 
                        Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Խաչի երևման տոնը
 
                                    Հայ Առաքելական եկեղեցին ապրիլի 29-ին նշում է Սուրբ Խաչի երևման տոնը: Ինչպես գրում է qahana.am-ը, տոնը Երուսաղեմում Սուրբ Խաչի նշանի երևման հիշատակն է:
351 թվականին` ցերեկվա ժամին, Գողգոթայից մինչև Ձիթենյայց լեռը երկնքում երևում է լուսե խաչ: Զարմանահրաշ այդ դեպքի մասին Երուսաղեմի Կյուրեղ եպիսկոպոսը նամակ է գրում Կոստանդնուպոլսի Կոստանդ կայսերը՝ զարմանալի այդ երևույթը համարելով ուղղափառ դավանության ճշմարտության ապացույց: Այդ պատճառով էլ Կյուրեղ Երուսաղեմացին հորդորում է Կոստանդ կայսերը հրաժարվել արիոսականներին պաշտպանելուց:
Երուսաղեմի Կյուրեղ եպիսկոպոսի այդ նամակը թարգմանվել է հայերեն և ամեն տարի ընթերցվում է Սուրբ Խաչի երևման տոնին:
Հայ Առաքելական Եկեղեցին Սուրբ Խաչի երևման տոնը նշում է Զատկից 28 օր հետո: Սուրբ Հարության տոնի շարժականության պատճառով այս տոնը կարող է տատանվել ապրիլի 19-ից մայիսի 23-ը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        