«Հայաստանը Եվրամիության հետ համաձայնագրի մասնակի կիրարկման արդյունքները գուցե զգա մոտ ապագայում». Պորտնիկով

«Հայաստանի դեպքում Եվրամիությունը գուցե բացառություն անի»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ուկրաինացի քաղաքական վերլուծաբան, հրապարակախոս Վիտալի Պորտնիկովը՝ անդրադառնալով ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի մասնակի ներդրման հնարավոր ազդեցությանը:

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ ԱԳՆ-ում ճեպազրույցի ժամանակ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը` պատասխանելով մեր այն հարցին, թե արդյո՞ք ՀՀ-ում տեղի ունեցած ներքաղաքական փոփոխություններից հետո չի փոխվել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի` Հայաստանի կողմից մասնակի ներդրման գործընթացը սկսելու ժամկետը, ասել էր, որ Հայաստանի կողմից վավերացումն իրականացվել է ամբողջությամբ:

«Այն ժամկետները, որոնք նշված էին մասնակի կիրարկման համար, գործում են, դրանցում փոփոխություն չկա»,- ասել էր Բալայանը:

Նախապես նշված ժամկետների համաձայն՝  համաձայնագրի մասնակի կիրարկումը պետք է սկսվի հունիս ամսից:

Վիտալի Պորտնիկովը, հիշելով Ուկրաինա-ԵՄ  Ասոցացման համաձայնագրի մասնակի կիրարկման արդյունավետությունը, պարզաբանեց, թե ինչ ակնկալիքներ կարող է ունենալ Հայաստանը Եվրամիության հետ համաձայնագրի մասնակի ներդրումից: Ուկրաինացի վերլուծաբանը նախ նշեց, որ Ուկրաինայի ասոցիացումը Եվրամիությանը սկսվեց համաձայնագրի ստորագրումից բավականին ուշ, քանի որ լուրջ խոչընդոտներ առաջացան ԵՄ-ում այդ համաձայնագրի վավերացման հետ կապված:

«Որոշ երկրներ չցանկացան իրենց խորհրդարանում վավերացնել համաձայնագիրը, քանի որ Ռուսաստանի հետ հարաբերությունները, նրանց կարծիքով, պետք է դնեին վտանգի տակ: Ի տարբերություն Ուկրաինայի, Հայաստանի հետ կնքված համաձայնագրի ԵՄ-ի կողմից վավերացման համար բավականին բարենպաստ պայմաններ են ստեղծվել:

Առաջինն այն է, որ ուկրաինական դեպքերից հետո Արևելյան հարևանության քաղաքականությունը շատ է բարեփոխվել, հարմարեցվել «Արևելյան գործընկերություն» ծրագրի անդամ երկրների ձգտումներին, ինչը մեծ արտոնություն է ԱլԳ բոլոր անդամ երկրների համար: Սա ինքնին փոքրացնում է այս ծրագրի շրջանակում որևէ խնդրի առաջացման հավանականությունը:

Մյուս պայմանն այն է, որ Հայաստանում անցնցում իշխանափոխություն տեղի ունեցավ: Եվրոպական խորհրդարանում նույնիսկ այս ամենից հետո որոշեցին ավելացնել Հայաստանին տրվող քաղաքական և ֆինանսական աջակցությունը: Քաղաքական աջակցությունը ենթադրում է, որ համաձայնագիրը ԵՄ-ի կողմից նաև կարճ ժամկետում կներդրվի: Ուստի առկա այն մտահոգությունները համաձայնագրի ԵՄ-ի կողմից վավերացման հետ կապված՝ անտեղի են»,- նման կարծիք հայտնեց Պորտնիկովը:

Խոսելով համաձայնագրի մասնակի կիրարկման ազդեցությունից` Պորտնիկովն ասաց, որ համաձայնագրի ամբողջական ազդեցությունը Հայաստանում զգալի կլինի միայն  ամբողջական վավերացումից և ԵՄ-ի կողմից Հայաստանին համաձայնագիրն ամբողջությամբ կիրարկելու մանդատի տրամադրումից հետո, քանի որ ԵՄ-ն,  չնայած պաշտոնական հայտարարություններին, որ ազդեցությունը զգալի կլինի, լուրջ բարեփոխումների համար աշխատանքները նախաձեռնում է ԵՄ անդամ բոլոր երկրների կողմից վավերացումից հետո:

«Ուկրաինայի դեպքում այդ շրջանն արհեստականորեն այնքան երկարաձգվեց, որ Ուկրաինայի ժողովուրդը, ըստ էության, բավականին ուշ սկսեց նկատել  որոշ փոփոխություններ: Այս համաձայնագիրը Ուկրաինայի ժողովրդի համար հնարավորություն էր՝ անցնել առանց վիզայի ռեժիմի Եվրամիության հետ, սա ազդեցություններից մեկն էր, ներքին բարեփոխումներ իրականացվեցին, բայց դրանց ազդեցությունը ևս տեսանելի չէր ուկրաինական պատերազմի պատճառով, այսինքն` Ուկրաինան այնքան էլ դիպուկ օրինակ չի կարող լինել Հայաստանի համար:

Սակայն Հայաստանի դեպքում կարող է բացառություն տեղի ունենալ: Խրախուսելու համար նորընտիր իշխանություններին՝ Եվրամիությունը կփորձի ավելի լայն հնարավորություններ տալ Հայաստանին այս համաձայնագրի շրջանակում հենց այս փուլում, Հայաստանը գուցե մոտ ապագայում զգա ազդեցությունը հատկապես ներկայումս, երբ նոր իշխանությունը հայտարարել է, որ պետք է պայքարի կոռուպցիայի դեմ, դատական համակարգը կայացնելու  և երկրում բարեփոխումներ իրականացնելու, ժողովրդավարական գործընթացների համար:

Կարծում եմ` ՀՀ իշխանությունների քաղաքական կամքի պարագայում Եվրամիությունը  համաձայնագրի կիրարկման մեկնարկից կսկսի աջակցել Հայաստանի բարեփոխումների գործընթացին: Այսինքն` կարծում եմ, այստեղ էական է լինելու Եվրամիության քաղաքական որոշումը: Դատելով Եվրոպական խորհրդարանի պատգամավորների արձագանքներից, կա դրական տրամադրվածություն: Հետագա զարգացումները կախված կլինեն նաև ՀՀ իշխանություններից»,- ասաց Պորտնիկովը:

Տեսանյութեր

Լրահոս