Բաժիններ՝

«Նաիրիտ-2»-ի իրական գնորդը Հակոբ Հակոբյանն է. Ինչպե՞ս կարող է կառավարությունը չեղարկել գործարքը

ՀՀ կառավարությունն այս տարվա մարտի 1-ին էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի առաջարկով «Նաիրիտ-2» ՓԲԸ-ին պատկանող գույքը՝ Երևան քաղաքի Արտաշատի խճուղի 5/1 հասցեի շենք-շինությունները և դրանցով զբաղեցրած, սպասարկման ու օգտագործման համար անհրաժեշտ 10.3 հա հողատարածքը, ուղղակի վաճառքի ձևով օտարեց «Ա-Ս ԻՆՎԵՍԹՄԵՆԹՍ» ընկերությանը:

Վերջինս «Նաիրիտ-2»-ի տեղում  մտադիր է ստեղծել հյուրանոցային համալիր, արտադրամաս, գործարան, բիզնես կենտրոն, բեռնափոխադրումներ իրականացնող մեքենաների կայանատեղի:

Այս վաճառքի գործարքում մտահոգիչն այն էր, որ «Նաիրիտ-2»-ի գույքն օտարվեց մի ընկերության, որը հիմնադրվել էր ընդամենը 1 շաբաթ առաջ՝ փետրվարի 22-ին: Պետական ռեգիստրում դրա միակ սեփականատեր գրանցված է 25-ամյա Գևորգ Արմենի Հակոբյանը:

Սակայն առավել մտահոգիչ է այն, որ այս ընկերության իրական սեփականատերը ՀՀԿ-ական պատգամավոր, ՀՀԿ խորհրդի անդամ Հակոբ Հակոբյանն է, իսկ Գևորգ Հակոբյանը նրա ազգականն է՝ եղբորորդին։

168.am-ի աղբյուրների համաձայն՝ Հակոբ Հակոբյանն այս «խաղի» մեջ հայտնվել է իր ընկերոջ՝ «Նաիրիտ 2»-ի գլխավոր տնօրեն Գագիկ Հակոբյանի միջոցով։ Դա է պատճառը, որ գույքը չափազանց էժան է գնահատվել։

«Նաիրիտ գործարանի» նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանը մեզ հետ զրույցում նշեց, որ «Նաիրիտ-2» ՓԲԸ-ի գույքի իրական արժեքը կարող է ավելի քան 5 մլն դոլար լինել: «Միայն հիմնական շենքը, որտեղ ղեկավար կազմն էր նստում, նոր է, բոլորովին վթարային չէ և առնվազն 3-4 մլն դոլար արժի»,- ասաց Կ. Իսրայելյանը։

Մինչդեռ մարտի 1-ի դրությամբ շենք-շինությունների արժեքը, դրանցով զբաղեցրած, սպասարկման ու օգտագործման համար անհրաժեշտ հողատարածքը գնահատվել է շուրջ 626 միլիոն դրամ կամ մոտ 1.3 մլն դոլար:

Հենց այս հիմքով, որ գույքը չափազանց էժան է գնահատվել, կառավարությունը կարող է ստուգում հայտարարել, նոր գնահատում իրականացնել և վաճառքի մասին որոշումը չեղյալ համարել։

«Այդ շենքը եղել է «Նաիրիտ գործարանի» գիտաարտադրական կենտրոնը, բոլոր գիտական մշակումներն այնտեղ են արվել, և «Նաիրիտի» հետագա աշխատանքի համար այն հարկավոր է»,- կարծում է Կ.Իսրայելյանը։

Ի դեպ, ՀՀ կառավարությունն արդեն ունի վաճառքի գործարքը չեղարկելու փորձ։ 2016 թ. փետրվարին կառավարությունը չեղյալ համարեց Մարզահամերգային համալիրի վաճառքի պայմանագիրը, որը դրանից մոտ կես տարի առաջ վաճառվել էր կրկին նորաստեղծ «ՆՏԱԱ ինվեստմենտ գրուպ» ընկերությանը։ Այս դեպքում պայմանագրի լուծման պատճառն օտարված պետական սեփականություն հանդիսացող գույքի դիմաց վճարումները սահմանված ժամկետում չիրականացնելն էր։
«Նաիրիտ 2»-ի գույքի դեպքում, իհարկե, բոլորովին կարիք չկա սպասելու՝ վճարումը կարվի՞, թե՞ ոչ։ Այստեղ խնդիրն այլ է, և նորաստեղծ կառավարությունը պետք է օր առաջ քայլ անի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս