Երիտասարդությանը հասկանալու փորձ

Օր օրի ընթացող բողոքի շարժումն ընդլայնվում է ու զարմացնում։ Միաժամանակ։ Իրավիճակը վերլուծողները, որպես կանոն, հենց իրենց համար անսպասելիության ու դրանից բխող զարմանքի փաստն են արձանագրում։ Բոլորին զարմացնում է երիտասարդության ներգրավվածության մասշտաբը ու, որ ավելի կարևոր է՝ որակը։ Հայաստանում, ինչպես ամենուր, ժողովրդական շարժման ամենաակտիվ հատվածն ուսանողությունն է։

Ավագ սերունդը՝ ի դեմս իշխանությունների, ամեն ինչ անում էր նման պատկերից խուսափելու համար։ Իշխանական ու իշխանության մաս կազմող համարյա բոլոր կուսակցությունները երիտասարդական թևեր ունեին։ 1995թ.՝ իշխանության մաս կազմող, իսկ 1998 թվականից՝ իշխող Հանրապետական կուսակցությունը տարիներ շարունակ եռագույն «բազեական» ճամբարներ էր կազմակերպում։

Ճամբարներ, ուր փորձում էր հայաստանցի երիտասարդության հետ նաև սփյուռքահայ երիտասարդներին կերտել «իր պատկերով ու նմանությամբ»։ Հանրապետության երկրորդ ու երրորդ նախագահներն ու տվյալ պահին գործող վարչապետներն էին իրենց թանկագին ժամանակից մաս հանում «բազե» հայտարարած երիտասարդներին։ Այցելում էին ճամբարներ, երիտասարդներին բացատրում ու ասում էին՝ «Դուք եք մեր ապագան», «Դուք եք մեր երկրի ապագա տերերը» ու նույնաբովանդակ այլ պլակատ-մտքեր։ Բայց երիտասարդության «մանկուրտացման» փորձերը միայն դրանով չէին ավարտվում։

Երկրի բուհական համակարգում իշխանությունների աչալուրջ հայացքի տակ «ուսանողական խորհուրդներ» էին ձևավորվում։ Ուսխորհուրդ կոչվածների ղեկավարները, որպես կանոն, իշխող կուսակցության անդամ էին։ Նույնիսկ Երիտասարդական հիմնադրամ անունով կառույց էին հիմնել, որին անգամ պետբյուջետային միջոցներ էին հատկացնում։

Այլ կերպ ասած՝ հարազատ իշխանություններն ամեն ինչ անում էին սեփական իշխանության հավերժականացման համար։ Հասկանալի է, որ բազեների ճամբարները, ուսխորհուրդների ծաղկաձորյան հավաքներն ու նման մյուս գործընթացներն ահագին ֆինանսական միջոցներ էին պահանջում։ Իհարկե, չի կարելի ասել, որ իշխանություններն ավելի խոհեմ կլինեին, եթե այդ միջոցներն ուղղորդեին սոցիալական խնդիրների լուծմանը։ Բայց այդ բազեներից ու ուսխորհուրդներից այսօր հետք անգամ չի մնացել։

Հետք չի մնացել անգամ Հանրապետական կուսակցության քաղաքական (կամ՝ քաղաքագիտական) դպրոցից։ Մինչդեռ այդ դպրոցը, հարկավ, ընդունելության շատ ավելի բարձր «կոնկուրս» ուներ, քան, ասենք, «Լուսավոր Հայաստան» կուսակցության Լիբերալ քաղաքականության դպրոցը։ Պարզ բան է՝ հանրապետականներն ավելի հեղինակավոր էին ու ավելի մեծ միջոցներ և ռեսուրսներ ունեին քաղաքագիտական դպրոց կազմակերպելու համար։ Բայց կրկնեմ հարցը՝ դժվար է այսօր ասել, թե ուր են այդ դպրոցի շրջանավարտները։

Փոխարենը՝ կարող եմ ասել, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության դպրոցի շրջանավարտների մեծ մասը փողոցում է ու հրապարակում։ (Ահա, թե ինչպես մեկ փոքր ու պարզ դեպք-օրինակի վրա կարելի է տեսնել, թե ինչպես հսկայական միջոցների տեր կառույցն արդյունավետության տեսանկյունից պարտվում է փոքրիկ, հավանաբար՝ մի քանի տասնյակ անդամ ունեցող կառույցին)։

Մեր երկրում ընթացող քաղաքական գործընթացների վերլուծություններում հաճախ կարելի է պնդումներ գտնել արտաքին ազդեցությունների մասին։ Ոչ ոք չի ուզում պարզ տեսնել, որ կատարվածը տարիներ շարունակ մեր հասարակական կյանքում տարված քրտնաջան աշխատանքի հետևանք է։ ՀՀ վարչապետի ընտրությանը նախորդող քննարկումների ընթացքում ԱԺ փոխնախագահ (արդարադատության նախկին նախարար) Արփինե Հովհաննիսյանը զարմացած արձանագրում էր, որ երկրում հինգ հազարից ավելի հասարակական կազմակերպություն կա գրանցված, և դրանց կեսն իր գործունեության հիմնական ուղղություն համարում է մարդու իրավունքների պաշտպանությունը։

Քանակը նշելիս՝ տիկին Հարությունյանի խոսքում հեգնանք կար։ Առանց որևէ մեկին վիրավորելու նպատակի՝ ուզում եմ հարգարժան փոխնախագահին հարցնել՝ իսկապե՞ս չի նկատում, որ մեր երիտասարդների սեփական իրավունքներին տեր կանգնելու և քաղաքացիական ազատության ձգտումն այդ նույն հասարակական կազմակերպությունների աշխատանքի արդյունքն է։

Այսօր խոսել ՏՏ տեխնոլոգիաների զարգացման մասին ու ենթադրել, որ երիտասարդությունը դաստիարակվելու է քարոզչամեքենայի լոզունգներով, խոհեմ չէ։ Նույնքան խոհեմ չէ պնդելը, որ դա ամերիկյան, ֆրանսիական համալսարանների, կամ թումո-ների գործունեության արդյունք է։ Պարզապես մեր երիտասարդներն աշխարհի հետ շփվելու իրենց հնարավորությունը բաց չեն թողել։ Ապրիլյան քառօրյայի օրերին ապացուցեցին, որ հայրենասեր են։ Հիմա էլ ապացուցում են, որ քաղաքացի են։ Դրանից ավելին երազել չէր էլ կարելի։

Հ.Գ․ Խորհրդարանական քննարկումների ժամանակ պատգամավորներից շատերը հայտարարեցին, որ իրենք դասախոսներ են։ Ինձ համար դա անակնկալ էր։ Նման դասախոսներ ունենալու պարագային ես էլ բողոքի ցույցի կգնայի։ Առանց քաղաքացիական որևէ լրացուցիչ պահանջի։

Տեսանյութեր

Լրահոս