«Հայաստանի թիվ մեկ բրենդը փոփոխությունների անշրջելիությունն է». Աշոտ Բլեյան

Այսօր «Մեդիա կենտրոնում» ՀՀ կրթական ոլորտի ներկայացուցիչներն ազդարարեցին «Այլընտրանքային հանրակրթության աջակիցների միության» ստեղծման մասին, ներկայացրեցին ձևավորված միության կազմը, նպատակներն ու գործառույթները։

Հանդիպմանը մասնակցում էին այլընտրանքային հանրակրթության աջակիցների միության հիմնադիր անդամներ՝ «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը, «Արեգնազան» կրթահամալիրի ուսուցիչ, ԵՊՀ-ի դասախոս Արա Աթայանը, կրթության փորձագետ, ԵՊՀ-ի դասախոս Սերոբ Խաչատրյանը:

Հանդիպման մեկնարկին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը հակիրճ ներկայացրեց «Այլընտրանքային հանրակրթության աջակիցների միության» հռչակագիրը, մասնավորապես ընդգծելով ՝ «Այլընտրանքային հանրակրթության աջակիցների միությունը» ձևավորվել է ՀՀ կրթական ոլորտի մի շարք ներկայացուցիչների՝ ուսումնական հաստատությունների և անհատների նախաձեռնությամբ՝ Հայաստանում այլընտրանքային կրթության զարգացման ու կրթական համակարգի բարելավման նպատակով։ Միության գործունեության հիմքը դրվել է կողմերի միջև ստորագրված հռչակագրով։ Միության անդամները, լինելով տարբեր մանկավարժական մոտեցումների կողմնակիցներ, համոզված են, որ համագործակցության և գաղափարների փոխանակման, ստեղծագործական որոնումների մթնոլորտը կնպաստի ամբողջ կրթահամակարգի զարգացմանը:

Որպես հեղինակային կրթական ծրագրի՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն, Աշոտ Բլեյանը հարկ համարեց շեշտադրումներ կատարել հատկապես մի քանի հարցերի վրա, չմոռանալով հավելել՝ նոր ստեղծված միությունը կրթական այլընտրանքային հաստատությունների միավորում է.

«Երկու բան, որ կուզենայի հատուկ ընդգծել՝ վերջերս շատ են օգտագործում «քաղաքական բանտարկյալ» եզրույթը: Ես փոխարենն օգտագործում եմ ՝ քաղաքացի բանտարկված, և սրանով նկատի ունեմ ոչ միայն կալանավայրերում բանտարկված մարդկանց, այլև երեխաներին ու մարդկանց, ում պարզապես ստիպել են նստել, ասենք՝ 12 ուսումնական տարի: Նրանց ես նույնպես համարում եմ բանտարկվածներ: Այլընտրանքն ու մեր նախաձեռնության գլխավոր գործառույթը հենց այստեղ է, իմ կարծիքով՝ ազատագրել երեխային, ուսուցչին, ազատագրել մարդու միտքը, ոգեղենություն հաղորդել, և այլն, որպեսզի ինքը դառնա իր աշխատանքի, իր գործի հեղինակը»,- նշում է հանդիպման բանախոս Աշոտ Բլեյանը:

Աշոտ Բլեյանը նկատում է՝ ինքը երբեք չի հանդուրժել անպատասխանատվության այն երևույթը, որ պետության անվան տակ փոխանցվել է Կրթության նախարարությանը, մարզպետին կամ ում ասես.

«Յուրաքանչյուրը պարտավորված է իրացնել սեփական պատասխանատվության բաժինը: Երբ ասում ենք՝ հեղինակային դպրոց, կամ հեղինակային մանկավարժություն, հենց սա նկատի ունեմ: Ստեղծագործ, իրենց գործի հեղինակ ուսուցիչներն արդեն ի մի են բերում ուսումնական տարին՝ ինչ տվեց այն իրենց և աշակերտներին, և ինչ փոխանցել հաջորդ տարիներին: Հենց այս փոխանցման մեխանիզմի մեջ է, որ ես կցանկանամ երկու բան առանձնացնել՝ համակարգը պետք է լինի բաց, մինչև վերջ բաց և՛ ֆիզիկական միջավայրում, ինչպես նաև բաց՝ կարծիքների և տեսակետների ազատ քննարկման տիրույթում: Առհասարակ ես կուզենայի հատուկ ընդգծել՝ Հայաստանի թիվ մեկ բրենդը փոփոխությունների անշրջելիությունն է»:

Անդրադառնալով համակարգում առկա կարևոր հարցերից մեկին՝ հանրակրթական դպրոցների մատչելության խնդիրներին, Աշոտ Բլեյանը նկատում է՝ լինելով պետական կազմակերպություն և ցուցաբերելով նկատելի հետևողականություն, իրենց մինչ օրս չի հաջողվել քաղաքապետարանին համոզել, որպեսզի վերջիններս խտրականություն չդնեն քաղաքային ենթակայության կամ ոչ քաղաքային ենթակայության ուսումնական հաստատությունների միջև: Աշոտ Բլեյանը շեշտում է՝ երկու դեպքում էլ դուք գործ ունեք երևանցիների հետ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս