Իմ «Հայր մեր»
«Հա՛յր մեր, որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն Քո, եկեսցէ արքայութիւն Քո, եղիցին կամք Քո որպէս յերկինս եւ յերկրի: Զհաց մեր հանապազորդ տո՛ւր մեզ այսօր… »: Իսկ տերունական աղոթքին հաջորդեց մեկ ուրիշ աղոթք: «Հայր իմ, որ յերկինս ես, մի՛ թող զգամ քո բացակայությունը…»: Այս երկու աղոթքը լսում եմ ամեն անգամ ընկերուհուս հետ եկեղեցի գնալիս:
«Հայրս մահացավ, երբ դպրոցը դեռ նոր էի ավարտել: Ճիշտն ասած` շատ դժվար է, երբ կորցնում ես ինչ-որ մեկին հայր ասելու հնարավորությունը: Հորս «պապա» չեմ ասել: Ինձ դուր էր գալիս «հայրիկ» բառը, այն ֆիլմային էր հնչում (ժպտալով): Հետո հորս գտա Տերունական աղոթքի մեջ: Երբ աղոթելիս «Հայր մեր» էի ասում, ինձ կրկին զավակ էի զգում: Դա նոր զգացողություն էր ինձ համար: Այժմ ես զավակ էի կրկնակի՝ Հայր Աստծո և իմ հոր»,-պատմում է Լուսինեն:Եկեղեցուց դուրս գալիս, երբ տեր հորից օրհնություն խնդրեցի, սկսեցի մտածել երրորդ հոր մասին: Չէ՞ որ եկեղեցու հայրերին ևս «հայր» բառով ենք դիմում:
Հայր Աստված
«Տո՛ւր ինձ, որդյա՛կ, քո սիրտը» (Առակներ 23. 26):
Հայր Աստված Սուրբ Երրորդության անձերից մեկն է: Աստված, մեզ համարելով իր որդիները, հաստատում է Իր հայր լինելը: Այն, ինչ մենք ամեն օր զգում ենք երկրային հոր կողմից, նմանությունն է երկնային Հորը:
Հիսուս շատ անգամներ է խոսում Հոր մասին՝ որպես աստվածային էություն (Հովհ. 1.18, 5.30, 10.30): Ավետարանում կան նաև բազմաթիվ վկայություններ Աստծո` մարդկանց հայր լինելու մասին. «Նա աշխարհի մեջ էր, և աշխարհը Նրանով եղավ, սակայն աշխարհը Նրան չճանաչեց…Իսկ ովքեր Նրան ընդունեցին, նրանց իշխանություն տվեց լինելու Աստծո որդիներ, նրանց, որոնք իր անվանը կհավատան: Նրանք ո´չ արյունից, ո´չ մարմնի կամքից, և ոչ էլ այր մարդու կամքից, այլ Աստծուց ծնվեցին» (Հովհ. 1.10-13): «Արդ, կատարյալ եղեք դուք, ինչպես որ ձեր երկնավոր Հայրն է կատարյալ» (Մատթ. 5.48), «Հայր մեր, որ երկնքում ես…» (Մատթ. 6. 9), «Եթե դուք մարդկանց ներեք իրենց հանցանքները, ձեր երկնավոր Հայրն էլ ձեզ կների» (Մատթ. 6. 14):
Մենք Նրան Հայր ենք անվանում, որովհետև ինչպես ընտանիքի հայրը, այնպես էլ Աստված խնամում, հոգ է տանում, ցավում իր զավակների համար: Աստված պաշտպանում է Իր զավակին, հայրը նույնն է անում երկրի վրա: Նա ուրախանում է մեր` իր զավակների բարի գործերով և ցավում չարի համար, ինչպես երկրային հայրը:
Եկեղեցու հայրեր
«Մեկ-մեկ խառնվում եմ, որ շատ մարդ ա լինում, չգիտեմ պապայիս ասեմ պապա, թե տեր հայր», – մի փոքր ամաչելով՝ ասաց ութամյա Մարկը:
Եթե «օրհնեցե´ք, տեր հայր» կամ «հայր սուրբ» բառերը չասենք մեխանիկորեն, ապա եկեղեցու սպասավորի և քրիստոնյայի միջև իրականում կտեսնենք հայր և որդի հարաբերությունը:
Հայրեր, որոնց մենք միշտ տեսնում ենք սևազգեստ ու գրեթե միշտ եկեղեցում: Եթե մեր ընտանիքի հայրը տան պաշտպանն է, ապա նրանք` եկեղեցու:
Ընտանիքի հայր
Աստված Ինքը ծնողի համար գործածեց «հայր» բառը տասը պատվիրանների մեջ` ասելով. «Պատվի՛ր քո հորն ու մորը» (Ելք 20.12, Բ Օրենք 5.16)։
Հորս միշտ պապա եմ ասել: Ուղղակի «հայրիկ» բառն ինձ համար սառն է հնչում, իսկ իմ և հորս միջև սառնություն չկա: Չնայած ժամանակ առ ժամանակ հորս դիմում եմ` հայր իմ: Բայց դա այն դեպքում, երբ ինչ-որ բան եմ խնդրում: Երբ ասում եմ՝ պապա, զգում եմ, որ նա միայն իմն է, իսկ երբ դիմում եմ «հայր» ձևով, միանգամից աչքիս առաջ գալիս է Հայր Աստված:
Յուրաքանչյուրս կյանքում ունենք «հայր իմ» և «Հայր մեր»:
Հասմիկ Թամամյան
qahana.am