
«Պետք է, ի վերջո, հասկանալ, որ այս բնագավառը տգետ մարդկանց չի սիրում». Հրաչ Բերբերյան

Հայաստանի Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ գյուղատնտեսական խնդիրներին, ոլորտում առկա կոռուպցիոն երևույթներին, Վերահսկիչ պալատի կողմից իրականացված բացահայտումներին, ինչպես նաև խոսեց պարարտանյութերի, սերմացուների, խոշոր և մանր եղջերավոր անասունների մսի ներկրման թեմայի մասին:
Հրաչ Բերբերյանն ասուլիսը մեկնարկեց ուրախ լուրերով՝ Եվրոպայից Հայաստան են ներկրվել և հմուտ ֆերմերներին են բաժանվել կարտոֆիլի բարձր տեսակի տնկանյութեր, որի արդյունքում հաջորդ տարի տեղական շուկան կունենա 15-20 հազար տոննա բարձր որակի կարտոֆիլ.
«Շուտով ավարտին կմոտենա կարտոֆիլի մոտ 1000 տոննայի ցանքսը, այնպես որ՝ մեր երկիրը մոտ ապագայում կարտոֆիլի խնդիր, ինչպես ես նախապես հայտարարել էի, չի ունենա: Բնակչությունը հնարավորություն կունենա ցածր գներով ձեռք բերել բարձր որակի տեղական արտադրության կարտոֆիլ: Ընթացիկ ամսվա ավարտին ես կմեկնեմ Մոսկվա՝ ստորագրելով պայմանագրեր, որի արդյունքում տեղական արտադրության կարտոֆիլը կարտահանվի Ռուսաստանի Դաշնություն:
Ուրախալի լուր է նաև այն, որ այս տարի փորձ ենք արել պակասեցնել հանրապետություն ներկրվող սոխի քանակը, որ հիմնականում Հայաստան էր մտնում Պարսկաստանից, իսկ վերջին տարիներին՝ նաև Ռուսաստանից: Սոխի հեկտարներն ավելացվել են մոտ 150 հեկտարով, այլ կերպ ասած՝ խոսքը գնում է 1500 տոննա սոխի տեղական արտադրության մասին, որը համապատասխանաբար կազմում է ներքին ընդհանուր սպառման 15 տոկոսը:
Հետևաբար՝ ընթացիկ տարվա աշնանը կունենանք մատչելի գներով ոչ թե՝ ներկրված, այլ՝ տեղական արտադրության որակյալ սոխ: Սա ևս մի քայլ է՝ նվազեցնելու ներկրումների ծավալը՝ զարկ տալով հայրենական սոխի արտադրմանն ու սպառմանը: Կարծում եմ՝ մեր միավորման համար սրանք շատ լուրջ աշխատանքներ են, նշեմ նաև, որ պետության կողմից չենք ֆինանսավորվում և չենք սուբսիդավորվում»:
Անդրադառնալով Լարսի անցակետից Ռուսաստան արտահանվող հայկական 100 տոննա լոլիկ խմբաքանակի հետ ուղարկման խնդրին՝ Հրաչ Բերբերյանը նշեց. «Հայտնի է, որ Ռուսաստան արտահանվող հայկական լոլիկում հայտնաբերվել է մորմազգու ցեց, որի մասին, ի դեպ, մենք հինգ տարի բարձրաձայնում ենք՝ հորդորելով արդյունավետ պայքար մղել դրա դեմ ու վերջ դնել այդ խնդրին:
Գյուղատնտեսության նախարարությունն այդ գումարներն ունի և ծախսում է դրանք ֆերամոնային թակարդների վրա, ինչը մոնիտորինգի նպատակով է, և անունը դնում է, թե պայքարում է խնդրի վերացման ուղղությամբ: Թակարդը մի քանի ցեց է բռնում, իսկ Գյուղնախարարությունը հայտարարում է՝ հայտնաբերեցինք, որ այսինչ տեղում ցեց կա: Հա, մենք բոլորս էլ գիտենք, որ ցեց կա, պետք է պայքարել դրա դեմ: Ռուսաստան արտահանվող հայկական արտադրության ախտահարված լոլիկը հետ է վերադարձվել տեղական շուկա:
Հետևաբար, եթե շուկաներում տեսնենք լոլիկ, որի վրա կա սև կետ, զերծ մնացեք դրանց գնումից, որովհետև դա նշան է այն բանի, որ մորմազգու ցեցը ծակել և արդեն ձվադրում է կատարել դրանց մեջ: Կենցաղային կիրառության մեջ մարդու առողջության համար այդպիսի լոլիկների օգտագործումը վտանգ չի ներկայացնում, բայց փաստ է, որ գործ ունենք ախտահարված բանջարեղենի հետ»:
Անդրադառնալով մսի շուկայում առկա խնդիրներին՝ Հրաչ Բերբերյանը տեղեկացրեց, որ, ըստ պաշտոնական տվյալների՝ գրանցվել է խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակի 60 տոկոսի անկում, այնինչ ոչ պաշտոնական թվերը վկայում են 70 տոկոս անկման մասին, որից 35.000 գլուխը կթու կովեր են, մոտ 20-25 տոկոսը՝ մանր եղջերավոր անուսուններ: Նրա խոսքով՝ նույն թվով գլխաքանակի անկում գրանցվել է նաև խոզերի պարագայում.
«Կարծում եմ, որ ստեղծված պատկերը ոլորտի ղեկավարության թույլ տված մեծագույն թերացումների արդյունք է, որի ղեկավարը, այդպես էլ չհասկացանք՝ գինեգո՞րծ էր, ցրի՞չ, թե՞ շինարար, պարզ չէ: Պետք է, ի վերջո, հասկանալ, որ այս բնագավառը տգետ մարդկանց չի սիրում: Այստեղ կցանկանամ ուշադրություն հրավիրել մի զավեշտալի իրավիճակի վրա, ըստ որի, ինչպես արդեն ասացի՝ գրանցվել է 35.000 գլուխ կթու կովերի գլխաքանակի անկում, բայց չգիտես՝ ինչպես, 10-12 տոկոսով ավելացել է կաթնատվությունը: Թե ինչպե՞ս է դա հնարավոր, դեռևս պարզ չէ, ամեն դեպքում կաթնամթերքի սպառողներին խորհուրդ կտամ համապատասխան հետևություններ անել, ըստ որի՝ չի բացառվում, որ շուկայում սպառվող կաթնամթերքի հումքը ոչ թե բնական կաթն է, այլ արհեստական կաթի փոշին»:
Խոսելով Գյուղատնտեսության նախարարությունում առկա համակարգային խնդիրների մասին, Հրաչ Բերբերյանը նշեց՝ նախարարության ողջ կազմը պետք է վերանայվի, ապաքաղաքականացվի, և այդ նախարարությունը պետք է աշխատի՝ ծառայելով միայն գյուղացու շահերի սպասարկման համար:
Անդրադառնալով վերահսկիչ պալատի բացահայտումների թեմային, բանախոսը բարձրաձայնեց մտահոգիչ ցուցանիշների մասին՝ հույս հայտնելով, որ ստեղծված իրավիճակը կստանա իրավական լուծումներ:
Մանրամասները՝ տեսանյութում