Աշխարհում 3,4 միլիարդ մարդ ապրում է անազատ մամուլով երկրներում
Միավորված ազգերի կազմակերպությունն ուղիղ 25 տարի առաջ մայիսի 3-ը հռչակեց Մամուլի ազատության համաշխարհային օր:
Այս օրն աշխարհի տարբեր երկրներում կազմակերպվում են քննարկումներ` ուղղված ազատ մամուլի պաշտպանությանը, աշխարհում մամուլի ազատության գնահատմանը, ինչպես նաև մասնագիտական պարտականությունների կատարման ընթացքում զոհված լրագրողների հիշատակին:
Աշխարհի երկրներում մամուլի ազատության իրավիճակն ուսումնասիրող «Freedom House» միջազգային կազմակերպության «Ազատ մամուլ-2017» զեկույցի համաձայն` աշխարհի 199 երկրից 31 տոկոսում մամուլն ազատ է, 36 տոկոսում`մասամբ ազատ, 33 տոկոսում` ոչ ազատ։ Ըստ այդ զեկույցի՝ աշխարհի բնակչության 3.4 միլիարդն ապրում է անազատ մամուլ ունեցող երկրներում: Այդպիսի երկրների շարքում են Ադրբեջանը, Կուբան, Հյուսիսային Կորեան, Թուրքմենստանը, Ուզբեկստանը և այլն:
Մամուլի ազատության առումով առաջատար երկրներն են Նորվեգիան, Հոլանդիան, Շվեդիան, Բելգիան, Դանիան, Իսլանդիան, Լիխտենշտեյնը, Լյուքսեմբուրգը, Անդորան և Ֆինլանդիան: Մասնագետներն արձանագրում են, որ աշխարհում մամուլը ազատ գործելու առումով ամենալուրջ նահանջն է գրանցել վերջին 13 տարում: 2016 թվականին տեղի են ունեցել աղաղակող հարձակումներ լրագրողների և լրատվամիջոցների վրա ոչ միայն ավտորիտար, այլև դեմոկրատական երկրներում: