Հայաստանը մոտենում է Վերին Լարսի այլընտրանքին. Ինչ զիջումների են պատրաստ Ռուսաստանն ու Վրաստանը
Հայաստանը Ռուսաստանին կապող Վերին Լարսի ցամաքային ուղուն այլընտրանք է նշմարվում: Այդ մասին հայտարարություններով են հանդես գալիս վրաց իշխանությունները, սակայն փորձագետները դեռ վաղ են համարում խոսել Աբխազական երկաթուղու կամ այլ ցամաքային ճանապարհի գործարկման մասին, որում մասնակցություն կունենան Աբխազիան, Հարավային Օսիան:
Ռուսաստանի հետ հարաբերությունների գծով Վրաստանի վարչապետի հատուկ բանագնաց Զուրաբ Աբաշիձեն օրերս ասել է, որ պաշտոնական Թբիլիսին պատրաստ է Ռուսաստանից դեպի Վրաստան և Հայաստան տանող «առևտրային միջանցքների» բացմանը: Մայիսի 24-ին Պրահայում Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի և Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի միջև կայանալիք բանակցությունների ընթացքում Վրաստանը և Ռուսաստանը կձևավորեն հատուկ աշխատանքային խումբ՝ «Մաքսային վարչարարության և ապրանքների առևտրի մոնիտորինգի մեխանիզմի մասին» համաձայնագրի իրագործման նպատակով:
Այդ համաձայնագիրը նախատեսում է Ռուսաստանից Աբխազիայով և Հարավային Օսիայով Վրաստան և Հայաստան «առևտրային միջանցքների» ստեղծում:
Աբաշիձեն հայտնել է, որ «առևտրային միջանցքների» գործարկման մասին վերջնական պայմանավորվածության ձեռքբերման հնարավորությունը հայտնվել է այն բանից հետո, երբ Ռուսաստանն օրերս շվեյցարական SGS ընկերության հետ ստորագրել է շվեյցարացի դիտորդների կողմից Աբխազիայով և Հարավային Օսիայով բեռների տեղափոխումը մոնիտորինգի ենթարկելու մասին հատուկ պայմանագիրը: Իսկ Վրաստանը նմանատիպ պայմանագիր է կնքել նույն ընկերության հետ դեռ դեկտեմբերին:
Հիշեցնենք, որ «Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի կառավարությունների միջև մաքսային վարչարարության և ապրանքների առևտրի մոնիտորինգի մասին պայմանագիրը» կնքվել է 2011 թվականի նոյեմբերի 9-ին:
Պայմանագիրը կնքվել է Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելու ուղղությամբ Ռուսաստանի Դաշնության վարած բարդ բանակցությունների շրջանակում, երբ Վրաստանի այն ժամանակվա նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հանեց Ռուսաստանի անդամակցության դեմ իր վետոն՝ պայմանով, որ Ռուսաստանի Վրաստան «առևտրային միջանցնքներ» կանցնեն Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքով, որոնց նկատմամբ վերահսկողությունը կիրականացնեն միջազգային միջնորդները: Պայմանագրի իրականացումը տարիներ շարունակ ձգձգվել է, քանի որ կողմերը չէին կարողանում համաձայնության գալ առևտրաշրջանառության գործընթացում Աբխազիայի և Հարավային Օսիայի մասնակցության շուրջ:
Սուխումը և Ցխինվալը բազմիցս սպառնացել են արգելել բեռների տեղաշարժը «միջանցքներով», եթե իրենք պայմանագրի լիիրավ մաս չկազմեն, մինչդեռ Թբիլիսին կտրականապես բացառում էր այդ տարբերակը:
Տարեսկզբին վրացական և ռուսաստանյան պարբերականներն անդրադառնում էին ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Վրաստան կատարած այցի արդյունքներով արված հայտարարությանը, որում ասվել էր, որ «Վերին Լարս» անցակետին այլընտրանք լինելու է։ «Վստահեցնում եմ ձեզ՝ լինելու է»,- ասել էր Կարեն Կարապետյանը՝ ակտիվացնելով Աբխազիայի երկաթուղային ճանապարհի բացման մասին խոսակցությունները։
Չնայած Հայաստանի նախկին վարչապետը չէր բացել փակագծերը, թե ինչ այլընտրանքի մասին է խոսքը, հայկական և ռուսական ԶԼՄ-ներն ակտիվորեն գրում էին այն մասին, որ բանակցություններ են ընթանում հենց Ռուսաստան-Հայաստան երկաթուղային հաղորդակցության վերականգնման մասին։
«168 Ժամի» հետ զրույցում Վրաստանի Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Կախա Գոգոլաշվիլին ասաց, որ Վրաստանն իր կողմից ցանկանում է աջակցել Հայաստանի համար նոր հնարավորությունների ստեղծմանը՝ կարևորելով նաև այս հարցում համաձայնությունը Ռուսաստանի հետ: Թեև, Գոգոլաշվիլիի համոզմամբ, առաջին տեղում Վրաստանի ազգային շահերն են, որոնք Ռուսաստանի կողմից բազմիցս նսեմացվել են:
«Աբաշիձեն նաև նշել է, որ Ռուսաստանի և Վրաստանի միջև բազում քաղաքական խնդիրներ կան, միայն դրանց լուծումից հետո կարող է դիտարկվել լուծում՝ այս համաձայնագրով պայմանավորված: Դեռ մի շարք հարցեր բաց են մնում, թեև Ռուսաստանը ևս համաձայնագիր կնքեց շվեյցարական ընկերության հետ, պարզ չէ, թե կոնկրետ այս համաձայնագրից կողմերից յուրաքանչյուրն ինչ սպասելիքներ ունի:
Ակնհայտ է, որ Վրաստանի ժողովուրդը չի կարող անուղղակիորեն ճանաչել Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը, սրանք դեռ բանակցային հարցեր պետք է լինեն: Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի Վրաստան կատարած այցից հետո Վրաստանի ընդդիմությունը քննադատություններ սկսեց իշխանությունների հասցեին՝ մեղադրելով դավաճանության մեջ, քանի որ իսկապես անընդունելի կլինի անուղղակի ճանաչումը ռուս-վրացական պատերազմից հետո:
Պետք է հասկանալ, թե ինչպես է Ռուսաստանը պատկերացնում այս համաձայնագրի իրագործումը, սա շատ կարևոր հարց է, ինչպես է Վրաստանը պատկերացնում: Բայց հասկանալով խնդրի կարևորությունը Հայաստանի համար, կողմերը պետք է փորձեն ելքեր փնտրել: Գուցե իսկապես այնպիսի անցքեր գտնվեն համաձայնագրում, որ հնարավոր լինի կյանքի կոչել այլընտրանք Լարսին»,- ասաց Կախա Գոգոլաշվիլին:
Ուստի, Կախա Գոգոլաշվիլիի խոսքով, ցավոք սրտի, դեռ տեսանելի չէ, թե երբ հստակորեն կուրվագծվի ցամաքային այլընտրանք Հայաստանի համար:
Ըստ նրա` Պրահայում նախատեսվող բանակցությունների ընթացքում կքննարկվեն համաձայնագրի կատարման մանրամասները, կողմերի պատկերացումները:
«Չխոսել այդ մասին չի կարելի: Պետք է ելքեր փնտրել»,- ասաց նա:
Վրացի քաղաքագետը չի բացառում, որ դեռևս երբեք չքննարկված ուղիների շուրջ համաձայնություն ձեռք բերվի, որը «ցավոտ» չի լինի ո՛չ Ռուսաստանի, ո՛չ Վրաստանի և ո՛չ էլ Աբխազիայի, Օսիայի համար:
Մեկ այլ վրացի քաղաքական վերլուծաբան՝ Սոսո Ցինցաձեն, այն կարծիքին է, որ ըստ էության մեծ առաջընթաց այս համաձայնագրի կատարման հարցում տեղի չի ունեցել, բացի Ռուսաստան-SGS պայմանագրի ստորագրումից:
«Ավելի հավանական եմ համարում, որ Աբաշիձեն իր այս անդրադարձով փորձում է նոր ազդակ հաղորդել հայ-վրացական հարաբերություններին, ցույց տալ քաղաքական հարաբերությունների խորացման, պատրաստակամության նոր մակարդակ ՀՀ նոր իշխանություններին: Գուցե Ռուսաստանի կողմից համաձայնագրի ստորագրումը ևս այդ հանգամանքով էր պայմանավորված, քանի որ նոր հանգամանքներ վրաց-ռուսական բանակցություններում վերջին ամիսներին ի հայտ չեն եկել: Իհարկե, սա առաջընթաց է:
Բայց ամենակարևոր հարցերի առնչությամբ Վրաստանի իշխանությունները ժողովրդին պետք է պարզաբանումներ տան, թե ինչ համաձայնության են պատրաստվում գալ Ռուսաստանի հետ Աբխազիայի և Հարավային Օսիայի կարգավիճակի հետ կապված:
Ակնհայտ է, որ այս տարածքների առնչությամբ մեծ խնդիր կա Վրաստանում: Խնդիր է նաև այն, որ համաձայնագիրը Ռուսաստանը ստորագրեց ամիսներ անց, երկարաձգելով գործընթացը, ինչը նշանակում է, որ Ռուսաստանը տրամադրված չէ զիջումների: Այս դեպքում Վրաստանի կողմից զիջումներն անտեղի եմ համարում»,- ասաց Ցինցաձեն:
Վերջինս ընդգծեց, որ հայ-վրացական հարաբերությունները չափազանց կարևոր են: «Բայց հանուն Հայաստանի՝ Վրաստանը չի կարող զոհաբերել իր շահերը»,- նկատեց Ցիցաձեն: Փորձագետը վստահ է, որ ցանկացած լուծում պետք է լինի բոլոր կողմերի շահերին համապատասխանող: