Բաժիններ՝

Իրանում գնահատել են ԱՄՆ-ի պատժամիջոցների հնարավոր ազդեցությունը ՌԴ-ի հետ համագործակցության վրա

Իրանը մտադիր է ընդլայնել տնտեսական կապերը Ռուսաստանի հետ, ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների վերականգնման հեռանկարը չի ազդի արդեն գործող եւ նոր պարտավորագրերի վրա, այդ թվում՝ նավթի-գազի ոլորտում: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի խորհրդարանի տնտեսական հարցերի կոմիտեի նախագահ Մոհամադ Ռըզա Փուր-Էբրահիմին:

«Անտարակույս, դա այդպես է: Ոչ միայն նախկին պայմանավորվածություններն են ուժի մեջ մնում, այլեւ կլինեն նորերը, կլինեն նոր պարտավորագրեր: Միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի հարցը եւ դրանից ԱՄՆ-ի դուրս գալը չեն ազդի մեր հարաբերությունների վրա»,-ասել է Փուր Էբրահիմը: «Կարեւորագույն ոլորտներից մեկը նավթն է, գազը, էներգետիկան: Այստեղ մի շարք նախադրյալներ կան պայմանավորվածությունների հասնելու համար»,-հավելել է նա:

Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ին համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ: Երկարատեւ բանակցություններն ավարտվել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդունմամբ:

2016 թվականի հունվարի 16-ին հայտարարվել է ԳՀՀԾ-ի իրականացումն սկսելու մասին, որին հավանություն է տրվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւով: Այդ ծրագիրը նախատեսում է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների վերացում: Փոխարենը Թեհրանը պարտավորվել է սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո:

Թրամփը մայիսի 8-ին հայտարարել է իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից Վաշինգտոնի դուրս գալու մասին; Ինչպես հայտարարել է ամերիկյան վարչակազմի ղեկավարը, ԳՀՀԾ-ն Իրանին հնարավորություն է տալիս միջուկային ռումբ ստեղծել՝ շրջանցելով սահմանափակումները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս