Մեծամասնության կանոնից՝ դեպի իշխանության լեգիտիմություն

Վերջին մեկ ամսվա ընթացքում տեղի ունեցած զարգացումները հանգեցրել են ՀՀ-ում աննախադեպ իրավիճակի, երբ փողոց դուրս եկած ժողովուրդը պահանջում է վարչապետի պաշտոնում տեսնել իր թեկնածուին, իսկ խորհրդարանում մեծամասնություն կազմող քաղաքական ուժ հանդիսացող ՀՀԿ-ն սույն թվականի մայիսի 1-ին կայացած ընտրության ժամանակ դեմ քվեարկեց Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը:

Այս իրավիճակի մասին և դրան հանգեցրած պատճառներից խոսելիս հիշատակվում են, մասնավորապես, տնտեսական օլիգարխիկ համակարգը, սոցիալական անարդարությունը, քաղաքական իրողությունը: Այս ամենի հետ մեկտեղ՝ մենք կընդգծեինք իշխանության լեգիտիմության խնդիրը, որը գալիս է դեռևս 90-ական թվականներից: Ըստ էության իրավիճակ է առաջացել, երբ իշխանության լեգիտիմությունն ու լեգալությունը չեն համընկնում իրար հետ:

Ներկայումս ՀՀ-ում ստեղծվել է հենց այդպիսի իրավիճակ, երբ խորհրդարանում մեծամասնություն կազմող քաղաքական ուժն ունենալով լեգալություն, քանզի ձևավորվել է ընտրությունների արդյունքում, սակայն կորցրել է լեգիտիմությունը, ինչի մասին վկայում են զանգվածային քաղաքացիական անհնազանդության գործողությունները: Ընդ որում, այս առումով էական չէ շատերի կողմից բարձաձայնվող այն փաստարկը, որ ՀՀԿ-ն իր մեծամասնությունն ԱԺ-ում ստացել է ոչ արդար ընտրությունների արդյունքում:

Նման իրավիճակ ժողովրդավարական պետություններում, հնարավոր է՝ ստեղծվի անգամ, եթե ընտրությունները եղել են արդար, և քաղաքական ուժն իրոք ստացել է մեծամասնություն խորհրդարանում, սակայն ժամանակի ընթացքում կորցրել է իր վստահությունը ժողովրդի աչքերում: Այս առումով առաջացել է ճգնաժամային իրավիճակ, քանի որ, անգամ եթե Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ին ստանա 53 կողմ ձայն և ընտրվի վարչապետ, միևնույն է, իշխող քաղաքական ուժը կմնա խորհրդարանում մեծամասնություն կազմող ՀՀԿ-ն:

Միակ տարբերակն այս իրավիճակի փոփոխման հանդիսանում են արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որի համար պիտի ցրվի Ազգային ժողովը: Սակայն վերջինիս համար նախատեսված է երկու տարբերակ. Առաջինը՝ երկու անգամ անընդմեջ վարչապետ չընտրվելու դեպքում, երկրորդը՝ կառավարության ծրագրին հավանություն չտալու դեպքում խորհրդարանն արձակվում է իրավունքի ուժով:

Այսպիսով, առկա է մի իրավիճակ, երբ վերջին խոսքը խորհրդարանում մեծամասնություն վայելող, սակայն լեգիտիմություն չունեցող քաղաքական ուժինն է: Այլ կերպ ասած, առկա է մեծամասնության կանոնի դասական իրավիճակ: Այսինքն՝ իշխող կուսակցությունը՝ լինելով փոքրամասնություն հասարակության մեջ, այնուամենայնիվ հանդիսանում է խորհրդարանական մեծամասնություն:

Ստեղծված իրավիճակում մենք տեսնում ենք հետևյալ լուծումը, համաձայն որի՝ սահմանադրության դրույթներին համապատասխան՝ արձակվի խորհրդարանը, կայանան նոր ընտրություններ, ձևավորվի նոր խորհրդարան և ձևավորվի նոր կառավարություն, որի լեգիտիմությունն ու լեգալությունը համընկնեն:

Սակայն մինչ այս իրավիճակին հասնելը պետք է ստեղծվի անցումային շրջանի կառավարություն, որը պետք է համագործակցի խորհրդարանական մեծամասնության հետ: Ինչո՞ւ է այդ համագործակցությունը կարևոր:

Անցած տարիների ընթացքում ՀՀ կառավարման ձևը փոփոխվել է արդեն չորս անգամ։ 1991 թվականին սահմանադրական օրենքների հիման վրա խորհրդային կառավարման ձևից անցում կատարվեց դեպի կառավարման մի նոր ձև, որն առավել նույնականորեն կարելի է բնորոշել՝ որպես «հիբրիդային», քանի որ ներառում էր ինչպես՝ խորհրդային (սովետական), այնպես էլ՝ նախագահական և կիսանախագահական կառավարման մոդելների համար յուրահատուկ տարրեր։

1995 թվականի Սահմանադրությամբ ձևավորվեց խիստ նախագահակենտրոն (իսկ որոշ մասնագետների կարծիքով՝ գերնախագահական) կիսանախագահական կառավարման մոդելը։ 2005 թվականի սահմանադրական փոփոխությունների արդյունքում էականորեն սահմանափակվեցին ՀՀ նախագահի լիազորությունները, և ընդլայնվեցին խորհրդարանի և կառավարության իրավասությունների շրջանակները, և ձևավորված կառավարման մոդելը կարելի է բնորոշել՝ արդեն որպես խորհրդարանական-նախագահական կառավարման մոդել, որն այնուամենայնիվ չկորցրեց իր ավելի շատ նախագահակենտրոն հատկանիշները։ Վերջապես՝ 2015 թվականի սահմանադրական փոփոխությունների արդյունքում անցում է կատարվում խորհրդարանական կառավարման մոդելի, որը առավել ճշգրիտ կարելի է բնորոշել՝ որպես վարչապետակենտրոն։

Առաջին հայացքից այդքան տարբեր այս մոդելներն ունեին մեկ ընդհանրություն. Բոլորը կառուցված էին անձի շուրջ, ինչի արդյունքում տեղի էր ունենում իշխանության անձնավորում: Սա հետևանքն է մեր պատմական իրողության: Դարեր շարունակ չունենալով պետականություն, մենք զուրկ ենք եղել իրավական սովորույթ և քաղաքական մշակույթ ձևավորելու հնարավորությունից, և անկախություն ստանալուց հետո ակամայից որդեգրել ենք ամենավերջին համակարգի մոդելը, որին ծանոթ էինք:

Այսպիսով, խորհրդային բուրգանման ավտորիտար կառավարումն իր շարունակությունը գտավ նորանկախ Հայաստանում՝ նոր անվանումների ներքո:
Այս ռիսկն արդիական է առայսօր, քանզի խորհրդարանական հանրապետություններում, առավել քան այլուր, պետական կառավարումը և պետությունն ինքնին արտացոլումն է կուսակցությունների և կուսակցական համակարգի:

ՀՀ-ն չունի ձևավորված կուսակցական համակարգ և կուսակցական երկխոսության մշակույթ: Սա ամենամեծ խոչընդոտն է այն քաղաքական ուժի համար, որը հավակնում է իշխանության գալ՝ ժողովրդի վստահության քվեն ստանալով:

Բացի նրանից, որ քաղաքական համակարգը միակենտրոն է, իսկ տնտեսական համակարգը՝ օլիգարխիկ, այդ իրավիճակն իր արտացոլանքն է ստացել կուսակցություններում, որոնց ճնշող մեծամասնությունը բուրգանման է՝ կառուցված մեկ անձի կամ անձնական կապիտալի շուրջ: Անպատրաստի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը կարող է ստեղծել այն նույն իրավիճակը, որը հասցրել է հենց այս ճգնաժամին՝ ուղղակի խորհրդարանում կլինի այլ անունով մեծամասնություն, և կկրկնվեն նախկինում կատարած սխալները, երբ փոխարինվում էին անձերը և անտեսվում էին համակարգային փոփոխությունները:

Ժամանակավոր կառավարությունը պետք է առաջնային երեք խնդիր լուծի. Ընտրական օրենսգրքի փոփոխություն կատարի, տարանջատի կապիտալը պետական իշխանությունից և կարգավորի սեփականության հետ կապված այն խնդիրները, որոնք առաջնային պատճառներից են այս իրավիճակի, կարգավորի «Քաղաքական կուսակցությունների մասին» ՀՀ օրենքը, որպեսզի վերջիններս մեկ անձի քաղաքական կապիտալից կախված ակումբից՝ վերածվեն իրական քաղաքական կուսակցությունների՝ այստեղից բխող բոլոր փոփոխություններով:

Այդ իսկ պատճառով ժամանակավոր կառավարությունը պիտի երկխոսի առկա խորհրդարանական մեծամասնության հետ, ինչը, բացի նրանից, որ կնպաստի քաղաքական երկխոսության մշակույթի ձևավորմանը, կնպաստի նաև կրքերի հանդարտմանը և հնարավորություն կտա հասարակությանը կշռադատված ընտրություն կատարել կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ:

Այսպիսով, արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն պատշաճ նախապատրաստվելուց հետո: Հակառակ դեպքում՝ մենք դատապարտված ենք մեկ անգամ ևս անցնել այն ուղին, որը մեր պետությունն անցավ անկախանալուց հետո, և արդեն հաջորդ սերունդները ստիպված կլինեն մարտահրավեր նետել այն խնդիրներին, որոնց դեմ առ դեմ մենք ենք հայտնվել այսօր:

Ալեքսանդր Հարությունյան,
Իրավաբանական գիտությունների թեկնածու,
Հայաստանի Ամերիկյան համալսարանի դասախոս

Տեսանյութեր

Լրահոս