Իրանը ԵՄ-ին խոստացել է կատարել միջուկային գործարքը. The Wall Street Journal
Իրանը ԵՄ-ին խոստացել է կատարել իր միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը, եթե հանրակցության երկրները կարողանան փոխհատուցել այն վնասը, որը Թեհրանին կպատճառեն Վաշինգտոնի պատժամիջոցները, որը որոշել է դուրս գալ միջուկային գործարքից:
Այդ մասին մայիսի 20-ին հայտնել է The Wall Street Journal թերթը: Հրատարակությունը հղում է արել Իրանի փոխնախագահ, հանրապետության ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհիի հայտարարությանը:
Վերջինս անցած հանգստյան օրերին Թեհրանում հանդիպում է ունեցել էներգետիկայի հարցերի եվրահանձնակատար Միգել Արիաս Կանիետեի հետ, որը, թերթի տվյալներով, Իրանին առաջարկություններ է ներկայացրել նրա տնտեսական մեկուսացման կանխման վերաբերյալ, ինչպես նաեւ փորձել է հանրապետությունից ստանալ միջուկային համաձայնագրի հանձնառության երաշխիքներ:
«Մենք հուսով ենք, որ այն, ինչ նրանք մեզ ներկայացրեցին, կիրականանա»,- ասել է Սալեհին, որը Թեհրանում զրուցել է արեւմտյան լրագրողների հետ: Ինչպես ընդգծում է հրատարակությունը, փոխնահագահը հայտարարել է, որ ԵՄ-ի ներկայացուցիչներին կոչ է արել հանդես գալ Վաշինգտոնի դեմ եւ պահպանել գործարքը:
Նա նշել է, որ Թեհրանը կկատարի համաձայնագիրն այն դեպքում, եթե ԵՄ-ի ջանքերն ընդհանուր առմամբ կարողանան փոխհատուցել այն վնասը, որը Իրանին կհասցնեն ամերիկյան պատժամիջոցները:
«Գնդակը նրանց դաշտում է»,- նշել է Սալեհին: Մայիսի 19-ին Կանիետեն, ամփոփելով Սալեհիի հետ կայացած հանդիպման արդյունքները, հայտարարել է, որ կողմերը պայմանավորվել են նոյեմբերի վերջին Բրյուսելում բարձր մակարդակի սեմինար անցկացնել միջուկային համագործակցության շուրջ: Բացի այդ, Կանիետեն եւ Սալեհին հավաստել են հանձնառությունը գործող միջուկային գործարքին:
Եվրահանձնաժողովը մայիսի 18-ին միջոցառումների առաջին փաթեթն է ընդունել Իրանում ԱՄՆ-ի պատժամիջոցներից ԵՄ-ի ընկերությունների պաշտպանության վերաբերյալ՝ իրավաբանորեն դրանք լուծարելով Եվրամիության տարածքում: Առաջին քայլը դարձել է «արգելափակող կանոնակարգի» հաստատումը, որը «արգելում է ԵՄ-ի ընկերություններին՝ կատարել ԱՄՆ-ի արտերկրյա պատժամիջոցները, թույլատրում է ընկերություններին դատական կարգով փոխհատուցել կորուստները այդ պատժամիջոցները կատարող երրորդ անձանցի գործողություններից եւ չեղարկում է ԱՄՆ-ի պատժամիջոցների կատարման վերաբերյալ օտարերկրյա ցանկացած դատական վճռի գործողությունը ԵՄ-ի տարածքում», ասված է փաստաթղթում:
Երկրորդ քայլը դարձել է Եվրոպական ներդրումային բանկի կողմից Իրանում եվրոպական նախագծերին ֆինանսավորում տրամադրելու կարգի պարզեցումը: Երրորդը՝ համակողմանի տնտեսական գործընկերության ակտիվացումը, մասնավորապես, Էներգետիկայում: Եվրահանձնաժողովը նաեւ առաջարկել է հանրակցության երկրներին՝ ստեղծել Իրանի Կենտրոնական բանկին ուղղակի բանկային վճարումների մեխանիզմ՝ առանց օտարերկրյա միջնորդ բանկերի, հաղորդել է ՏԱՍՍ-ը: