«Այդ կապիտալը օգտագործելը իրենց համար բարդ է լինելու». քաղաքագետ
Նոր ձևավորվող կառավարությունը չի կարելի անվանել ազգային համաձայնության կառավարություն, որովհետև այնտեղ ներկայացված չէ ԱԺ խոշոր ուժերից մեկը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը:
«Հաշվի առնելով քաղաքական խաղի կանոնները, պարզ է, որ պետք է ձևավորվեր կառավարություն, որը չենք կարող անվանել ազգային համաձայնության կառավարություն, որովհետև այնտեղ ներկայացված չի ԱԺ խոշոր ուժերից մեկը։ Սակայն համաձայնության, կամ կոալիցիոն տեսանկյունից ինչ-որ էլեմենտներ առկա են։ Բնականաբար, խոսքն այն նախարարների մասին է, ովքեր ներկայացնում են ՀՅԴ-ն և «Ծառուկյան» դաշինքն ու օժանդակել են Փաշինյանին վարչապետի ընտրության ժամանակ»,- ասաց Մարգարովը:
Նա տրամաբանական է համարում, որ Կառավարությունում իրենց պորտֆելները ստանում են «Ծառուկյան» դաշինքի և ՀՅԴ-ի ներկայացուցիչները: Քաղաքագետի պնդմամբ՝ տրամաբանական է նաև ենթադրել, որ այս համամասնական բաշխումը շարունակվելու է փոխնախարարների և մարզպետների նշանակման պարագայում նույնպես:
«Կարելի է առանձնացնել նաև այն դաշտը, որը քաղաքականացված չէ, բայց ներկայացնում է այն շերտը, որոնք իրենց երաշխավորել են որպես պրոֆեսիոնալներ այս կամ այն ոլորտում։ Հատկապես խոսքը Արտաքին գործերի և պաշտպանության նախարարության մասին է, որտեղ երևում է, որ նշանակումները եղել են՝ հաշվի առնելով ձեռք բերված տեսական պայմանավորվածությունները և պատրաստակամությունը տվյալ մարդկանց կողմից՝ աշխատել նորանշանակ վարչապետի թիմի հետ»,- ասաց Ալեքսանդր Մարգարովը:
Ելնելով այն հանգամանքից, որ Հայաստանի Հանրապետությունում քաղաքականությունը ինչ-որ առումով անձնավորված է, այլ ոչ թե ինստիտուցիոնալիզացված՝ փորձագետը նկատեց, որ Կառավարությունը և Փաշինյանն ունեն բավականին մեծ սոցիալական կապիտալ, որը նրանք ձեռք են բերել այս բողոքի ալիքի շրջանակում։
«Այդ կապիտալը օգտագործելը իրենց համար բարդ է լինելու՝ փորձելով բարեփոխումներ իրականացնել: Գտնվելով օբյեկտիվ աշխարհաքաղաքական իրավիճակում և ունենալով սոցիալ տնտեսական սահմանափակումներ՝ պարզ է, որ բարեփոխումների գործընթացը բարդ է լինելու»,- նշեց քաղաքագետը: