Մեծ Բրիտանիան պնդում է, որ Իրանի հետ գործարքից հրաժարումը սխալ կլինի
Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնն այն կարծիքին է, որ իրանական միջուկային ծրագրի շուրջ 2015 թվականին Թեհրանի հետ կնքված գործարքը լավագույն հնարավորությունն է՝ թույլ չտալու, որ Թեհրանի ձեռքում միջուկային զենք հայտնվի, իսկ Վաշինգտոնի մտահոգությունները կարելի է փարատել: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, ասված է նախարարի հոդվածում, որը նրա՝ ԱՄՆ-ում սկսվող այցի նախաշեմին հրապարակվել է The New York Times թերթում:
Խոսելով Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի մասին՝ Ջոնսոնը նշել է. «Մեր ունեցած բոլոր հնարավորություններից նրանք, որոնք մեզ թույլ են տալիս երաշխավորել, որ Իրանը երբեք միջուկային զենք չի ստանա, այդ պայմանագիրը ամենից քիչ թերություններն ունի»:
«Բնականաբար, այն ունի իր թույլ կողմերը, բայց ես վստահ եմ, որ դրանք կարելի է շտկել: Ներկայում որպեսզի հենց այդպես էլ տեղի ունենա, Մեծ Բրիտանիան աշխատում է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի եւ մեր ֆրանսիացի ու գերմանացի դաշնակիցների հետ»,-ընդգծել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը:
Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ին համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ: Երկարատեւ բանակցություններն ավարտվել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդունմամբ:
2016 թվականի հունվարի 16-ին հայտարարվել է ԳՀՀԾ-ի իրականացումն սկսելու մասին, որին հավանություն է տրվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւով: Այդ ծրագիրը նախատեսում է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների վերացում:
Փոխարենը Թեհրանը պարտավորվել է սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո: ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմը խստիվ քննադատում է այդ համաձայնագիրը եւ սպառնում է դուրս գալ դրանից՝ փաստաթուղթը համարելով «վատագույն գործարքը» ԱՄՆ-ի համար:
Համաձայնագրի վերանայման դեմ վճռականորեն հանդես են գալիս Ռուսաստանը եւ Չինաստանը: Իրանը պնդում է, որ ձեռք բերված պայմանավորվածությունները վերանայման ենթակա չեն: ՄԱԳԱՏԷ-ն, որն ստուգում է Թեհրանի կողմից ԳՀՀԾ-ի պայմանների կատարումը, հաստատում է, որ Իրանի կողմից խախտումներ չեն հայտնաբերվել: