
Իրանը նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ից անմիջապես հետո դուրս կգա միջուկային գործարքից

Մեծ Բրիտանիայում Իրանի դեսպան Համիդ Բաիդինեժադը հայտարարել է, որ Թեհրանը կդադարեցնի իր մասնակցությունը իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին, եթե Միացյալ Նահանգները դուրս գա համաձայնագրից:
«Եթե ԱՄՆ-ը դուրս գա համաձայնագրից, դա կնշանակի, որ ոչ մի համաձայնագիր չի մնացել»,- ասել է դիվանագետը CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում: Նա պարզաբանել է, թե դա կապված է այն բանի հետ, որ Վաշինգտոնի կողմից դա «համաձայնագրի կարեւոր մասի լուծարում է եւ խախտում»:
Դեսպանի խոսքով՝ Թեհրանը պատասխանի մի քանի տարբերակ է դիտարկում համաձայնագրից ԱՄՆ-ի հնարավոր դուրս գալուն: «Դա կարող է լինել ուրանի հարստացումը, ՄԱԳԱՏԷ-ի հետ մեր համագործակցության վերաիմաստավորումը, դրանք կարող են լինել նաեւ այլ գործողություններ, որոնք ներկայում գտնվում են քննարկման փուլում»,- հավելել է նա: ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմը խստիվ քննադատում է այդ համաձայնագիրը եւ սպառնում է դուրս գալ դրանից՝ փաստաթուղթը համարելով «վատագույն գործարքը» ԱՄՆ-ի համար:
Համաձայնագրի վերանայման դեմ վճռականորեն հանդես են գալիս Ռուսաստանը եւ Չինաստանը: Իրանը պնդում է, որ ձեռք բերված պայմանավորվածությունները վերանայման ենթակա չեն: ՄԱԳԱՏԷ-ն, որն ստուգում է Թեհրանի կողմից ԳՀՀԾ-ի պայմանների կատարումը, հաստատում է, որ Իրանի կողմից խախտումներ չեն հայտնաբերվել, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: