«Ադրբեջանը զգուշությամբ է վերաբերվում Ղարաբաղի շուրջ արմատական գործողություններին». Մարկեդոնով

«Ի տարբերություն Դոնբասի` Ղարաբաղը չի դիտարկվում՝ որպես պրոքսի պատերազմ` Արևմուտքի և Ռուսաստանի միջև»,- այս մասին այսօր Մոսկվա-Երևան տեսակամուրջի ժամանակ ասաց Քաղաքական և ռազմական վերլուծության ինստիտուտի Միջազգային խնդիրների բաժնի վարիչ Սերգեյ Մարկեդոնովը՝ անդրադառնալով Հայաստանում տիրող իրավիճակի հնարավոր ազդեցությանը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վրա:

Մարկեդոնովը նշեց, որ վերջերս հաճախ ադրբեջանական բլոգ-ոլորտից տեսակետներ է լսել, որ ՀՀ նոր իշխանություններն ինչ-ինչ կոմպրոմիսների են պատրաստ լինելու ԼՂ հարցում: Սակայ ռուս վերլուծաբանը չի կարծում, որ հայաստանյան ընդդիմության և նոր իշխանության դիրքորոշումները Ղարաբաղի հարցով միմյանցից էապես տարբերվելու են, քանի որ հայաստանյան հասարակության և քաղաքական դաշտում որոշակի կոնսենսուս կա այս հարցով:

«Եվ ես չեմ կարծում, որ նոր իշխանությունը, եթե սկսի, սկսելու է Ղարաբաղում զիջումներից: Ակնհայտորեն դրանից չի սկսելու, քանի որ հեղափոխական կարգախոսների շարքում կար քննադատություն՝ ուղղված Սարգսյանին, ապրիլյան քառօրյա պատերազմի անհաջողություններին, որը վերաբերում էր ոչ մեծ տարածքների կորստին: Ուստի փոփոխություններ ես չեմ սպասում»,- ասաց նա:

Մարկեդոնովն ասաց, որ Ադրբեջանը զգուշությամբ է վերաբերվում Ղարաբաղի շուրջ արմատական գործողություններին, քանի որ նա իրեն չի կարող թույլ տալ կտրուկ լարվածություն մի շարք պատճառներով:

«Ի տարբերություն Դոնբասի` Ղարաբաղը չի դիտարկվում՝ որպես պրոքսի պատերազմ` Արևմուտքի և Ռուսաստանի միջև, այստեղ, ընդհակառակը՝ Արևմուտքի և Ռուսաստանի միջև կան ընդհանուր կետեր, սա հետսովետական տարածքի առանձնահատուկ կետն է, որտեղ նման ընդհանուր մոտեցումներ կան: Եթե արհամարհում ես Ռուսաստանին, ապա՝ Արևմուտքին ևս, դա հաճելի իրավիճակ չէ, որը Բաքուն հասկանում է»,- ասաց ռուս վերլուծաբանը:

Նրա խոսքով, եթե Հայաստանում ապակայունացումն անցներ ավելի մեծ զարգացումներով` ավելի կտրուկ գործողություններ, բախումներ, ինչպես տասը տարի առաջ, ապա կտեսնեինք որոշակի գործողություններ շփման գծում:

«Հիշեցնեմ, 2008 թվականի մարտի մեկից մեկ շաբաթ անց Ղարաբաղյան գոտում իրավիճակի կտրուկ սրում տեղի ունեցավ, դա ամենաաննախադեպ հրադադարի խախտումն էր այդ ժամանակ: Ներկայումս, փառք Աստծո, ոչինչ տեղի չունեցավ, և հույս ունեմ՝ տեղի չի ունենա, և Բաքվի արձագանքը զգուշավոր է: Հիշեցնեմ, որ նաև Ադրբեջանում նախատեսվում են հանդիսավոր արարողություններ՝ հանրապետության 100-ամյակին նվիրված, բարձրաստիճան հյուրեր են ընդունելու Եվրոպայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, և այդ միջոցառումների ընթացքում ցանկալի չէր լինի ընկնել բացասական տեղեկատվական ֆոնի տակ:

Իրավիճակը դեռ բավականին մեծ անհանգստություններ է պատճառելու, քանի որ մենք չենք տեսնում ներկայումս լուրջ կոմպրոմիսային ֆիգուր, որը հակված կլիներ ինչ-որ գործարքի, դեռ չկա նման բան, մաքսիմալիստական դիքորոշումներ են: Կան ընդհանուր դիրքորոշումներ Ռուսաստանի և Արևմուտքի միջև, բայց կան նաև ավելի լուրջ հարցեր այդ հարաբերություններում` Դոնբասը իրավիճակը պարզ չէ, Սիրիա, և այլն»,- ասաց Մարկեդոնովը:

Տեսանյութեր

Լրահոս