Երուսաղեմում իրավիճակը հանգիստ է, հայ համայնքն ապրում է իր բնականոն կյանքով
Երուսաղեմում իրավիճակը հանգիստ է, հայ համայնքն ապրում է իր բնականոն կյանքով: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Հովնան Բաղդասարյանը:
«Դեպքերը տեղի են ունենում Գազայում, այն բավական հեռու է Երուսաղեմից, առավել ևս՝ հայկական թաղամասից: Այս պահին կարող եմ ասել, որ հայկական թաղամասում ապրում ենք մեր առօրյա բնական կյանքով, խաղաղ է, հանգիստ է, ոչ մի խնդիր չունենք: Շաբաթվա հետ կապված մեր բոլոր ծրագրերն իրականացնում ենք: Անշուշտ, մտահոգ ենք, որ նման բռնություն է եղել»,-ասաց Հովնան Բաղդասարյանը:
Ինչ վերաբերում է այդ զարգացումների հնարավոր ազդեցությանը հայ համայնքի վրա՝ Հովնան Բաղդասարյանը նշեց, որ ազդեցությունը կարող է ընդհանուր հասարակության վրա լինել, ոչ թե առանձին հայ համայնքի:
«Կարող է այս ամբողջ իրադարձություններն ազդեն հայ առևտրականների, առհասարակ բիզնեսի վրա, ինչը տրամաբանական է, որովհետև հայ առևտրականերն էլ ընդհանուր հասարակության մի մասն են»,-ասաց նա:
Թե Գազայի բախումներն ինչ զարգացումներ կարող են ունենալ, ըստ Հովնան Բաղդասարյանի, դժվար է ասել: Դա կախված է նրանից, թե իսրայելական ոստիկանությունն իրադարձություններն ինչպե՞ս կպահի վերահսկողության ներքո:
«Այն, ինչ տեղի է ունենում, այս պահին դեռ միայն Գազայում է, արևելյան ափում էլ ինչ-որ բախումներ եղել են: Թե այս զարգացումներն ինչ ընթացք կունենան, արդյոք կկարողանա՞ն իսրայելական զինվորական ուժերն այս ամենը հսկողության տակ պահել, դժվար է ասել: Այս պահին դեռ իրավիճակը վերահսկելի է: Անշուշտ, բռնությունները, զոհերը մտահոգում են թե միջազգային հանրությանը, թե տեղի հասարակությանը»,-հավելեց նա:
Թե ինչ զարգացումներ կլինեն իսրայելա-պաղեստինյան հարաբերություններում, արաբագետ Արմեն Պետրոսյանի խոսքով, դժվար է ասել, սակայն կարծում է, որ առաջիկա երկու, երեք օրերը կլինեն բարձրակետը:
«Ամեն դեպքում, կարծում եմ, որ աստիճանաբար լարվածությունը կնվազի, որովհետև տարածաշրջանում բարդ և խնդրահարույց վիճակ է, գրեթե բոլոր հակամարտություններում նկատվում է լարվածություն: Կարծես թե պաղեստինցիներին աջակցող պետություններն ընկղմված են սեփական խնդիրների մեջ և ավելի համակողմանի աջակցություն չեն կարող ցուցաբերել»,-ասաց Արմեն Պետրոսյանը:
Արաբագետի խոսքով՝ չափազանց կարևոր է, որ ստեղծված խնդրի շուրջ ընթացող զարգացումները վերադառնան քաղաքական շրջափուլ, սակայն դրա համար ներկայում ընթացող զարգացումները որևէ դրական հիմքեր չեն հաղորդում:
«Հուսադրելի է այն հանգամանքը, որ բուն Երուսաղեմում իրադարձությունները բավական հանգիստ են, և իսրայելական իրավապահները կարող են ամբողջությամբ պահպանել Երուսաղեմի անվտանգությունը՝ չհաշված մուսուլմանական սրբատեղիների հատվածում ժամանակ առ ժամանակ գրանցվող միջադեպերը»,-ասաց նա:
Արմեն Պետրոսյանի կարծիքով՝ միջազգային հանրությունը պետք է խստապահանջ լինի Իսրայելի իշխանությունների նկատմամբ, որպեսզի նրանց կողմից պաղեստինցիների դեմ իրականացվող գործողությունները որևէ կերպ չշրջանցեն մարդասիրական իրավունքի նորմերը: Նա ընդգծեց, որ Հայաստանը, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, Երուսաղեմ քաղաքում հայկական ներկայության թիկունքին կանգնած պետություն, ևս պետք է այս առումով որոշակիորեն բարձրացնի իր ձայնը: