«Հայրենադարձության կազմակերպումը թանկ հաճույք է, բայց…». Վարդան Մարաշլյան
«Repat Armenia» հիմնադրամն իր գործունեության տարիներին հաջողել է հասնել շոշափելի արդյունքների՝ չնայած ոչ բարենպաստ պայմաններին, բացասական ֆոնին, նախկին իշխանությունների մոտ հայրենադարձության թեմայի նկատմամբ վերաբերմունքի ամբողջական բացակայությանը կամ զգուշավորությանը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում «Repat Armenia» հիմնադրամի գործադիր տնօրեն Վարդան Մարաշլյանը անդրադարձել է հիմնադրամի անցած ուղուն, հայրենադարձության խնդիրներին, նոր իշխանությունների՝ հայրենադարձության վերաբերյալ մոտեցումներին:
-Արդեն մի քանի տարի է գործունեություն է ծավալում «Repat Armenia» հիմնադրամը: Ասացեք, խնդրեմ, այս տարիների ընթացքում ի՞նչ արդյունքներ են գրանցվել:
-Ոչ պետական և կոմերցիոն շահ չհետապնդող «Repat Armenia» հիմնադրամը ստեղծվել է 2012 թվականի օգոստոսին, որպեսզի նպաստի հայրենադարձությանը և ինտեգրացիային՝ նպաստելով Հայաստանում հայրենադարձության միջավայրի ձևավորմանը: Մեզ հաջողվել է հասնել շոշափելի արդյունքների՝ չնայած ոչ բարենպաստ պայմաններին, բացասական ֆոնին, Սփյուռքի կողմից պետության հանդեպ վստահության պակասին, ինչպես նաև նախկին իշխանությունների մոտ հայրենադարձության թեմայի նկատմամբ վերաբերմունքի ամբողջական բացակայությանը կամ զգուշավորությանը:
Այս տարիների ընթացքում մենք կարողացել ենք անցկացնել «ImagineArmenia» 18 ֆորում Սփյուռքի առանցքային համայնքներում՝ ներկայացնելով ոչ միայն հայրենադարձության հնարավորությունները, այլև ապահովելով մեր հայրենակիցների ներգրավվածությունը սոցիալական եւ բիզնեսային կարեւորագույն նախաձեռնությունների իրականացման գործում: Ֆորումների շրջանակում մասնակցել է Սփյուռքի տարբեր համայնքների 4 հազար ներկայացուցիչ, 120 հազար հոգի միացել է միջոցառման ուղիղ հեռարձակումներին: Մեզ հետ Հայաստանից ու Սփյուռքից ելույթ է ունեցել ավելի քան 90 խոսնակ:
Մենք աջակցություն ենք ցուցաբերել 2 հազար քաղաքացու՝ կապված հայրենադարձության և ինտեգրացիայի հարցերի հետ, մասնավորապես, աշխատանքի տեղավորման հարցում օգնել ենք 300 հոգու, 150 հոգու էլ աջակցել ենք բիզնեսի սկզբնական կամ զարգացման փուլում: Մշակել և իրականացրել ենք 50 ինտեգրացիոն միջոցառում, որին մասնակցել է 8 հազար մարդ: Մենք ստեղծել ենք հայրենադարձների յուրօրինակ ինտերակտիվ համայնք, որի թիվը կազմում է 5 հազար 500: Եթե դիտարկում ենք մեզ դիմած պոտենցիալ հայրենադարձներին, ապա տեսնում ենք, որ նրանք հիմանականում 20-35 տարեկաններ են՝ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Լիբանանից, Իրանից, Կանադայից, Սիրիայից:
Հիմնադրամը նաև Հայաստանի կառավարության համար ձևակերպել է բարեփոխումների հիմնական ուղղությունները՝ նպատակ ունենալով հանրայնացնել հայրենադարձությունը, ավելի արդյունավետ դարձնել ինտեգրացիոն գործընթացը: Մենք ուսումնասիրել ենք այլ երկրների փորձը և անցկացրել ենք հետոզոտությունների շարք:
-Աշխատելով Հայաստան եկած մեր հայրենակիցների հետ՝ ի՞նչ խնդիրներ կառանձնացնեք: Առաջին հերթին նրանք ի՞նչ դժվարություններ են ունենում, ի՞նչ խնդիրների են բախվում:
-Խնդիրներն ու դժվարությունները կարելի է տարանջատել մի քանի տեսակի: Դրանց մի մասը օբյեկտիվ է, մյուս մասը՝ սուբյեկտիվ: Մենք ուրախ ենք, որ վերջին հեղափոխական փոփոխություններով պայմանավորված սուբյեկտիվ խնդիրների մի զգալի մասը դառնում է ոչ արդիական:
Սփյուռքում խնդիրն այն է, որ Հայաստանի հետ կապը չի համարվում որպես հայկական ինքնության պահպանման հիմնական տարր: Չկա որևէ խոշոր սփյուռքյան կազմակերպություն, որի համար որպես առաջնահերթություն լինի հայրենադարձությունը: Այս ամենին կարելի է ավելացնել նաև պետական մակարդակով հայրենադարձության քաղաքականության բացակայությունը: Այդուհանդերձ, իրավիճակը սկսվում է փոխվել:
Ինչ վերաբերում է ինտեգրացիային առնչվող օբյեկտիվ խնդիրներին, ապա դրանց հիմնական մասը կապված է աշխատանքի շուկայի սահմանափակ հնարավորությունների, ցածր վարձատրության, պետական մակարդակով ինտեգրացիայի բացակայության հետ: Նույնը վերաբերում է Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելուն: Տիպիկ խնդիրներից բացի, որոնք հաճախ հիշատակվում են՝ կոռուպցիա, իրավունքի թույլ պաշտպանություն և այլն, հայրենադարձները հաճախ բախվում են ներքին շուկայի ցածր կարողության և պրոֆեսիոնալ կադրերի ընտրության խնդրի հետ: Այդուհանդերձ, այդ ամենի հետ մեկտեղ, հարյուրավոր հայրենադարձներ գալիս են, ինտեգրվում են և Հայաստանում իրենց տեղն են գտնում: Հայաստանում կան դինամիկ զարգացող ոլորտներ, կազմակերպություններ:
-Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումների, նոր իշխանությունների վերաբերյալ ի՞նչ արձագանքներ կան Սփյուռքում:
-Ասեմ, որ նոր եմ վերադարձել Կանադայից, որտեղ մենք անցկացրեցինք «ImagineArmenia» 18-րդ ֆորումը: Կարող եմ հաստատել, որ Սփյուռքն ապրում է մեծ հպարտություն ու ոգևորություն՝ կապված հայաստանյան վերջին իրադարձությունների հետ: 1988-1994 թվականներից հետո, երևի թե, առաջին անգամ է, որ Սփյուռքում այսպիսի լայնամասշտաբ տրամադրություններ են շոշափվում: Մոնրեալում և Տորոնտոյում անցկացրած մեր վերջին ֆորումին մասնակցել է 450 մարդ, 90 հազար հոգի էլ միացել է ուղիղ հեռարձակմամբ: Շատերը հետաքրքրված են հայրենադարձությամբ:
-Նոր իշխանությունները կարևորագույն խնդիր են համարում հայրենադարձությունը: Նշվում է, որ այդ ուղղությամբ պետք է ակտիվ աշխատանք տարվի: Դուք, որպես այդ ոլորտում երկար ժամանակ աշխատող անձ, ի՞նչ հարցեր կառանձնացնեք: Ըստ ձեզ՝ կառավարությունը հայրենադարձությունն ապահովելու համար ինչի՞ վրա պետք է առաջնահերթ ուշադրություն դարձնի:
-Մեզ շատ ուրախացրել է ՀՀ վարչապետի հայտարարությունն այն մասին, որ հայրենադարձությունը պետք է Հայաստանի համար դառնա ազգային գաղափար: Դա շատ կարևոր խոստում է, որը պետք է կյանքի կոչել: Մենք պատրաստ ենք ամբողջությամբ մտնել գործընթացի մեջ, որ պետությունը մշակի հայրենադարձության արդյունավետ քաղաքականություն, և հայրենադարձության պրոցեսն անցում կատարի որակապես նոր մակարդակի:
Պետք է սկսել հայրենադարձության մասին հայեցակարգի և օրենքի մշակումից, զուգահեռ Հայաստանի և Սփյուռքի ուժերը կոնսոլիդացնել՝ պատրաստ լինելով միանալ այս գործընթացին: Պետք է հասկանալ, որ Հայաստանում այսօր զանգվածային հայրենադարձության նախադրյալներ չկան, այդ իսկ պատճառով սահմանափակ ռեսուրսների պայմաններում պետք է հստակ սահմանել պոտենցիալ վերադարձողների այն կատեգորիաները, որոնց վրա պետք է կենտրոնանալ նախ և առաջ:
Հայրենադարձության կազմակերպումը թանկ հաճույք է, բայց եթե մենք՝ Հայաստանի հայերս, և Սփյուռքն իրականում հասկանանք այս գործընթացի չափազանց կարևորությունը ոչ միայն Հայաստանի, այլև մեր ազգի համար, ապա բոլոր խնդիրները հաղթահարելի են: Չկան խնդիրներ, որոնք մենք չկարողանանք լուծել:
Աննա Գզիրյան