Բաժիններ՝

Blue Origin-ին հաջողվեց սահուն կերպով վայր իջեցնել ենթաուղեծրային տիեզերանավի հրթիռն ու պատիճախցիկը

Միացյալ Նահանգների Blue Origin ընկերությունն ապրիլի 29-ին կատարել է իր New Shepard ենթաուղեծրային տիզերանավի փորձարկում: Տեխասի նահանգում արձակման հրապարակից հեռարձակումը վարել է Blue Origin-ը:

New Shepard տիեզերանավը Տեխասի պոլիգոնից բարձրացել է ավելի քան 100 կիլոմետր հաշվարկային բարձրություն: Տանող հրթիռից անջատված՝ անձնակազմի համար պատիճախցիկը գետին է իջել պարաշյուտներով՝ վայրէջք կատարելով թռիչքից 10 րոպե 13 վայրկյան անց, իսկ հրթիռը փոքր-ինչ ավելի շուտ կատարել է շարժիչներով կառավարվող ուղղաձիգ վայրէջք:

Տիեզերանավում եղել էփորձարարական սարքավորանք, այդ թվում՝ NASA-ի մշակած SFEM-2 մոնիթորը, որը նախատեսված է թռիչքի ժաամանակ պատիճախցիկի ներսում ածխաթթվական գազի պարունակության չափման, ճնշման, արագության եւ ակուստիկայի փոփոխման համար: Blue Origin-ը նաեւ փորձարկել է ցուցադրական տեխնոլոգիան, որը Համացանց մուտք է տրամադրում տիեզերական տարածությունում գտնվող օգտատերերի համար: (Երկրորդ սերնդի) «2.0 անձնակազմի պատիճախցիկի» ներսում ճանապարհորդել է նաեւ փորձարարական մանեկենը՝ հանդերձված սարքերով: Մշակողները մանեկենին տվել են Սքայուոքեր անունն՝ ի պատիվ Լյուք Սքայուոքերի՝ «Աստղային պատերազմներ» կինոզրուցավեպի հերոսներից մեկի:

Blue Origin-ը New Shepard-ը մշակել է ենթաուղեծրային տիեզերական թռիչքների համար: Ընկերությունը 2015 թվականի նոյեմբերից մինչեւ 2016 թվականի հոկտեմբերը կատարել է առաջին սերնդի տանող հրթիռով այս տիեզերանավի հինգ փորձարկում:

Տիեզերանավը՝ երեք մարդուց բաղկացած անձնակազմով, ինչպես սպսվում է, կարող է վերցնել մի քանի ուղեւորների կամ օգտակար բեռ: Սա New Shepard-ի՝ թվով ութերորդ փորձարկումն է, նախորդը կայացել է 2017 թվականի դեկտեմբերին: Blue Origin-ն այն մասնավոր ֆիրմաներից մեկն է, որոնք մտադիր են կանոնավոր տուրիստական թռիչքներ կատարել տիեզերք, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս