Բաժիններ՝

Samsung-ը կրկին ռեկորդային օպերացիոն շահույթ է ստացել

Էլեկտրոնիկայի Samsung Electronics Co հարավկորեական արտադրողը 2018 թվականի առաջին եռամսյակում օպերացիոն շահույթն ավելացրել է մինչեւ ռեկորդային ցուցանիշ, ընդ որում՝ ընկերությունը ռեկորդը նորացնում է չորրորդ եռամսյակն անընդմեջ։ Ինչպես հաղորդվում է ընկերության մամուլի տեղեկագրում, նրա օպերացիոն շահույթն աճել է 58 տոկոսով՝ մինչեւ 15,64 տրլն վոն՝ մեկ տարի առաջվա 9,9 տրլն վոնի համեմատությամբ:

Հունվար-մարտ ամիսներին զուտ շահույթն ավելացել է մեկուկես անգամ եւ կազմել 11,69 տրլն վոն (10,8 մլրդ դոլար)՝ 2017 թվականի համապատասխան ժամանակաշրջանի 7,68 տրլն վոնի համեմատությամբ: Անցած եռամսյակում ընկերության հասույթն ավելացել է մինչեւ 60,56 տրլն վոն՝ նախորդ տարվա առաջին եռամսյակի 50,55 տրլն վոնի համեմատությամբ:

Փորձագետները, որոնց հարցում է արել S&P Global Market Intelligence-ն, Samsung-ի շահույթն առաջին եռամսյակում կանխատեսել են էին միջին հաշվով 11 տրլն վոնի մակարդակին, հասույթը՝ 60,2 տրլն վոն:

Չնայած ուժեղ ցուցանիշներին, ներդրողներն անհանգստանում են ապագայում աճի բարձր տեմպերի պահպանման առնչությամբ, քանի որ աշխարհում սմարթֆոնների պահանջարկը նվազում է, իսկ միկրոչիպերի գներն, ամենայն հավանականությամբ, չեն կարողանա նույնքան կտրուկ բարձրանալ, որքան վերջին տարվա ընթացքում:

Նշվում է, որ Samsung-ի օպերացիոն շահույթի շուրջ 70 տոկոսը բաժին է ընկել միկրոչիպերի թողարկման ստորաբաժանմանը, ընդ որում ստորաբաժանման բաժինը կազմում է հասույթի մոտավորապես երրորդ մասը, ինչը խոսում է այդ բիզնեսի շատ բարձր շահութաբերության մասին: Սեուլում կայացած սակարկություններում ընկերության բաժնետոմսերն ապրիլի 26-ին թանկացել են 2,6 տոկոսով: Ընկերության կապիտալիզացիան վերջին 12 ամսվա ընթացքում աճել է 18 տոկոսով եւ կազմում է 361,2 տրլն վոն (335 մլրդ դոլար), հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս