«Հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչպես է ՀՀ նոր կառավարությունը լուծում այդ հարցը»

ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդհանուր կետերով ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության կարևոր ուղղությունների վերաբերյալ իր մոտեցումները:

Արցախ կատարած իր աշխատանքային այցի ընթացքում անդրադառնալով ՀՀ-ԵՄ հարաբերությունների հեռանկարին իր վարչապետության ընթացքում՝ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է խորացնել հարաբերությունները ԵՄ-ի հետ.

«Այս առումով շատ կարևոր ենք համարում ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը: Հույս ունենք, որ այդ համաձայնագիրը Եվրամիության երկրներում կվավերացվի հնարավորինս արագ: Հաջորդ հարցը, որի շուրջ մենք հույս ունենք հնարավորինս արագ սկսել բանակցությունները, դա ՀՀ քաղաքացիների համար Եվրամիության մուտքի արտոնագրային ռեժիմի վերացումն է: Հույս ունեմ, որ մենք կոնկրետ արդյունքներ կգրանցենք այդ կապակցությամբ»,- նշել էր վարչապետը:

Փաշինյանը նաև խոսել էր հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ ասելով, որ դրանք զարգանալու են: Ըստ նրա՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում ինքն արտահայտել է իր դիրքորոշումը, որ հայ-ռուսական ստրատեգիական դաշնակցային հարաբերությունները պետք է զարգանան և խորանան՝ նաև ԵԱՏՄ և ՀԱՊԿ-ի շրջանակներում. «Իհարկե, մենք պետք է մտածենք, և՛ Ռուսաստանը, կարծում եմ, և՛ Հայաստանը, և՛ բոլոր անդամ երկրները, մեր անդամակցությունն այդ կազմակերպություններին առավել արդյունավետ դարձնելու վերաբերյալ»,- ասել է նա:

Նա պարզաբանել է, որ առևտրաշրջանառության ծավալները պետք է այնքան մեծանան, որ դա նկատելի և տեսանելի լինեն ՀՀ քաղաքացիների համար՝ տնտեսության ու բարեկեցության նոր մակարդակի ձևով։ «Իհարկե, հայ-ռուսական հարաբերություններում սպասում ենք միայն դրական զարգացումներ»,- հավելել է ՀՀ վարչապետը։

Ավելի վաղ Փաշինյանը նաև նշել էր, որ Հայաստանի իշխանությունները հայ-ռուսական հարաբերությունների մասին հարցին կարող են պատասխանել միատեսակ՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները շատ կարևոր են և կասկած չկա, որ այդ հարաբերությունները եղբայրական են։ Բայց, նրա խոսքով, դա չի նշանակում, որ մեր հարաբերություններում խնդիրներ չկան: Նա նաև նշել էր, որ իրենց նպատակը ոչ թե քննադատելն է, այլ երկխոսության միջոցով այդ խնդիրները լուծելը։

«168 Ժամի» հետ զրույցում Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ռիչարդ Չարնեցկին ասաց, որ ցանկացած նոր իշխանություն իր հետ արտաքին քաղաքական նոր հնարավորություններ է բերում: Ըստ նրա՝ բնականաբար, նոր հնարավորություններ կան նաև ՀՀ-ԵՄ հարաբերություններում: Թեև, նրա խոսքով՝ կա նաև մտավախություն, որ ժամանակավոր կառավարությունը կկենտրոնանա արտահերթ խորհրդարանական ընտրությունները շուտափույթ անցկացնելու վրա` խորապես չզբաղվելով արտաքին քաղաքական հարցերով:

«Երբ երկրի իշխանությունը հասարակությունից ունի բացառիկ մեծ աջակցություն, նրա քայլերն արտաքին քաղաքականության ոլորտում ավելի համարձակ են, արտաքին դերակատարների հետ նրա հռետորաբանությունն ավելի հստակ ու հաջող է: Բայց այս պահի դրությամբ Փաշինյանը դեռ միայնակ է, նրա ողջ Կառավարությունը պետք է իրականացնի այս բոլոր ծրագրերը, պատասխանատվությունը պետք է կիսվի, այս ուղղությամբ քայլեր պետք է իրականացնի նաև նշանակվելիք ԱԳ նախարարը, ով կամբողջացնի ՀՀ վարչապետի ծրագրերը:

Հուսով եմ` ամեն բան հարթ կընթանա՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներքաղաքական իրավիճակը քաղաքական ուժերի միջև շարունակում է լարված մնալ: Եթե նախորդ իշխանական կուսակցությունը չաջակցի որոշ հարցերում ժամանակավոր կառավարությանը, ապա երկրում տիրող անկայունությունը կշարունակվի, ինչն ուղիղ կերպով կանդրադառնա նաև ՀՀ արտաքին քաղաքական ծրագրերի վրա»,- ասաց Չարնեցկին:

Եվրոպական խորհրդարանի փոխնախագահի խոսքով, դրական ֆոն է ստեղծվել ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացը շուտափույթ ավարտին հասցնելու համար, քանի որ մինչ այս պահը կար մտավախություն, որ Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակի ուժային լուծումը հարվածի տակ կդներ համաձայնագիրը, բայց զարգացումները ցույց տվեցին, որ իրավիճակը հանգուցալուծվեց խաղաղ, առանց բռնի ուժի գործադրման խաղաղ ցուցարարների դեմ:

«Սա բարձրացրել է Հայաստանի հեղինակությունը, հուսով եմ՝ այս գործընթացը կաջակցի համաձայնագրի վավերացմանն առանց խնդիրների»,- նկատեց Չարնեցկին: Ըստ նրա, նույնը վերաբերում է նաև վիզաների դյուրացմանը: «Հայաստանի Հանրապետության քաղաքական կամքի պարագայում այդ նպատակն այնքան էլ անհասանելի չի թվում, թեև ԵՄ-ի ներսում այդ կապակցությամբ որոշ խնդիրներ կան»,- ասաց Չարնեցկին:

Մեր այն հարցին, թե հնարավո՞ր է համատեղել հարաբերությունների խորացումը և՛ Եվրամիության, և՛ Ռուսաստանի հետ, գերմանացի քաղաքագետ Ուվե Հալբախը պատասխանեց՝ հնարավոր է:

Ըստ նրա՝ նախորդ իշխանությունների փորձը որոշ տեղերում՝ ձախողված, որոշ տեղերում` հաջողված, ցույց է տվել, որ դա հնարավոր է:

«Բայց որքանով ինձ է հայտնի, ՀՀ նոր վարչապետը խոսել է նաև հայ-ռուսական հարաբերություններում առկա խնդիրների, օրինակ` Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու քաղաքականության խնդիրը լուծելու ցանկության վերաբերյալ: Հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչպես է ՀՀ նոր կառավարությունը լուծում այն հարցը, որը նախորդ կառավարությունը չկարողացավ լուծել, թեև հայտարարություններով անդրադառնում էր այդ խնդրին:

Զենքի վաճառքը Ռուսաստանի հարավկովկասյան քաղաքականության մեկ բաղադրիչն է, եթե դա ՀՀ իշխանությունների ճնշման արդյունքում փոփոխվի, կարելի կլինի մեծ հաջողություն համարել, քանի որ տարածաշրջանի ռազմականացման մակարդակը չափազանց բարձր է այդ վաճառքների շնորհիվ, ինչը վտանգավոր ցուցանիշ է, առավել ևս՝ հակամարտության առկայության դեպքում, և դա ԱՄՆ ուշադրության կենտրոնում է:

Եթե խնդիրների լուծմանը զուգահեռ՝ ապահովվում է զարգացում հարաբերություններում, և կա հանձնառություն, որ եվրոպական ուղղությամբ աշխատանքները կշարունակվեն, պետք է ողջունել և սպասել արդյունքներին: Եվրամիության համար այս պահին կարևորը ստորագրված համաձայնագրի իրագործումն է, որի վերաբերյալ Փաշինյանի վստահեցումները չափազանց կարևոր են ԵՄ դիրքորոշման մշակման համար»,- ասաց գերմանացի քաղաքագետը:

Նրա խոսքով, դիվանագիտության ընթացքում նոր ղեկավարության համար պարզ կդառնա, թե այդ ծրագրերից որ մասն է իրագործելի, և որը` ոչ, որովհետև ռուսական կողմը երկար ժամանակ հետսովետական տարածքում սովոր է եղել թելադրող դիրքեր ունենալ, և այս մոտեցումը փոխելը դժվար խնդիր է:

«Այնուամենայնիվ այս ուղղությամբ մեկ արդյունք մենք նկատել ենք՝ հեղափոխությանը Ռուսաստանի միջամտության բացակայության և հավասարակշռված հայտարարությունների տեսքով: Հետաքրքիր կլինի նաև հետևել Սոչիում ԵԱՏՄ ամբիոնից Փաշինյանի ելույթին, քանի որ Հայաստանի ԵԱՏՄ անդամակցության վերաբերյալ ևս Փաշինյանը դիտարկումներ է արել և նշել, որ այդ անդամակցությունը Հայաստանի քաղաքացու համար տեսանելի պետք է դառնա: Ուշագրավ են այս բոլոր հայտարարությունները, և պետք է տեսնել՝ ինչ արդյունքներ կարձանագրվեն»,- ասաց Հալբախը:

Ինչ վերաբերում է ՀՀ-ԵՄ վիզային դյուրացման գործընթացին, ապա, ըստ Հալբախի, եթե ՀՀ-ԵՄ համաձայնագիրը հաջողությամբ վավերացվի, հաջորդ քայլը կլինի վիզային դյուրացման ուղղությամբ արդյունավետ բանակցությունները: «Դրանք արդյունք կունենան, եթե Հայաստանը կատարի իր մյուս հանձնառությունները»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս