«Հանձինս Նիկոլ Փաշինյանի՝ ես ինձ համար հայտնաբերեցի տաղանդավոր, շատ արագ մտածող, պատրաստակամ և աշխատասեր մարդու». Արմեն Սարգսյան

Այսօր ՀՀ նախագահի նստավայրում տեղի ունեցավ Նախագահի մրցանակ-2017-ի մրցանակների հանձնման արարողությունը, որի ավարտին լրագրողների հետ կայացած ճեպազրույցի ընթացքում նախագահ Սարգսյանը պատասխանեց լրագրողների հարցերին:

Խորհրդարանական արտահերթ ընտրությունների անհրաժեշտության վերաբերյալ նախագահ Սարգսյանը նշեց. «Որպես երկրի նախագահ՝ պատասխանս հստակ է՝ արտահերթ ընտրություննրի հարցը պետք է քննարկվի և լուծում ստանա Ազգային ժողովում: Պե՞տք են արդյոք արտահերթ ընտրություններ, թե՞ ոչ՝ երկու մեծ սուբյեկտ պետք է լուծեն այդ հարցը՝ հայ ժողովուրդը և այդ ժողովրդի համապատասխան մարմինը՝ Ազգային ժողովը, իսկ եթե այդպիսի որոշում կընդունվի, ապա նախագահի պարտականությունը կլինի լիազորությունների սահմաններում անել ամեն ինչ, որպեսզի այդ ընտրությունները լինեն արդարացի»:

Հարցին՝ Հայաստանում կա՞ն արդյոք քաղբանտարկյալներ, նախագահ Սարգսյանը պատասխանեց. «Դիրքորոշումս շատ պարզ է և հստակ՝ Հայաստանի Հանրապետությունում քաղաքական բանտարկյալներ չպետք է լինեն՝ երեկ, այսօր և վաղը: Ես ստացել եմ մարդու իրավունքների հետ կապված կազմակերպությունների որոշակի փաստաթղթեր, դրանք մոտակա ժամանակները կուղարկվեն ՀՀ Կառավարության համապատասխան նախարարություններ, և, իհարկե, եթե լավ եք կարդացել ՀՀ սահմանադրությունը, ապա պետք է սպասենք, որպեսզի ՀՀ կառավարությունն ու վարչապետը որոշակի որոշումներ ընդունեն: Ի պաշտոնե պարտավոր եմ ասել այն, ինչ պետք է, և այն, ինչ ճիշտ եմ համարում, իսկ երբ թոշակի կանցնեմ, որպես ՀՀ քաղաքացի՝ կխոսենք այդ մասին»:

Հե՞շտ է արդյոք նախագահին աշխատել Նիկոլ Փաշինյանի հետ՝ հարցին Արմեն Սարգսյանը պատասխանեց.

«Մի քանի անգամ արդեն ասել եմ, որ հանձինս Նիկոլ Փաշինյանի՝ ես ինձ համար հայտնաբերեցի տաղանդավոր, շատ արագ մտածող, պատրաստակամ, աշխատասեր մարդու, որի հետ ունեմ կոնստրուկտիվ, երկկողմանի հարգալից և շատ լավ աշխատանքային հարաբերություններ»:

Նախագահի ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս