«Կրկին ու կրկին խնդրում եմ Գարեգին Չուգասզյանին դադարեցնել հացադուլը». Արարատ Միրզոյան

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Կրկին ու կրկին խնդրում եմ Գարեգին Չուգասզյանին դադարեցնել հացադուլը։

Ինչպես մի քանի օր առաջ քրեակատարողական հիմնարկում նրան տեսակցելիս մեր մասնավոր խոսակցության ժամանակ, այնպես էլ հիմա հրապարակավ հավաստում եմ, որ քաղաքական հայացքների համար շինծու մեղադրանքներով բանտարկված կամ զանազան արարքների համար քաղաքական պատճառներով պայմանավորված ոչ համաչափ պատիժ ստացած մարդկանց ազատության հարցը մեր առաջնային օրակարգում է։

Նորից ու նորից հավաստում եմ՝ մենք ապրում ենք Նոր Հայաստանում, որտեղ քաղաքական պատճառներով բանտում հայտնված մարդիկ չեն լինելու։ Հին համակարգը, միևնույն է, տեղի է տալու։ Հարցը, միևնույն է, լուծվելու է, և որևէ մեկը դրա համար իր առողջությանը անդառնալի վնաս հասցնելու կարիքը չունի։

Հ.Գ. Տեղեկացնեմ, որ բացի անձնական երաշխավորությամբ Գարեգին Չուգասզյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունից, փորձում եմ/ենք հասկանալ մյուսների հարցում կիրառվելիք ամենաարդյունավետ մեխանիզմները։ Առաջիկայում այս նպատակով հանդիպելու եմ Ժիրայր Սեֆիլյանի, Գևորգ Սաֆարյանի, Ներսես Պողոսյանի, ինչպես նաև Սասնա Ծռերի փաստաբաններին»։

Տեսանյութեր

Լրահոս