«Ո՞վ է պատասխան տալու Շիրակի պետական համալսարանի այս թալանի համար». Գագիկ Համբարյան
Շիրակի պետական համալսարանի նախկին դասախոս Գագիկ Համբարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրեց, թե ինչ խախտումներ է թույլ տվել ՇՊՀ ռեկտոր Սահակ Մինասյանը։
«ՇՊՀ ռեկտորը, չգիտեմ՝ ինչ միջոցներով, համապատասխան լիցենզիաներ է ստացել ԿԳՆ-ից՝ իրավագիտություն, քաղաքագիտություն, սոցիոլոգիա մասնագիտություններ տրամադրելու համար, և այդ լիցենզիաների կարևոր կետերից մեկը, որ բուհը պետք է ունենա երեք հիմնական գիտթեկնածու դասախոսներ, պահպանված չէ։ Ոնց որ ես իտալական շոկոլադի անվան տակ կեղծ շոկոլադ վաճառեմ»,- ասաց Համբարյանը։
Նա խայտառակություն է համարում Սահակ Մինասյանի վերջին հաշվետվության ֆինանսական մասը.
«Նախկին ռեկտոր Վարդևան Գրիգորյանը հայտարարեց, որ բուհին թողել է 500 մլն դրամ, իսկ պարոն Մինասյանի հաշվետվությունից պարզվում է, որ 2017թ. ֆինանսական գործունեության արդյունքում ՇՊՀ-ի բյուջեի բացասական սալդոն կազմում է 242 մլն 273 հազար դրամ։
Որպեսզի պատկերացնեք, թե ինչ փողերի լվացում է տեղի ունենում ՇՊՀ-ում, ասեմ, որ պարոն Մինասյանի թալանչիական գործունեության արդյունքում, պարզվում է, որ օրինակ՝ տրանսպորտային ծախսերի համար միայն 2.5 մլն դրամ տրամադրել է բուհի ֆուտզալի հավաքականին։ Այդ թիմի ծախսերն ահռելի են։ 1 ամիս առաջ Արցախի պետական համալսարանում խոշոր գիտաժողով տեղի ունեցավ, որին մեր ուսանողները ևս պետք է մասնակցեին, բայց պարոն Մինասյանը 200 հազար դրամ չտրամադրեց այդ երեխաներին, իսկ ֆուտզալի թիմին միլիոնավոր դրամներ է տալիս, որ շրջագայեն ամբողջ Հայաստանով մեկ»։
Համբարյանի խոսքով՝ 1 մլն 300 հազար դրամ Սահակ Մինասյանը տվել է բուհում դիզայներական ծառայությունների համար, իսկ բուհում գիտական գործունեությունը խթանելու համար տրամադրել է ընդամենը 1 մլն 100 հազար դրամ.
«Պարոն Մինասյանը 14 մլն դրամ տրամադրել է բուհի համար դիզելային գեներատոր (դվիժոկ) գնելու համար. մեր բուհը ոչ ռազմավարական օբյեկտ է, որ 2 ժամ հոսանք չլինելու պատճառով լուրջ խնդիրներ ունենա, ոչ էլ շատ կարևոր լաբորատորիա է, որ շիճուկներ փչանան, և այլն։ Հարց է առաջանում՝ 30 հազար դոլար որ տվել՝ այս գեներատորը գնել է բուհի հաշվին, քանի՞ անգամ է օգտագործել։ Նրա աշխատելու երկու տարվա ընթացքում այդ գեներատորը 4-5 անգամ չի աշխատել»։
Գագիկ Համբարյանն ընդգծեց, որ Սահակ Մինասյանը ԿԳՆ-ին տրամադրած ակտում նշել է, թե 15 մլն 900 հազար դրամ ծախսել է խոհանոցի վերանորոգման և կահավորման վրա, բայց 2017թ. հաշվետվությունից, ըստ նրա՝ պարզ է դառնում, որ այդ գումարը ծախսվել է ընդամենը բուհի համար կենցաղային սարքավորումներ գնելու համար. «Այնտեղ վերանորոգումն էլ է մտցրել, այստեղ արդեն անկեղծացել է, որ ոչ մի վերանորոգում էլ չկա, սա ընդամենը սարքավորում է։
Արդյունքում՝ մենք ունենք 242 մլն դրամից ավելի բացասական սալդո այն դեպքում, երբ պարոն Մինասյանը երբ եկել է բուհի ռեկտոր, բուհն առձեռն ունեցել է 395 մլն դրամ իր հաշվեհամարին, 70 մլն դրամ ստացել է պետությունից, և մոտ 120 մլն դրամ ուսանողները պարտքեր են ունեցել բուհին վճարի տեսքով, որը վճարվել է։ Հարց է առաջանում՝ ո՞վ է պատասխան տալու Շիրակի պետական համալսարանի այս թալանի համար։ 8 ամիս է՝ բարձրաձայնում ենք այս խնդիրների մասին, բայց բացարձակ ոչ մի արձագանք չկա»։
ՇՊՀ նախկին դասախոսը նշեց, որ, երբ սկսել են բարձրաձայնել վերոնշյալ խնդիրների մասին, Սահակ Մինասյանը հայտարարել է, թե նրանց թիկունքում մարդիկ կան.
«Սամվել Ֆարմանյանի, Սուքիաս Ավետիսյանի, Մարտուն Գրիգորյանի, Վարդևան Գրիգորյանի անուններն էր տալիս։ Այսինքն՝ մեր բարձրաձայնած խնդիրներից փորձելով շեղվել՝ անընդհատ ինչ-որ մարդկանց է մեր թիկունքում ման գալիս։ Երբ իր հանցագործությունների մասին բարձրաձայնում ենք, նա քաղաքականացնում է։ Այս ամենի մեջ քաղաքականություն փնտրել պետք չէ, ապացույցներ կան»։
Համբարյանն ընդգծեց, որ իրենց համար միևնույն է, թե Սահակն Մինասյանի փոքրիկ ֆան ակումբն ինչ է մտածում. «Դուրս ելած և իր կողքին գոռգռացող մարդիկ նրանք էին, ովքեր մեծ գումարներ էին ստանում։ Սահակ Մինասյանի օգնականը ստանում է 300 հազար դրամ, խորհրդականը ստանում է 200 հազար դրամ, 67-ամյա գործավարուհին, որը համակարգչից օգտվել չգիտի, թեյ ու սուրճ է եփում, ստանում է 200 հազար դրամ։ Գրադարանի տնօրենը ստանում է 350 հազար դրամ, գլխավոր ֆինանսիստը՝ 350 հազար դրամ, գլխավոր հաշվապահը՝ 350 հազար դրամ։ Եվ սա՝ ամենաաղքատ մարզում»։