«ՀՀ նոր իշխանությունների դիրքորոշումներն Արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ շատ քիչ են տարբերվում». վերլուծաբան

Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո առաջին անգամ ՀՀ ԱԳՆ-ն վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումը բանակցային գործընթացում: ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը նշել է, որ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում համանախագահ երկրների առաջարկների հիման վրա Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը: Դրա համար հարկավոր է 2016 թվականի Ադրբեջանի ագրեսիայից հետո բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչել»,- ընդգծել է Տիգրան Բալայանը:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ այն պայմաններում, երբ Ադրբեջանի ղեկավարությունը՝ ի դեմս Իլհամ Ալիևի, որևէ պատեհ առիթ բաց չի թողնում սպառնալ ԼՂՀ-ին, ՀՀ-ին և նույնիսկ խոսում է Հայաստանի մայրաքաղաքը գրավելու մտադրության մասին, ապա պետք է հասկանալ, որ այս իրավիճակում բանակցությունները ձևական բնույթ են կրում։ «Դրանք բանակցություններ են բանակցությունների համար, և ոչ թե՝ կարգավորման համար։ Քանի դեռ չկա կարգավորման մթնոլորտ, կարգավորում տեղի ունենալ չի կարող, սա աքսիոմա է»,- ասել էր Փաշինյանը: Սակայն նա նաև նշել էր, որ ամեն ջանք գործադրելու է, որպեսզի Արցախը վերադառնա բանակցային սեղանի շուրջ:

Խոսելով հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման մասին՝ նա նշել է, որ հայկական կողմերը միշտ էլ խաղաղ հանգուցալուծման կողմնակից են, իսկ Ադրբեջանը մշտապես օգտագործում է ռազմատենչ հռետորաբանություն: Փաշինյանը նաև շեշտել է, որ քանի դեռ Ադրբեջանն օգտագործում է ռազմատենչ հռետորաբանություն, փոխզիջումների մասին խոսք լինել չի կարող: Հայաստանի վարչապետի խոսքով՝ Ադրբեջանից պետք է հստակ ուղերձ լինի, որ Բաքուն ճանաչում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

Գերմանացի կովկասագետ Ուվե Հալբախը «168 Ժամի» հետ զրույցում ասաց, որ ՀՀ ԱԳՆ ներկայացուցչի մեկնաբանությունը տեղին էր, քանի որ ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո ադրբեջանական մամուլում շրջանառվում են ակտիվ տեսակետներ, հորդորներ ՀՀ նոր ղեկավարությանը, որպեսզի հակամարտությունը կարգավորվի Ադրբեջանի ուրվագծած բանակցային սցենարով:

Ըստ նրա, երբ ադրբեջանական կողմը Փաշինյանին դեռ չի փորձել բանակցությունների ընթացքում, չի ճանաչում նրա դիվանագիտական հմտությունները և այն, թե ինչ սպասել, որոշ ճշգրտումների կարիք կար, թե ինչ ուղով է պատրաստվում առաջ մղել բանակցությունները հայկական կողմը, և որոնք են իր առաջնահերթությունները:

«Հայկական կողմը փորձել է շեշտել, որ երկրում տեղի ունեցած իշխանափոխությունը չի անդրադարձել բանակցային գործընթացում հայկական կողմի մոտեցումների վրա, և դրանք անփոփոխ են` Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարում:

Այսինքն` հայկական կողմը հասկացրեց, որ մինչ կարգավորման բանակցություններին անցնելը, որի վերաբերյալ ՀՀ նորընտիր վարչապետը որոշ դիտարկումներ է արել, այդ թվում՝ Արցախի մասնակցություն, Ադրբեջանը պետք է կատարի իր ստանձնած պարտավորություններն ապրիլյան պատերազմից հետո, այլապես չի կարող լինել կարգավորում»,- ասաց Հալբախը:

Հարցին, թե կընդունի՞ արդյոք Ադրբեջանը ՀՀ նորընտիր վարչապետի դիրքորոշումն այն մասին, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան, Ուվե Հալբախը պատասխանեց, որ Ադրբեջանի իշխանությունները ներկայումս փորձում են հակասություններ գտնել հայկական կողմի արտահայտած տեսակետներում, որի նպատակն է՝ խուսափել այս շատ կարևոր հարցի վերաբերյալ հստակ դիրքորոշում հայտնելուց:

Բնականաբար, Հալբախի համոզմամբ, Ադրբեջանը դրան դեմ է: «Բայց կարծում եմ` միջնորդները կաջակցեն Հայաստանի այս դիրքորոշմանը՝ հաշվի առնելով ապրիլյան պատերազմի սանձազերծումն Ադրբեջանի կողմից: Սա յուրօրինակ դաս կդառնա Ադրբեջանի համար: Կարծում եմ` Արևմուտքը, Ռուսաստանը կհամաձայնեն այս հարցում, քանի որ ապրիլյան պատերազմի նման զարգացումները իրենց շահերի դեմ են»,- ասաց Հալբախը:

Ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովն էլ ասաց, որ ՀՀ նոր իշխանությունների դիրքորոշումներն Արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ, ըստ էության, շատ քիչ են տարբերվում նախորդ իշխանության քաղաքականությունից, ինչը, նրա խոսքով, նշանակում է, որ նոր իշխանության հետ բեկումներ արտաքին քաղաքականության այս ոլորտում ակնկալել պետք չէ հատկապես, երբ ադրբեջանական կողմում նաև փոփոխություններ տեղի չեն ունեցել:

«Միակ նոր շեշտադրումն Արցախի վերադարձն է բանակցային սեղան, որի իրագործումը հայ-ադրբեջանական հակամարտության այս հակասությունների պայմաններում դժվար խնդիր է:

Ադրբեջանական կողմում թյուրընկալումներ թույլ չտալու համար ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչը նշում է, որ բանակցությունները կվերսկսվեն այն կետից, որում ավարտվել են վերջին հանդիպումից հետո և, ըստ էության, որևէ առաջընթաց տեղի չի ունենում վերջին երկու տարվա ընթացքում: Նույնիսկ կողմերի դիրքորոշումները հասկանալու դեպքում դժվար է պատկերացնել, թե ինչպես են ընթանալու առաջիկա բանակցությունները:

Հայաստանի կողմից բանակցող է փոխվելու, ամենայն հավանականությամբ, բանակցություններում Հայաստանը ներկայացված կլինի Փաշինյանի տեսքով, նա նման բանակցությունների փորձ չունի, Ադրբեջանը հույսեր է կապում, որ կկարողանա ինչ-որ զիջումներ կորզել, թեև Փաշինյանը նշել է, որ Ադրբեջանի ներկայիս հայտարարությունների շարունակության դեպքում զիջումների մասին խոսելն ավելորդ է»,- ասաց Սկակովը:

Ռուս քաղաքագետը շեշտեց, որ ադրբեջանական մամուլում անհանգստություններ կան, որ Հայաստանը կճանաչի Արցախը:

«Վաղուց եմ նշել, որ սա ճիշտ քայլ կլինի Հայաստանի կողմից, և Հայաստանը վաղուց պետք է ճանաչեր Արցախը, ՀՀ-ն պետք է լիներ առաջին երկիրը: Սակայն նման մտադրություն, ցավոք սրտի, չկա, դիրքորոշումները չեն փոխվել ո՛չ Հայաստանում, ո՛չ Ադրբեջանում: Այնպես որ՝ ես մնում եմ իմ կարծիքին, որ առաջընթացի կամ փոփոխության որևէ հույս ԼՂ հակամարտության վերաբերյալ չկա: Կողմերը միմյանց են թելադրում պայմաններ, դրանք ընդունելի չեն, բանակցություններ տեղի են ունենում, ապա ընդհատվում են, և այդպես՝ տարիներ շարունակ:

Պահը հասունացել է, որ նոր մտքեր, գաղափարներ հայտնվեն, քանի որ ներկայիս իրավիճակի երկարաձգումը հարվածի տակ է դնում Մինսկի խմբի ձևաչափը, որը միակ թելն է, որը կապ է ապահովում Հայաստանի և Ադրբեջանի միջև: Ընդհանուր առմամբ, վստահ եմ, որ բանակցություններում ոչինչ չի փոխվի Հայաստանում իշխանության փոփոխությամբ»,- ընդգծեց Սկակովը:

Տեսանյութեր

Լրահոս