«Ձեր ասած մեջբերումն արդեն 5 տարի իմ լուսանկարով շրջանառության մեջ է դրված սոցիալական ցանցերում». Նիկոլ Փաշինյանը՝ Արման Սաղաթելյանին

Այսօր ԱԺ հատուկ նիստում ՀՀԿ-ական պատգամավոր Արման Սաղաթելյանը մեջբերեց ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի նախկին հայտարարություններից մի ցիտատ.

«Ինձ զարմացնում է, որ մեր երկրում դեռ կան մարդիկ, ովքեր իլյուզիաներ ունեն գրավյալ, եթե կուզեք՝ ազատագրված, եթե կուզեք՝ օկուպացված տարածքների վերաբերյալ։ Ես չեմ ընդունում այն տեսակետը, թե լավ դիվանագիտությունը կարող է այնպես անել, որ այդ տարածքները չվերադարձնենք Ադրբեջանին։ Մերը թողած, ուզում ենք տերը լինել ուրիշին»։

Ա.Սաղաթելյանը հետաքրքրվեց՝ արդյո՞ք Փաշինյանն այս պահին քաղաքական իրողություններով պայմանավորված՝ նույն կարծիքին է։

«Ձեր ասած մեջբերումն արդեն 5 տարի իմ լուսանկարով շրջանառության մեջ է դրված սոցիալական ցանցերում։ Եվ նշված է, որ ես դա գրել եմ «Հայկական Ժամանակի», օրը  նշված է, հոդվածում։ Այս ընթացքում ես 15 անգամ այդ օրը «Հայկական Ժամանակում» տպված իմ հոդվածի լուսապատճենը հրապարակել եմ, որտեղ ձեր ասած որևէ նախադասություն գոյություն չունի։ Եվ ես ցավում եմ, որ դուք, սա իմանալով, սոցիալական ցանցերում ակտիվ լինելով, իմ 15-20 անգամվա հերքումները չեք նկատել և հիմա եկել եք, ԱԺ նիստում զբաղված եք դեզինֆորմացիայի տարածմամբ»,- պատասխանեց Ն.Փաշինյանը։

Նա եզրակացրեց, որ այդ դեպքում Ա.Սաղաթելյանն ու ՀՀԿ-ի թիմը կարող է կապ ունենալ այդ դեզինֆորմացիայի հետ։ Ն.Փաշինյանը նշեց, որ, եթե որևէ մեկը փորձի իրենց գործունեությունը ներկայացնել ՀՀ-ի պետական շահին հակասող, նրան շատ լուրջ հիասթափություն է սպասվում։ Ն.Փաշինյանը կոչ արեց դադարեցնել դեզինֆորմացիայի տարածումը։

Վարչապետի թեկնածուն նաև նշեց, որ իր տեղեկություններով՝ ՀՀԿ-ի որոշ շրջանակներ իրեն վերագրում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ կապված սուտ հայտարարություններ, և հատուկ ալգորիթմերով դրանք տարածում են ԼՂ բնակիչ օգտատերերի շրջանում. «Սա արվում է ներազգային զարթոնքը կասեցնելու և թշնամանք հարուցելու համար»։

Ն.Փաշինյանը նշեց, որ 2016 թ.-ին ինքը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ջոկատ է հավաքել ու մեկնել առաջնագիծ՝ հերթապահություն իրականցնելու, քնել է վրաններում, փորել խրամատներ և ավտոմատով պաշտպանել իր հայրենիքի՝ ԼՂ-ի ու ՀՀ-ի անվտանգությունը. «Եթե որևէ մեկը կփորձի իմ գործունեությունն այլ լույսի ներքո ներկայացնել, ինքը կներկայանա բոլորովին այլ լույսի ներքո»։

Ա.Սաղաթելյանը նկատեց,  որ դեռ ժամանակ կունենան այս օրերին մանիպուլյատիվ դեզինֆորմացիայի տարածմանն անդրադառնալու համար։ Նա հետաքրքրվեց, թե Փաշինյանն ի՞նչ է հասկանում՝ «փոխզիջում» ասելով։

Վարչապետի թեկնածուի խոսքով՝ «Ելքի» ծրագրում շատ հստակ գրված է, որ փոխզիջման մասին խոսելն այն պայմաններում, երբ Ադրբեջանը սպառնում է վերացնել հայկական պետականությունը, մի փոքր տարօրինակ է, և այս պայմաններում կարելի է խոսել միայն սեփական երկրի պաշտպանունակության բարձրացման մասին, իսկ փոխզիջման մասին կարելի է խոսել, եթե Ադրբեջանը շատ հստակ ուղերձ հղի, որ պատրաստ է ճանաչել ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը. «Ուրիշ որևէ տարբերակ չկա»։

 

Տեսանյութեր

Լրահոս