարթություն կա՝ երբ բուժաշխատողներին կապահովեն բավարար արժանապատիվ փոխհատուցում, և կլինեն չարաշահողներ, կդիմեն իրավապահներին։
«Կոռուպցիոն սխեմաները բացահայտման փուլում են, դրանք հիմնականում գնումները, մրցույթներ, պետական փողերի բաշխում է»,- ասաց Ա.Թորոսյանը՝ նշելով, որ շատ հաճախ ամեն ինչ արվում է օրենքի տառին համապատասխան, բայց ոչ արդյունավետ, օրինակ՝ մրցույթին մասնակցում է մի ընկերություն և շահում, այսինքն՝ կան անդրկուլիսյան պայմանավորվածություններ։
«Այսուհետ նման բաներ չեն լինելու»,- ասաց նախարարը։
Ա.Թորոսյանի խոսքով՝ բյուջեում գտել է առողջարանային հանգիստ տողով 400 մլն դրամի բաշխում, որն ինքը թույլ չէր տա, որովհետև բազմաթիվ այլ ոլորտներ կան, որտեղ գումարի սղության պատճառով մարդիկ կարող են պարզապես մահանալ։
«Արդեն ստուգումներ եմ սկսել որոշ տեղերում, որպեսզի հասկանանք՝ այդ գումարները ծախսվում են, թե նկարվում հիվանդության պատմությունների տեսքով։ Երբ կունենանք հետ բերված գումարը, կորոշենք՝ որ ուղղություններով ծախսենք։ Բուժաշխատողների աշխատավարձը երևի առաջին 2 կարևոր ուղղություններից մեկն է»,- ասաց նախարարը։
Մանրամասները՝ տեսանյութում